Աբսուրդային պատկեր. Ովքեր են Մխիթարյանին տեղափոխում «Միլան»

Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կարիերան շարունակի իտալական «Միլանում»: Այս մասին գրել էր calciomercato.it-ը՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը դարձել է օրակարգային միլանյան թիմի համար:

loading...

Նշվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանից» կհեռանա հարձակվող Գոնսալու Իգուաինը: Թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է իր թիմում տեսնել նոր հարձակվողի, ինչպես նաև կիսապաշտպանի: Գատուզոն դիտարկում է նաև բելգիացի կիսապաշտպան Կարասկոյի տարբերակը:

Նույն աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանը կարող է «Միլան» տեղափոխվել մեկ ամսվա ընթացքում: Ավելի վաղ նշվում էր, որ «Արսենալը» և մասնավորապես այս թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին։ Հենց այս ֆուտբոլիստի գալուստով էլ շատերը բացատրում են Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը իտալական ակումբ։

Նշվում է, որ Էմերին «Արսենալի» ղեկավարությանը հորդորում է Սուարեսի գործարքն ավարտին հասցնել այս ամիս: Իսկ ինչ է իրենից ներկայացնում Դենիս Սուարեսը, որը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ 2011 թվականին այս ֆուտբոլիստը իսպանական «Սելտայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Բացի «Մանչեսթեր Սիթիից», Սուարեսով հետաքրքրված էին «Բարսելոնան», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: 2012 թվականին Սուարեսը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը՝ երկրպագուների վարկածով։ 2013թ. օգոստոսի 22-ին «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիից» գնում է Դենիս Սուարեսի տրանսֆերը և նրա հետ կնքում 4 տարվա պայմանագիր: 2013-2014 մրցաշրջանում Դենիսը հիմնականում խաղացել է «Բարսելոնա Բ»-ում` Սեգունդայում: 2014թ. հուլիսին Դենիս Սուարեսը վարձավճարով տեղափոխվել է «Սևիլիա»: Նորամուտը նա նշել է Քարդիֆում կայացած ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակչում՝ «Սևիլիա»-«Ռեալ Մադրիդ» խաղում: Հենց «Սևիլիայում» է Սուարեսն աշխատել Էմերիի հետ։

Բրիտանական պարբերականները գրում են, որ Էմերին անվերապահորեն վստահում է Սուարեսին։ 2015թ. օգոստոսի 29-ին Դենիս Սուարեսը 4 տարվա պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, սակայն 11 ամիս անց «Բարսելոնան» ընդամենը 3,5 միլիոն եվրոյով գնել է նրա տրանսֆերը: Սուարեսը «Բարսելոնայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Առաջին մրցաշրջանում Դենիսը «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայում անցկացրել է ընդամենը 12 խաղ:

Վիճակագրական այս տվյալները հուշում են, որ 25-ամյա իսպանացի կիսապաշտպանը չի ցուցադրում կայուն ֆուտբոլ և վերջին 5-6 տարիներին չի կարողացել ամրապնդվել որևէ թիմի հիմնական կազմում։ Նշենք նաև, որ Սուարեսը ֆուտբոլասերների շրջանում այնքան էլ հայտնի չէ, և շատերն ուղղակի զարմացած են այն հանգամանքի վրա, որ այս ֆուտբոլիստը կարող է հիմնական կազմից դուրս թողնել Մխիթարյանին, առավել ևս նպաստել, որ հայ կիսապաշտպանն այլ ակումբ տեղափոխվի։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կազմում կայուն ֆուտբոլ է ցուցադրում և արդեն 20 հանդիպում է անցկացրել։ Այս պահին Սուարեսի տրանսֆերը գնահատվում է ընդամենը 12 միլիոն եվրո։ Սա բավական փոքր գումար է «Բարսելոնայի» կիսապաշտպանի համար։ Կարծում ենք՝ ակնհայտ է, որ իսպանական թիմը, հույսեր չկապելով այս ֆուտբոլիստի հետ, ուղղակի ուզում է ձերբազատվել նրանից։ Իսկապես աբսուրդային է թվում «Արսենալի»՝ Մխիթարյանի պես կիսապաշտպանին ոչ այնքան հայտնի ֆուտբոլիստով փոխարինելու մտադրությունը։ Թե իրականում ինչ է տեղի ունենում Մխիթարյանի և Սուարեսի հնարավոր տրանսֆերի շուրջ՝ դժվար է ասել։

Մխիթարյանի՝ «Արսենալից» հեռանալու հարցում գոյություն ունի մեկ այլ հանգամանք, որը, կարծում ենք, ավելի իրատեսական է։ Խոսքը մեր ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի մասին է։ Վերջինիս համար բնականաբար ձեռնտու կլինի, որ Մխիթարյանը տեղափոխվի «Միլան», քանզի կնքված գործարքից մի քանի միլիոն եվրո կարող է աշխատել։ Կարծում ենք՝ պարզ էր, որ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելուն նպաստեց նաև Ռայոլան, որը կայացած տրանսֆերից կլորիկ գումար աշխատեց։ Ու հիմա բավական նպաստավոր ժամանակ է Մխիթարյանի տրանսֆերի միջոցով կրկին միլիոններ վաստակելու համար։ Հայ ֆուտբոլիստը վնասվածք ունի, իսկ «Արսենալը» փնտրում է կիսապաշտպանների։

Բրիտանական մամուլը գրում է, որ վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանի համար դժվար կլինի հիմնական կազմ վերադառնալը։ Ու հիմա նաև՝ Սուարեսի գործոնը։ Չի կարելի բացառել, որ գործի դնելով մամուլը՝ նույն Ռայոլան կամ, ինչու չէ, այլ գործակալներ ուղղակի մանիպուլյացիա են անում՝ փորձելով հող նախապատրաստել Մխիթարյանի՝ «Միլան» տեղափոխվելու համար։

Նշենք, որ թե՛ «Միլանը», թե՛ «Արսենալը», թե՛ Մխիթարյանն ու նրա գործակալը շրջանառվող տեղեկությունները դեռևս չեն մեկնաբանել։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...