>

1in.am-ը գրում է՝

Սկզբունքորեն կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանն աջակցելը կարևոր է, որովհետև հեղափոխության հաղթանակը կամ պարտությունը լինելու է բոլորինս՝ երկրինը, հասարակությանը, և դափնիները կամ քննադատությունը բաժին չեն հասնելու առանձին վերցրած քաղաքական ուժի։ Մյուս կողմից՝ կան երևույթներ, որոնց մասին քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները պարտավոր են բարձրաձայնել՝ առնվազն այն մտահոգությամբ, որ դրանք կարող են մաշեցնել վարչապետի ու կառավարության նկատմամբ առկա վստահության մեծ պաշարը։

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օտարերկրյա այցերն ակնհայտորեն անաղմուկ չեն անցնում։ Նոր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ անց նա, այսպես կոչված, առաջին բորտով՝ վարչապետական ինքնաթիռով մեկնել էր ԵՏՄ անդամ երկրների վարչապետական հավաքին։ Շատ բնական է, որ հասարակական տարբեր խմբեր՝ անկախ մոտիվներից, խոշորացույցով հետևում են նոր կառավարության, նրա առանցքային անդամների գործունեությանը, և ահա հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց Միրզոյանի այցի ոչ թե բովանդակային կողմը, այլ այն, որ նա, ըստ էության, չարդարացված պետական ծախսեր է արել՝ միջոցառման մեկնելով վարչապետական ինքնաթիռով, ինչը փաստորեն մոտիվացված չէր, որովհետև ԵՏՄ վարչապետական հավաքն արարողակարգային միջոցառում է եղել, որը գործնականում կամ քաղաքական առումով Հայաստանին ոչինչ չի տվել։




Քոչարյանի զոհերը

Արարատ Միրզոյանի ամերիկյան այցը շատ ավելի բուռն քննարկումների տեղիք է տվել. տարբեր ոլորտի մասնագետներ երեկ փաստարկված նյութերով անդրադառնում էին դրան՝ խոսելով թե՛ ֆինանսական միջոցների անտեղի օգտագործման և թե՛ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումներում օրակարգի բացակայության մասին։





«Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։ Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը»,- Facebook-ի իր էջում երեկ երեկոյան գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառմանը և նրան հորդորելով «քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։ Նարեկ Մալյանը մասնավորապես գրել էր, որ ամերիկյան այցի ժամանակ Միրզոյանին ուղեկցել է նրա կինը՝ արձանագրելով, որ արժեր պարզել, թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա։

Կարծում ենք՝ այցի զուտ ֆինանսական կողմի մասով առայժմ պետք է բավարարվենք Արարատ Միրզոյանի երեկվա պարզաբանումով, մանավանդ՝ փոխվարչապետը շատ օպերատիվ արձագանքել է սոցիալական ցանցերում հնչած գնահատականներին ու խոստացել է առաջիկա օրերին ներկայացնել մանրամասն հաշվետվություն։

Սակայն շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ են Հայաստանի առաջին փոխվարչապետի այցի, այսպես կոչված, քաղաքական քննադատությունները, մանավանդ, որ դրանց հեղինակները փորձագիտական շրջանակներում բավականին ազդեցիկ ու հեղինակություն ունեցող մարդիկ են։ Օրինակ՝ ո՞րն է եղել Արարատ Միրզոյանի ամերիկյան այցի իմաստը, երբ նա, լինելով Հայաստանի գործադիր իշխանության երկրորդ դեմքը, այդպես էլ ընդունելության չի արժանանում ԱՄՆ վարչակազմի որևէ պատասխանատուի կողմից և սահմանափակվում է խորհրդանշական, ոչինչ չասող հանդիպմամբ Կոնգրեսի ստորին պալատի հանձնաժողովներից մեկում։ Այդպիսի հանդիպում ունենալու համար բացարձակապես պետք չէր պետական միջոցներ ծախսել կամ պետական բարձր կարգավիճակ ունենալ. Հայաստանի շատ ընդդիմադիր գործիչներ տարիներ շարունակ հյուրընկալվել են Կոնգրեսի նման հարթականերում։ Առավել ևս՝ չի կարելի զավեշտը հասցնել այն մակարդակին, որ ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկվի Փաշինյան-Թրամփ սեպտեմբերյան հանդիպման հեռանկարը, այն էլ՝ ՄԱԿ-ի ձևաչափում։ Ավելորդ է ասել, որ Հայաստանի առաջին փոխվարչապետը, մեղմ ասած, տեղեկացված է չէ ԱՄՆ սահմանադրական-ինստիտուցիոնալ առանձնահատկություններին։


