>

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այլևս Էջմիածնի պատվավոր քաղաքացի չէ։ Նրան Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը կայացվել է երեկ` հուլիսի 24-ին, Էջմիածնի ավագանու նիստում: Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի պարզաբանմամբ՝ փորձել են ֆեյսբուքով հարցում անցկացնել այս հարցի վերաբերյալ և պարզել էջմիածնեցիների կարծիքը, սակայն դժվար է եղել հասկանալ՝ հարցման մասնակիցների որ մասն է էջմիածնեցի:

«Շրջանառվում էր, որ այս նախագծով խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, ես որպես իրավաբան դրա հետ համաձայն չեմ, որովհետև թե՛ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը, թե՛ դրանից զրկելը իրավական հետևանքներ չի ենթադրում ու չի առաջացնում։ Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է և այդպես էլ դիտարկում է հանրությունը: Քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը խիստ քաղաքային հարց է, որը քաղաքում առկա տրամադրությունները հաշվի առնելով, պետք է լուծել»,-ասաց Գասպարյանը:




Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ եթե Արցախի հերոսի կոչումից զրկելու հետ կապված հանրությունը ուներ խնդիր, որովհետև դա պատերազմական գործողությունների ժամանակ Մանվել Գրիգորյանի ցուցաբերած սխրանքներին էր վերաբերում և թերեւս ճիշտ կլինի դատաքննությունից հետո որոշում կայացնել, ապա այս պարագայում նույնը չէ: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց․«Եթե կոչումից զրկելու համար հիմք է հանդիսացել քրեական գործը, ապա չէ՞ որ դեռեւս դատարանի որոշում չկա, իսկ եթե այլ փաստ է հիմք ծառայել, որեւէ բան ասել չեմ կարող, իրենք պետք է պարզաբանեն»,-ասաց Բաղդասարյանը։





Մեր հարցին՝ ինչպես է Գրիգորյանը արձագանքել իրեն շնորհազրկելու իրողությանը, նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի հետ չի հանդիպել, որպեսզի տեղեկացնի այս փաստի մասին․«Եթե իրեն հայտնի է մամուլից, ես դա չեմ կարող պնդել»։ Փաստաբանը նշեց, որ օբյեկտիվ քննություն է ընթանում, Մանվել Գրիգորյանն էլ իր բուժումն է ստանում, միակ խնդիրն այն է, որ իր պաշտպանյալի առողջական խնդիրը անհամատեղելի է խցային պայմաններին եւ դրա մասին համապատասխան բժշկական փաստաթղում կատավրած հետազոտություններից հետո փաստել են բժիշկները՝ ինչպես տեղի, այնպես էլ Ֆրանսիայից ժամանած։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի:


Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… Գրիգորյանն այս պահին կալանավորված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։



Հիշեցնենք նաև, որ հունիսի 22–ին Արթիկի ավագանին էլ է Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի պատվավոր քաղաքացի կոչումից։

Անի Սահակյան

Աղբյուր՝ Hayeli.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->