>

1in.am-ը գրում է՝


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հուլիսի 24-ի նիստում քննարկել է Երևանի քաղաքապետի՝ կուսակցության թեկնածուներին, որոնք հավակնում են ավագանու արտահերթ ընտրությանը ՔՊ ցուցակը գլխավորելուն և քաղաքապետ դառնալուն: Թեկնածուներն ընդամենը առաջադրվում են, սակայն որոշումը դեռ չկա: Այդուհանդերձ, գործընթացը վկայում է, որ կարծես թե առնվազն կա Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը «Ելք» դաշինքից առանձին՝ կուսակցական ցուցակով մասնակցելու քաղաքական որոշում, ինչի մասին է թերևս վկայում այն, որ «Քաղպայմանագիրը» բավականին որոշակիորեն քննարկում է իր թեկնածուներին և, ըստ էության, ամենևին էլ ակտիվ չէ դաշինքային ֆորմատի պահպանման վերաբերյալ քննարկումներում:








Քոչարյանի զոհերը

Ֆորմալ առումով վերջնական որոշում այստեղ էլ չկա, սակայն ի տարբերություն քաղաքապետի թեկնածուի, այստեղ բավականին հստակ են կուսակցության մոտիվացիաները: «Քաղաքացիական պայմանագիրը» ունի հանրային մեծ աջակցություն՝ իհարկե ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սակայն դա էլ բավական է Երևանի ընտրությանը հաղթելու համար, հատկապես որ ընտրության բացարձակ հաղթանակի համար հարկավոր է 40 տոկոս ձայն: Այդ իրողության օգտին է խոսում նաև այն, որ գործնականում չկա մրցակից: Ամենամոտը թերևս ԲՀԿ-ն է, որը, խոշոր հաշվով, Երևանում նույնիսկ իր լավագույն ժամանակներում չի եղել առանձնապես մրցունակ, իսկ առավել ևս հիմա կուսակցությունը պարզապես կհավակնի առանց որևէ խնդիր 7 տոկոսը հաղթահարելուն: Մնացյալ կուսակցությունների համար, որոնք կմասնակցեն, անկախ անվանումներից, խոշոր հաշվով, 7 տոկոսը կարող է լինել առավելագույն արդյունք:

Այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագիրը» բացարձակապես չունի «Ելք» դաշինքի գործընկերների անհրաժեշտությունը և կստացվի, որ դաշինքը ՔՊ միակողմանի զիջումն է՝ անհասկանալի է, թե ինչի համար: Ավելին, այդօրինակ քաղաքական միավորումները, ըստ էության, դևալվացնում են քաղաքականություն երևույթը, որը առողջ է, երբ հիմնված է քաղաքական, փոխադարձ, բնական մարտավարական կամ ռազմավարական շահերի, ոչ թե միջանձնային, ընկերական, այսպես ասած՝ մարդասիրական հարաբերությունների, կենացների վրա: Ի վերջո, Հայաստանը հենց այդ քաղաքականության հետևանքով է պետության փոխարեն կայացել որպես փողապետություն և գողապետություն: Մյուս հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագրին» կստիպի գնալ միայնակ այն է, որ պարզ չէ «Ելք»-ի ճակատագիրը խորհրդարանի ընտրությանը: Իսկ այդ դեպքում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ դաշինքով մասնակցության դեպքում քաղաքապետարանի ավագանում մեծամասնություն կկազմի «Ելք»-ը՝ համամասնորեն բաժանելով այդ մեծամասնությունը, բայց խորհրդարանի ընտրությանը «Ելք» դաշինք կարող է չլինել ու կստացվի, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո կառաջանա Երևանի ավագանու մեծամասնության հարց:


Դժվար է պատկերացնել, որ «Ելք»-ը ավագանում կպահպանի միատարրությունը այն դեպքում, երբ համապետական քաղաքական մասշտաբում կլինեն արդեն տարբեր կուսակցություններ: Առավել ևս, որ տարբերը կվերաբերի ոչ միայն ֆորմատներին կամ անվանումներին, այլ նաև մոտեցումներին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ իմաստով ակնհայտորեն տարբերվում է մյուս երկու գործընկերներից, որոնք դիրքավորվել են ավելի արևմտամետ տիրույթում: Այդպիսով, մեծ հավանականությամբ հնարավոր է արձանագրել, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը սկզբնավորում է «Ելք» դաշինքի ավարտը: Այստեղ գնահատականները, իհարկե, տարբեր կլինեն, սակայն ակնառու է, որ դաշինքը մինչև թավշյա հեղափոխությունը, այսպես ասած, հին իրավիճակում իր քաղաքական նշանակալիությամբ հանդերձ՝ որպես նոր, թարմ ուժ կամ առնվազն այդպիսի հայտ ներկայացրած սուբյեկտ, նոր իրավիճակում այլևս անելիք չունի, և ըստ այդմ պետք չէ նախկին իրողությունների, նախկին քաղաքական համակարգի և խաղի կանոնների պայմաններում ունեցած դերակատարման իներցիայով դատել «Ելք»-ի ճակատագրի մասին արդեն նոր իրողությունների և հեռանկարների պայմաններում: Դրանցում «Ելք»-ն այլևս արհեստական դաշինք է:



Ավելին, խոշոր հաշվով «Ելք»-ն արդեն իսկ թավշյա հեղափոխությունից սկսած արհեստական վիճակում է և փաստացի չունի ոչ մի առանցքային քաղաքական դերակատարում, ու որպես դաշինք «Ելք»-ի դերակատարումը նույնիսկ ավելի պակաս է, քան ՀՀԿ դերակատարումը անգամ հուժկու պարտության պայմաններում: Պետք է պարզապես ընդունել այդ իրողությունը՝ չձգել արհեստական ժամանակ, չկորցնել ժամանակ, հատկապես դաշինքի մյուս ուժերին, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրն» այդ ժամանակը ակնհայտորեն չեն կորցնում և նրանք բավականին աշխուժորեն պատրաստվում են ընտրական գործընթացներում ինքնաբավ դերակատարման:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->