>

Հարգելի վարչապետ, Ձեր ֆեյսբուքյան ուղիղ խոսքում Դուք Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին խոսելիս օգտագործեցիք Վեհափառ դիմելաձևը: Որքան գիտեմ, մենք` հայերս, մոտ հազար տարի եկեղեցու առաջնորդին հենց այդպես էլ կոչում ենք:


Սակայն Ձեր խոսքում առնվազն 2 անգամ կաթողիկոսի անունը տալիս՝  ասացիք՝ «Գարեգին բը»: Դուք երկար տարիներ խմբագրել եք հայաստանյան լավագույն թերթերից մեկը: Թե՛ խորհրդարանական, թե՛ միտինգային Ձեր քաղաքական խոսքը միշտ էլ աչքի է ընկել պարզությամբ ու գրագիտությամբ: Հավանաբար այս որակների շնորհիվ Ձեզ հաջողեց ոտքի հանել համարյա բոլորիս:








Քոչարյանի զոհերը

Ինձ համար, սակայն, անհասկանալի մնաց, թե ինչու կաթողիկոսի մասին խոսելիս Դուք սխալվեցիք: Հայոց լեզվի Ձեր իմացությունն ունեցող մարդուն ես չէ, որ պիտի բացատրեմ, որ հայերը գրում են Վազգեն Ա, կարդում են Վազգեն առաջին:


Գրում ենք «գ» հատոր, կարդում` երրորդ հատոր: Գրում ենք Գարեգին Բ, կարդում` Գարեգին երկրորդ: Այս հարցում հեռուստալրագրողները` նույնիսկ Հանրային հեռուստատեսության լրատվություն պատրաստողներից ոմանք, երբեմն սխալվում են:

Նման սխալն անընդունելի է Ձեր ինտելեկտն ու կրթությունն ունեցող մարդու համար: Ենթադրելով, որ սխալը թյուրիմացության արդյունք էր, և ոչ՝ դիտավորություն, կարծում եմ՝ հաջորդ հրապարակային ելույթներում ասածս հաշվի կառնեք:



Հ.Գ. Նամակս չեմ ստորագրում, որովհետև պետական ծառայող եմ և չեմ կարող ընտանիքս զրկել 220 հազար (առձեռն` 164 900) դրամ աշխատավարձից: Խնդրում եմ ճիշտ հասկանալ` որպես պետական ծառայող՝ Ձեզանից չեմ վախենում, այլ այն ղեկավարներից, ովքեր կփորձեն ինձ պատասխանատվության «կանչել» ձեզ հաճոյանալու համար:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->