>

Կառավարության 2019թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ 30 միլիոն դրամ էր տրամադրվել 2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդներին։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը Կառավարությունից ստացած 30 մլն դրամից գումար չի տրամադրել Գոռ Քլոյանի կնոջը և 2 երեխային։

Տեղեկությունը ճշտելու համար Tert.am-ը զրուցել է երկու կողմերի՝ Սարգիս Քլոյանի և Ռուզաննա Հունանյանի՝ Գոռ Քլոյանի կնոջ հետ։




Քոչարյանի զոհերը

Սարգիս Քլոյանի հայտնեց, որ իր թոռների բաժին գումարը՝ որպես ավանդ, դրված է բանկում․ «Թոռնիկներիցս մեկը 16 տարեկան է, մյուսը՝ 12, նրանք անչափահաս են։ Ես այդ գումարը գցել եմ բանկ։ Երբ իմ թոռնիկները կմեծանան, կդառնան չափահաս, այդ գումարի տերն իրենք են»,- նշեց նա։


Սարգիս Քլոյանի խոսքով՝ Կառավարության տրամադրած գումարը բաժանվում է 5 մասի, որից 12 մլն դրամը բաժին է ընկնում Գոռ Քլոյանի ծնողներին, 18 մլն դրամը՝ կնոջը և երեխաներին։





«18 մլն դրամը հարսիս և 2 թոռներիս գումարն է։ Ես այդ 18 մլն դրամը դրել եմ բանկում։ Մնացած 12 մլն դրամից մոտ 4 մլն դրամով վերանորոգել եմ տունը, որպեսզի իմ թոռները, երբ գան Հայաստան, տեսնեն իրենց հայրական տունը շատ լավ վիճակում է։

Ասեմ ավելին, իմ 3 սենյականոց բնակարանը ամբողջովին վերանորոգել եմ, սարքել եմ նրանց համար և ժառանգել եմ իմ թոռնիկների ու իմ հարսի անունով, որպեսզի մեր մահից հետո նրանց դեմ կանաչ ճանապարհ լինի, խոչընդոտներ չլինեն»,- հայտնեց Սարգիս Քլոյանը։

Գոռ Քլոյանի կինը՝ Ռուզաննա Հունանյանը և նրա երեխաները տևական ժամանակ է բնակվում են Ռուսաստանում։ Սարգիս Քլոյանի տեղեկացմամբ՝ արդեն մոտ 10 ամիս է կապերը խզված են իրենց և որդու կնոջ ու երեխաների միջև։

«Օգոստոսի վերջից առ այսօր հարսս մեզ հետ կապերը խզել է, թոռնիկներիս կարոտը խեղդում է, չեմ կարողանում խոսել իրենց հետ։ Ես բացատրում եմ՝ ձեզ համար ինչ տարբերություն, 18 մլն դրամը, որ գցել եմ բանկը, դրա տոկոսներն ուղարկեմ ձեզ, 18 մլն դրամին ահագին տոկոս է գալիս։

Այդ տոկոսն ուղարկեմ, մինչև երեխեքը մեծանան, գան այդ 18 մլն դրամն ստանան ինձանից։ Չհամաձայնվեցին և այսպիսի վիճակ է։ Իմ Գոռից հետո երկու թոռնիկներով եմ ապրում։


Ես երբեք իմ թոռնիկների փողը չեմ ուտելու։ Ինչու է նա ուզում, որ այդ գումարը գնա ՌԴ բանկեր, ինչի ես երկիր եմ ազատագրել, որ փողը գնա Ռուսաստանի բանկ։ Թող մնա այստեղ, տոկոսներն ուղարկեմ իրենց, մեծանան իմ թոռնիկները, որպեսզի վայելեն այդ փողը»,- ասաց նա։

Ռուզաննա Հունանյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ոչ մի գումար ինքը և իր երեխաները չեն ստացել։ Նա նաև չհերքեց տեղեկությունը, որ մոտ 10 ամիս է կապ չկա ամուսնու ծնողների հետ:

«Ես չգիտեմ՝ Սարգիս Քլոյանն ինչ է արել, ինչ մասնաբաժին է բանկում։ Ես երկու անչափահաս երեխա եմ մեծացնում օտար երկրում։ Ես չգիտեմ, գուցե մտածում է, որ գումարը կարող եմ վատնել, շքեղություններ կանեմ ինձ համար։



Ամեն դեպքում, ես՝ որպես երեխաների մայր, խնամակալ, չեմ կարծում, որ դա ինչ-որ հարիր արարք է, քանի որ մայրը երբեք իր երեխաների գումարը այս ու այն կողմ չի վատնի, առավելևս՝ ես։

Իսկ եթե Սարգիս Քլոյանը պնդում է և գտնում է, որ ՌԴ-ում երկու անչափահաս երեխաներին կարող է միայնակ մայրը պահել իր իսկ վաստակած գումարով, գումարը հիմա պետք չէ, պետք կգա չափահաս լինելու դեպքում, ես չեմ կարող ոչինչ մեկնաբանել»,- ասաց Ռուզաննա Հունանյանը։

Նա տեղեկացրեց, որ արդեն 4 տարի է երեխաների հետ միասին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և այս ընթացքում որևէ աջակցություն չեն ստացել Սարգիս Քլոյանից։

«Ես բան չունեմ ասելու, գուցե իրենք էլ հնարավորություն չեն ունեցել ապրելու, բայց Կառավարության հատկացված գումարից էլ ոչ մի լումա չենք ստացել։

Եթե այսօր պապիկը գտնում է, որ ինքը կարող է իրեն շքեղություններ թույլ տալ, եթե մեծահասակ մարդկանց ապրել պետք է, իմ կարծիքով, անչափահաս երեխաները նույնպես ապրելու կարիք ունեն»,- նշեց Ռուզաննա Հունանյանը։

Սարգիս Քլոյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր եղբայրների հետ միասին, դրամահավաք անելով, օգնել է որդու կնոջը՝ տուն ձեռք բերել ՌԴ-ում։ Ռուզաննա Հունանյանն էլ հայտնեց, որ ոչ թե դրամահավաք է եղել, այլ Սարգիս Քլոյանի եղբայրներից մեկն է գումար փոխանցել։

«Եղբայրներից գումար չի հավաքել, դրամահավաք չի եղել, եղբայրներից մեկն օգնել է, որը մշտապես օգնել է նաև իրենց։

Հայրս Երևանի մեր բնակարանը վաճառել է, իր եղբայրը գումարն ավելացրել է, որպեսզի մենք կարողանանք այս բնակարանը գնել»,- հայտնեց Ռուզաննա Հունանյանը։

Сообщение Մարտի 1-ի զnհերից Գոռ Քլnյանի կնոջ պնդմամբ՝ պետության տված 30 մլն դրամից սկեսրայրը գումար չի հատկացրել թոռներին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->