>

1in.am-ը գրում է՝

Նիկոլ Փաշինյանի թիմը դեռ որոշում չի կայացրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին, սակայն ՔՊ-ի ներսում արդեն մեկնարկել է քաղաքապետի չորս հնարավոր թեկնածուների ծրագրերի քննարկումը։ Ակնհայտ է՝ անկախ այն հանգամանքից՝ ՔՊ-ն առանձին, թե «Ելք»-ով կմասնակցի ընտրություններին, հենց այս կուսակցության թեկնածուն է լինելու ցուցակի առաջին համարը։

Փրայմերիզի գաղափարը լավն է. հանրությանը հայտնի են ՔՊ-ի չորս թեկնածուները, որոնք կուսակցության ղեկավար մարմնին ներկայացնում են իրենց ծրագրերը, ու ընտրության ինչ-որ մեխանիզմով բոլորիս համար պարզ կլինի, թե ով է ընտրություններում լինելու Փաշինյանի ցուցակի առաջին համարը և վստահաբար՝ Երևանի ապագա քաղաքապետը։ Դրական է արդեն այն հանգամանքը, որ հասարակությունը հենց սաղմնային փուլից մասնակցում է գործընթացին։




Քոչարյանի զոհերը

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում առայժմ չկան կադրային քաղաքականության չափանիշներ, ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներ, և այս ամենը տեղի է ունենում ավելի շատ ֆորմալության շրջանակներում։ Գրեթե ակնհայտ է, որ, այսպես կոչված, փրայմերիզի բոլոր մասնակիցները կողմնորոշվելու են ճիշտ այնպես, ինչպիսին կլինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային նախապատվությունները։ Սա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն այսօր միակ գործիչն է, որը վայելում է հասարակության վստահությունը, և օբյեկտիվորեն նրա կարծիքը համարվում է հանրային կամք, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական համակարգը դեռ երկար ժամանակ չի հաղթահարելու անձնակենտրոնության սինդրոմը։





Ասում են՝ քաղաքապետի թեկնածուի հարցում Փաշինյանի ընտրությունը վաղուց է կայացել. նրա քաղաքական սիմպատիան դերասան Հայկ Մարությանի կամ Կարգին Հայկոյի կողմն է։ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն անգամ պատկերավոր համեմատություն է արել՝ Կարգին Հայկոյին համեմատելով ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ, ով նույնպես դերասան է եղել։ Ռեյգանը եղել է ԱՄՆ ամենահաջողված նախագահներից մեկը, ինչն իհարկե չի երաշխավորում, որ Կարգին Հայկոն նույնքան հաջողված քաղաքապետ կլինի Երևանի համար, թեև ակնհայտ էր, որ մշտապես քաղաքացիական կեցվածք ունեցող այս դերասանին ՔՊ բերել է միայն քաղաքապետ դառնալու ցանկությունը։

Եթե ուսումնասիրենք հայկական հեղափոխության հարթակը, ապա Կարգին Հայկոյի առաջադրումը նույնիսկ օրինաչափ է ու բխում է այդ հարթակի կառուցվածքից. դրա քաղաքական բաղադրիչն ապահովում էր բացառապես Նիկոլ Փաշինյանը, մյուսները հիմնականում հասարակական այն շերտերից էին, որոնց համատեքստում Հայկ Մարությանի առաջադրումն օրինաչափ է։ Այս թեմայի մասին գրեթե չի խոսվել, սակայն հայկական հեղափոխության ֆենոմեններից մեկն այն է, որ նա հաջողության հասավ գրեթե առանց քաղաքական տեքստերի ու ուղերձների։


Հայկական հեղափոխությունը պարտության մատնեց ոչ միայն օլիգարխիային, ՀՀԿ-ին, այլև, ըստ էության, ամբողջ քաղաքական համակարգին, որը կա՛մ դիտորդի կարգավիճակով հետևում էր իրադարձությունների զարգացմանը, կա՛մ էլ իր ոչ կենսունակ բանաձևերով հայտնվել էր հեղափոխության լուսանցքում։

Ինչ-որ իմաստով հայկական հեղափոխությունը համաշխարհային այսօրվա թրենդի համատեքստում է, երբ աշխարհի մի շարք առաջատար երկրներում տասնամյակներով գոյություն ունեցող համակարգերն ու քաղաքական մշակույթը տեղի են տալիս նոր իրողությունների առջև։ Օրինակ՝ Մակրոնի հաղթանակը մարտահրավեր էր Հինգերորդ հանրապետության քաղաքական համակարգին, Թրամփինը՝ ամերիկյան քաղաքական մշակույթին։

Նման շրջադարձային իրադարձություններին շատ հաճախ հաջորդում է որոշակի անորոշությունը, որովհետև ակնհայտ չի լինում նոր համակարգերի բովանդակությունը, էությունը։ Նույնը վերաբերում է հայկական հեղափոխությանը, որի առնվազն կադրային քաղաքականությունը դեռևս ավելի շատ հարցեր է ծնում, քան տալիս է պատասխաններ։ Կադրային նշանակումները հիմնականում արվում են տարիներ շարունակ ընդունված համակարգային մտածողության համատեքստից դուրս։ էքսպերիմենտային գործոնի ռիսկը դառնում է չափազանց մեծ, ինչը թույլ չի տալիս վստահ պնդել, որ պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությունն ավելի բարձր կլինի։



Հնարավոր է, որ, օրինակ, Կարգին Հայկոն հրաշալի քաղաքապետ դառնա, և այս պարագայում հեղափոխական կադրային լուծումն արդարացված լինի, ու հնարավոր համարենք խոսել «հայկական Ռեյգանի» ֆենոմենի մասին։ Սակայն չի բացառվում նաև մյուս վարկածը, երբ հակահամակարգային լուծումը մեզ բերի այլ հանգրվանի, երբ ստիպված լինենք անալոգիաներ անցկացնել ամերիկյան այլ նախադեպի հետ, երբ «հակահամակարգային» Թրամփի անկանխատեսելիությունը շոկային տրամադրություններ է առաջացնում։

Հեղափոխության տրանսֆորմացիան պետական քաղաքականության բարդ ու բազմաշերտ գործընթաց է, որի տարբեր հանգրվաններում կարող են լինել ոգևորության և հիասթափության առիթներ։ Հիմա Հայաստանը գտնվում է հենց այդ փուլում՝ բացված հնարավորություններով ու առաջացող ռիսկերով հանդերձ։

Հեղափոխության հերթական էքսպերիմենտը. Կարգին Հայկոն՝ «հայկական Ռեյգա՞ն»

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->