Ռոբերտ Քոչարյանին շրջապատում են

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեսանյութ քրեական գործի մասին, որն առնչվում է Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին, նրա ընտանիքին պատկանող երեք թանկարժեք և շքեղ հյուրանոցներին, որ կառուցվել են Հայաստանում, և տողատակում, իհարկե, տեսանյութի կամ հաղորդագրության «հերոսը» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

loading...

Մինչ այդ տեսանյութի հրապարակումը տեղի ունեցան այլ ուշագրավ զարգացումներ: Մասնավորապես, ձերբակալվեց Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանը, նա կալանավորված է երկու ամսով:

Հետո իրավապահները տեղեկություն տարածեցին, որ Ալրաղացի Լյովիկը՝ Լևոն Սարգսյանն է պատվիրել Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը: Ահա այդ շղթային հաջորդում է արդեն Ավետիսյանի հարստության մասին տեսանյութը, այդ առիթով հարուցված քրեական գործը, թե ինչ փողերով է պետական նախկին պաշտոնյան իր պաշտոնավարման տարիներին և դրանից հետո կառուցել երեք շքեղ հյուրանոցներ:

Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ իր նախագահության տարիներին դրանք որակում էր օտարերկրյա ներդրում՝ այն դեպքում, երբ խոսքն օֆշորային գոտիների ընկերության մասին էր, և հարց է ծագում, թե արդյո՞ք ամենափոքր մանրուքին անգամ տիրապետող Ռոբերտ Քոչարյանը չէր տիրապետում տեղեկատվության այն մասին, որ ներդրումներն իրականում Հայաստանի պաշտոնյաների փողերն են:

Այդպիսով ակնառու է դառնում, որ ԱԱԾ-ն աստիճանաբար ծավալում է հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ պետի ազդարարած տնտեսական գործը, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությամբ հնարավոր տնտեսական հանցագործություններին:

Ընդ որում, այս դեպքում նկատելի է հետաքրքիր մի բան: Եթե սկզբնական շրջանում անմիջական թիրախում հենց Քոչարյանն էր, ապա գաղտնալսումից հետո կարծես թե իրավապահ համակարգը գնում է այլ ճանապարհով կամ պայմանական ասած՝ Ռոբերտ Քոչարյանին «շրջապատելու» կամ «շուրջկալելու» ճանապարհով, երբ անմիջական դիտարկման թիրախում նրա հետ այս կամ այն առնչություն ունեցող գործարարները, անձինք և անցուդարձերն են:

Ինչ էֆեկտ կտա իրավապահների համար այդ ճանապարհը՝ դեռ պարզ չէ, սակայն նկատելի է, որ այս անգամ կարծես թե իրավապահներն ավելի խորն են փորում: Հատկանշական է, որ այս ֆոնին օրերս տեղեկություն տարածվեց Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի միջոցով, որ նա հարցազրույց է տվել «Բլումբերգ մեդիա» ընկերությանը: Տարածվեց հարցազրույցի մասին կարճ տեսատեղեկատվություն, սակայն հարցազրույցն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել: Կհրապարակվի՞ այն, թե՞ նոր իրավիճակը կարող է առաջացնել հարցազրույցը «խմբագրելու» անհրաժեշտություն:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...