Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը վերադարձրին ամենակարեւորը — ingablog

Փանիկի միջադեպը խթանեց հայ-ռուսական տիրույթում որոշակի պարզաբանումներ, որոնցում էական էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ Պնախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը: Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ Փանիկի միջադեպը սադրանք է ընդդեմ հայ-ռուսական  բարեկամության ու Հայաստանի ինքնիշխանության:


Իսկ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կարող է առաջանալ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ պայմանագրի որոշ դրույթների վերանայման անհրաժեշտություն: Այդ դրույթները քարի վրա գրված չեն, ասել էր նա:

Փանիկի միջադեպը բացատրվեց փոխադարձ փնթիությամբ, երբ կողմերը վերջնականապես չէին ճշտել վարժանքների տեղը եւ այլ մանրամասներ: Սակայն վարչապետի ու Պնախարարի հայտարարությունները «համարժեք» չէին այդ փնթիությանը եւ վկայում են խորքային որոշակի հանգամանքների մասին, ինչն էլ խթանել էր Փանիկի միջադեպը:


Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել էր Արցախի խնդրում հնարավոր զարգացումներին: Նա ասել էր, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները Ադրբեջանի ագրեսիան զսպելու եւ պատերազմ թույլ չտալու համար: Նա ասել էր, որ չի հավատում, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, միաժամանակ ակնարկելով պատերազմի դեպքում աշխարհքաղաքական պայմանների փոփոխության մասին: Այսպիսով, նա հնարավոր պատերազմի պատասխանատվությունը դրել էր Մոսկվայի վրա:

Նա ասել էր նաեւ, որ փոխզիջումների սահմանը որոշելու է ժողովուրդը, «մենք ունենք այդ նախադեպը, երբ հավաքվում ենք հրապարակում եւ որոշում կայացնում»:

Իր հերթին, Դավիթ Տոնոյանը իր հարցազրույցում ասել էր, որ նոր պատերազմի դեպքում չի կրկնվելու երկու տարի առաջվա իրավիճակը, եւ հայկական կողմը կարող է եւ չդիմանալ ողջ ուժով հակահարված տալու գայթակղությանը:

Դավիթ Տոնոյանին շարունակեց Արցախի պաշտպանության նախարարը, երեկվա ասուլիսում հստակ հայտարարելով Ադրբեջանի թիրախների եւ այդ երկիրը կաթվածահար անելու հնարավորության մասին:

Արդյոք այս ուղղությամբ կոնկրետ վտանգներ կան, եւ հատկապես Ռուսաստանի դերակատարության մասով: Դրա փորձը կա՝ երկու տարի առաջ ապրիլյան պատերազմը: Թե՞ սա պարզապես կանխարգելիչ հարված էր այդ ուղղությամբ, նկատի ունենալով հնարավոր զարգացումները եւ Ռուսաստանին զգուշացնելով հնարավոր հետեւանքների մասին՝ աշխարհքաղաքական պայմաններից՝ այսինքն ռեգիոնում Ռուսաստանի դիրքերի կորստից մինչեւ բազայի տեղակայման պայմանների վերանայում:


Հարցերը հռետորական չեն, ռուսական տարբեր շրջանակներում այս ուղղությամբ կան նկատելի ու թերեւս նաեւ «ներքին խողովակներով» շանտաժ ու սպառնալիքներ: բացի այդ, խոսվում է ինչ որ պայմանավորվածությունների մասին, ըստ որոնց հայկական կողմը պետք է գնա միակողմանի զիջումների Արցախի խնդրում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin