Ըստ երևույթին՝ սրանք վարչապետ Փաշինյանի խուլիգաններն էին, որովհետև մեզ հակահեղափոխական էին անվանում․ Նարեկ Մալյանը՝ Մարալիկի միջադեպի մասին

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում 15-20 հոգանոց խումբը կազմակերպված հարձակում է գործել «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի վրա։  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հաղորդման վարողներից Նարեկ Մալյանը։

loading...

Նա պատմեց, որ իրենց վրա հարձակում է եղել այն ժամանակ, երբ իրենք Մարալիկի բնակիչներից հարցազրույց էին վերցնում։ «Մեզ մոտեցավ մի երիտասարդ, որին հետո 2-րդ անձը մոտեցավ, որը, հետագայում պարզվեց, Սաղաթելյան Մուշեղի եղբոր տղան էր, ու սկսեցին մեզ սպառնալ՝ ասելով, որ իրենք հավաքվում են ու մեզ հետ հաշվեհարդար են տեսնելու։

Նրանք պահանջեցին, որ մենք կյանքի սպառնալիքի տակ լքենք Մարալիկը, ինչին մենք չենթարկվեցինք։ Րոպեների ընթացքում նրանք շատացան՝ դառնալով 10-5 հոգի, ըստ էության, սա կազմակերպված էր, քանի որ մենք  նախապես ուղերձ էինք հղել, թե ուր ենք գնում»,- պատմեց նա։

Մալյանի խոսքով՝ իրենց սպառնալով հայտարարել են, թե իրենց խումբը մոտ 800 հոգի է, ու մեզ տանելու են նրանց մոտ։ Նա այս ամենում քաղաքական հիմք է տեսնում․ «Ըստ երևույթին՝ սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խուլիգաններն էին, որովհետև մեզ հակահեղափոխական էին անվանում։ Ասես՝ այն խումբն էր, որը այստեղ պահանջում է Մարալիկի քաղաքապետի հրաժարականը»,- շարունակեց Մալյանը։

Վերջինս դեպքի վայր ժամանած Ոստիկանության աշխատանքի հետ կապված դժգոհություն չունի։ Նա ենթադրում է, որ Ոստիկանությունն օպերատիվ տվյալ է ունեցել, որի արդյունքում էլ միջամտել է ու իրենց հեռացրել այդ մարդկանց մեջից։

«Մենք հենց հիմա գտնվում ենք Մարալիկի ոստիկանության բաժանմունքում։ Հենց  հիմա հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնում։ Մեզ պատճառվել է նաև գույքային վնաս. հարձակման ժամանակ վնասել են մեր տեխնիկան, ջարդել  օպերատորի շտատիվը, ինչպես հասկացանք՝ վնասողները եղել են Հարություն Ուռուցյանը և Մուշեղ Սաղաթելյանի եղբոր տղան»,- շեշտեց Նարեկ Մալյանը։

Մալյանի հետ համաձայնեց նրա գործընկեր Արթուր Դանիելյանը, ով նույնպես հարձակման է ենթարկվել։ Նրա համար այս գործողությունների հիմքն ակնհայտ է։

«Ինձ համար ամեն ակնհայտ է, վստահ եմ՝ կանխմտածված հարձակում է տեղի ունեցել, քանի որ փորձել են խոչընդոտել մեր գործունեությունը։ Կյանքի սպառնալիքներով հարձակում է եղել, հարվածել են, հայհոյել»,- հավելեց նա։

Դանիելյանը նշեց, որ ոստիկանությունում իրավական գործընթացն ավարտելուց հետո նրանք կայցելեն հրապարակ՝ հասկանալու, թե այդ մարդիկ իրենցից ինչ են ցանկանում, քանի որ, պնդում է, որ նրանց չեն ճանաչել;

«Մի հատ զրուցենք, հասկանանք՝ ով են, ով է նրանց նման բան թույլ տվել, ով է նրանց տենց «դաբռո» տվել, որ իրենց տենց պահեն այս նոր Հայաստանում»,- եզրափակեց Արթուր Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում՝ Մարալիկում, 15-20 հոգանոց խումբը կազմակերպված հարձակում է գործել «ԱդեկվաԴ-ի» նկարահանող խմբի վրա, արդյունքում ծեծկռտուք է եղել:

ՀՀ ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ Մարալիկում միջադեպ է եղել: «Նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից փոխանցեցին, որ ավելի ուշ կներկայացնեն իրենց տեսակետն այդ իրադարձության վերաբերյալ:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...