>

Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը, ԲՀԿ առաջնորդի գործունեությունից տուժած գերմանացի ներդրողները շարունակում են իրենց պայքարը դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում:

«ԻստԻնվեստոր» ընկերության ղեկավարությունը պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ն. Հարությունյանի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին», ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Աֆանդյանի որոշումները: Մոտ 1 տարի առաջ իրավապահները մերժել են քրեական գործ հարուցել և բացահայտել, թե ինչպես գերմանացի ներդրողները դեռևս 2008թ-ին զրկվեցին Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի իրենց 3.2% բաժնեմասից:




Քոչարյանի զոհերը

«ԻստԻնվեստոր» ընկերության ներկայացուցիչ-փաստաբան Դավիթ Դանելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ լիարժեք քննություն չի կատարվել, անգամ փորձաքննություն չի իրականացվել, բայց որոշվել է, որ հանցագործության հատկանիշներ չկան: Տուժողները դիմել են դատական ատյաններին: Առաջին նիստը նշանակվել է 2020թ-ի փետրվարին, սակայն դատախազի բացակայության պատճառով հետաձգվել է մարտին, ապա կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության հետևանքով կրկին հետաձգվել է անորոշ ժամանակով:


«Դատական նիստի օրվա վերաբերյալ ծանուցագիր դեռևս չեմ ստացել»,- ասաց Դ.Դանելյանը՝ նկատելով, որ ամեն դեպքում իր վստահորդները հույս ունեն, որ վերջին օրերի զարգացումները բեկում կմտցնեն նաև «ԻստԻնվեստորի» գործում և Հայաստանի Հանրապետությունը կխուսափի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դեմ կայացվելիք ևս մի որոշումից:





Փաստաբանը հիշեցրեց, որ «ԻստԻնվեստորըը» 2014 թ-ին դիմել է ՄԻԵԴ, որտեղից մոտ մեկ տարի առաջ կապ են հաստատել իր հետ, ևս մեկ անգամ հստակեցրել դիմումատուների դիրքորոշումը, և գործին ընթացք է տրվել։

12 տարվա պայքար

«ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն, որ գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, 2006թ-ին աճուրդով ձեռք է բերել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի 1520 հատ բաժնետոմս կամ կանոնադրական կապիտալի 3.2155 %, որից 2008-ին զրկվել է: Ընդհանուր բաժնետոմսերի շուրջ 82%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին, 10%-ը՝ նրա հիմնադրած «Մուլտի Գրուպ Կոնցեռնին», մոտ 7%-ը՝ այլ բաժնետերերին՝ ընդամենը թվով 124 բաժնետեր:


2008թ-ին ընկերության տարեկան ընդհանուր ժողովը սեփական կապիտալը տարեսկզբին գնահատել է 7մլրդ 704 մլն 714 հազար ՀՀ դրամ: Սակայն ամիսներ անց, նույն 2008-ի հոկտեմբերին սեփական կապիտալը նվազեցվել և սահմանվել է ընդամենը 812 մլն 652 հազար ՀՀ դրամ: Ընդ որում՝ առանց որևէ լուրջ հիմնավորման: Դրանից հետո գործարանի արտահերթ ընդհանուր ժողովը որոշել է համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազար դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: «ԷՆ-ԱՈՒԴԻՏ» ընկերության եզրակացության համաձայն՝ 12.10.2008 թ. դրությամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել է 28 հազար դրամ, մինչդեռ «ԻստԻնվեստորը» 1 բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար դրամով: «Համախմբում» կոչված այդ հնարքի արդյունքում ընկերության մոտ որևէ նոր բաժնետոմս չի առաջացել և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009թ. փետրվարին դադարեցվել են՝ առանց համարժեք փոխհատուցման: Այսինքն, «ԻստԻնվեստորի» ներդրող և նախկին տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի համոզմամբ, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունը դիտավորյալ է զրկել փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:

2009թ. դեկտեմբերին օտարերկրյա բաժնետերը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վիճարկելով իրեն բաժնետոմսերից զրկող որոշումը։ Նա պնդել է, որ այդ բաժնետոմսերն իրենից խլել են կեղծ հաշվապահական փաստաթղթերի հիման վրա և իր վնասը կազմում է նվազագույնը 3 մլն եվրո։ Սակայն շուրջ 5 տարի տևած դատական գործընթացի ընթացքում ներպետական որևէ ատյան այդպես էլ գնահատական չի տվել կատարվածին և «ԻստԻնվեստորի» հայցը մերժվել է՝ ներդրողներին ստիպելով արդարադատություն փնտրել միջազգային ատյաններում:



«ԻստԻնվեստոր ՍՊԸ-ի ներկայիս տնօրեն Անդրեաս Հինզմանը վստահ է, որ ՀՀ-ում դատական գործը պարտվել են Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարգավիճակի և կապերի պատճառով:

2018թ-ի իշխանափոխությունը արդարության հասնելու նոր հույսեր է արթնացրել «ԻստԻնվեստորի» սեփականատերերի մոտ, բայց ոստիկանության ու դատախազության անգործությունը նրանց նորից դրդել է դիմել դատարան:

Փորձեցինք կապ հաստատել նաև «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի հետ, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Մենք պատրաստ ենք հրապարակել հարցի շուրջ նաև «Արարատ» ԿԳՕԿ-ի դիրքորոշումը։

Ծառուկյանի խոսքն ու գործը՝ մի դրվագով

Այսօր Հայաստանում ընդդիմության հիմնական առաջնորդ ներկայացող Գագիկ Ծառուկյանն իշխանություններին մեղադրում է տնտեսությունը «տրաքացնելու» և ներդրողներին վանելու մեջ՝ պնդելով, թե «երեք ամիս հետո սով ա լինելու»: Ծառուկյանն այժմ էլ է հիշեցնում անցած տարեվերջին ԱՄԷ-ի թագաժառանգի, որ հետո պարզվեց՝ բոլորովին էլ թագաժառանգ չէր, ներդրումային մտադրությունների, իբր, տապալման շուրջ ծագած սկանդալը: Մինչդեռ իր իսկ շնորհիվ վերջին 10 տարիների ընթացքում եվրոպացի ներդրողների հետ կատարվածի և Հայաստանի վարկաբեկման մասին չի էլ հիշատակում: Շեյխերի հետ կապված սկանդալից հետո «ԻստԻնվեստորի» տնօրենները նամակ էին հրապարակել՝ տարակուսանք հայտնելով օտարերկրյա ներդրողների մասին «հոգացող» և «նրանց շահերը պաշտպանող» Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների ու պահանջների կապակցությամբ, և պնդելով, որ իրական պատկերը հակառակն է: «Թեև հայկական կառավարության պաշտոնյաներն ու անձամբ պարոն Ծառուկյանը երկրի առաջնայնությունների շարքում բազմիցս մատնանշել են օտարերկրյա ներդրողների համար իրավական տեսնակյունից արդար և բարենպաստ միջավայրի ստեղծումը, «ԻստԻնվեստորի» հետ տեղի ունեցածն ու նմանօրինակ դեպքերը, հակառակը, վանում են ներդրողներին՝ նրանց զրկելով երկրի դրական ներդրումային ներուժը դիտարկելու ցանկությունից»,- իրենց նամակում նշել էին գերմանացի ներդրողները:

Գայանե Խաչատրյան

Сообщение Հրատապ. Գագիկ Ծառուկյանը խաբել և թալանել է գերմանացի ներդրողներին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->