Սերժ Սարգսյանին բռնել են եւ ու բաց չեն թողնում


«Ես կարծում եմ, որ ղեկավար կազմում կլինեն փոփոխություններ, բայց եթե կոնկրետ ղեկավարի մասին է խոսքը, իմ համոզմամբ ու իմ կարծիքով, մեր ղեկավար Սերժ Սարգսյանը և ասելիք, և անելիք ունի քաղաքականության մեջ։ Բոլոր նրանք, որոնք Սերժ Սարգսյանին համարում են անցյալի գործիչ, չարաչար սխալվում են», Lragir.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով կուսակցությունում հնարավոր փոփոխությունների մասին հարցին:

loading...

Առաջիկայում սպասվում է կուսակցության համագումար, որի ընթացքում կլինի ղեկավարության փոփոխություն: Մամուլի, փորձագիտական դիտարկումների, խոսակցությունների մակարդակում Սերժ Սարգսյանի փոխարինող էր մատնանշվում Վիգեն Սարգսյանը, որը խորհրդարանի արտահերթ ընտրությանը գլխավորում էր կուսակցության համամասնական ցուցակը եւ ամենից շատ ձայնն էր հավաքել ռեյտինգային ընտրակարգով:

Ավելին, իհարկե խոսակցությունների մակարդակում, բայց որոշակի տեղեկություններ էին շրջանառվում, որ կուսակցության տարբեր շրջանակներ անգամ աշխատել են հատուկ Վիգեն Սարգսյանի համար՝ նույնիսկ սեփական ձայների հաշվին, որպեսզի նա ունենա մասնակից ՀՀԿ-ականներից վարկանիշային ամենաբարձր տոկոսը:

Բայց, պարզվում է նաեւ, որ ոչ բոլորն են ՀՀԿ-ում ոգեւորված այն հեռանկարից, որ Սերժ Սարգսյանին կարող է փոխարինել Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ խոսնակը անշուշտ չի խոսում նրա մասին, սակայն կասկածից վեր է, որ նրան էլ հասու են տեւական ժամանակ առկա տրամադրությունները, որ Վիգեն Սարգսյանը կփոխարինի Սերժ Սարգսյանին:

Եվ փաստացի, կամա, թե ակամա, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մերժում է Վիգեն Սարգսյանին, հայտարարելով, թե չարաչար սխալվում են Սերժ Սարգսյանին դուրս գրողները ու կոնկրետ ղեկավարի հարցում իր համար քննարկելի չէ, որ պետք է մնա Սերժ Սարգսյանը:

Հազիվ թե ՀՀԿ խոսնակը լինի այդ հարցում մենակ: Այլ հարց է, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանն ինքը եւ ՀՀԿ խոսնակի շուրթերով բարբառում է կուսակցության ներկայիս նախագա՞հը, թե այդուհանդերձ կուսակցության ընդամենը մի որոշակի թեւ: Եվ որքա՞ն է այդ թեւը: Օրինակ, արդյո՞ք Էդուարդ Շարմազանովի կարծիքին են Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, որոնք ամենաաշխույժներից են ներկայումս:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանին շարունակում են բռնել ու բաց չթողնել, այդպիսով ստիպելով նրան փոխհատուցել իշխանությունը հանձնելու եւ իրենց դուրս թողնելու համար, թե՞ պարզապես ավելի ու ավելի արտահայտիչ են դառնում կուսակցության ներքին տարաձայնություններն ու շահերի բախումը, բաժանարար գծերը, որոնք նախկինում սվաղված էին մեկ իշխանությամբ, իսկ երբ այն չկա, այլեւս վերանում է մեկ կուսակցության իմաստը:

Այդ ամենն ինքնին ներկուսակցական խնդիր է մի ուժի շրջանակում, որն արդեն մի քանի ամիս իշխանություն չէ, իսկ մի քանի շաբաթ է՝ ինչ ընդամենը մոտ 5 տոկոսանոց ուժ: Սակայն տեղի ունեցողը հետաքրքիր է ընդհանուր ներքին համայնապատկերում, որտեղ դեռ երկար է շարունակվելու նախկին համակարգի տարբեր դերակատարների միջեւ հարաբերությունների պարզման գործընթացը: Համենայն դեպս այնքան երկար, որքան կշարունակվեն նախկին համակարգի ներկայացուցիչների դեմ իրավական գործընթացները, իսկ օրակարգում էլ կմնա պետությունից ու հանրությունից նախորդ համակարգի յուրացրածի վերադարձի հարցը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...