Շաբաթներ առաջ ԱՄՆ-ում էր գտնվում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացրեց շատ բարձր նշաձողի վրա՝ հանդիպում ունենալով պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Ենթադրվում էր, որ Արարատ Միրզոյանն առնվազն պետք է պահպանի այս նշաձողը կամ նույնիսկ հանդիպում պետք է ունենա ԱՄՆ փոխնախագահի հետ՝ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերյան այցը հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ մանավանդ, եթե պաշտոնական Երևանը հետամուտ է Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպմանը, ինչի մասին առաջին փոխվարչապետը, չգիտես ինչու, պատմել է ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականներին։

«Ոչ ոք այդպես էլ չէր հասկացել ո՛չ այցի էությունը, ոչ էլ օրակարգի բովանդակությունը: Առավելագույնը, ինչի նա հասել էր, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը: Նրանց արտաքին գործերի նախարար Մամեդյարովն արդեն հանդիպումներ է անցկացրել պետքարտուղար Պոմպեոյի, պաշտպանության նախարար Մեթիսի ու նախագահի խորհրդական Ֆիոնա Հիլի հետ: Սեպտեմբերին սպասվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու նախագահ Ալիևի աշխատանքային այցերը ԱՄՆ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Վերջինիս, ի դեպ, դժվար է մեղադրել այն հարցում, թե Հայաստանում ունի սուբյեկտիվ քաղաքական հետաքրքրություններ։



Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների նոր էջի անհրաժեշտության մասին։

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առկա հարաբերությունների շրջանակը սահմանված է 2015թ.-ի մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով (TIFA): Այս համաձայնագիրը կարգավորում է խաղի բոլոր այն կանոնները, որոնք սահմանել են կողմերը գործարարության, ներդրումների ներգրավման, առևտրի և մի շարք այլ դաշտերում: Այս ամենը միտված է հարաբերությունները սերտացնելուն: ԱՄՆ-ը նախորդ տարիներին պարբերաբար հիշեցրել է, թե ինչ խաղի կանոններ են սահմանված երկուստեք։ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ողջունելի է, բայց պաթետիկ է, եթե լրացուցիչ չի պարզաբանվում, թե ինչ է ակնկալում Հայաստանի նոր իշխանությունը, որ սահմանված չէ գործող համաձայնագրով:

Արարատ Միրզոյանի ամերիկյան այցը պետք է ոչ թե թիրախավորված անձնական քննադատությունների առիթ դառնա, այլ լուրջ դիսկուրսի առարկա, որովհետև արտաքին քաղաքականության մեջ նման անօրակարգ և չնախապատրաստված այցերը կարող են էապես վտանգել Հայաստանի միջազգային հեղինակությունը։

Կարևորն այն է, որ կառավարության առաջին դեմքերը ոչ թե նեղանան կամ վիրավորվեն քննադատությունից, այլ փորձեն դրանից քաղել ռացիոնալը՝ ապագայում նույն վրիպումները չկրկնելու համար։ Հուսանք՝ այդպես էլ կլինի, որովհետև Հայաստանում հաղթել է սիրո և համերաշխության հեղափոխությունը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->