>

Հեղափոխության առաջին օրերին մեծ էր ոգևորությունը ոչ միայն քաղաքացիների, այլ նաև բիզնեսի մոտ, ովքեր ակնկալում էին էական դրական տեղաշարժ ՊԵԿ համակարգում: Խոսքն այն մասին չէ, որ բիզնեսն ակնկալում էր, թե ՊԵԿ-ը դադարելու է հարկեր հավաքել կամ ստուգումներ իրականացնել:

Այս ոգևորության ֆոնին կարծես թե նկատվեց նաև մանրածախ առևտրաշրջանառության աճ՝ առանց ՊԵԿ միջամտության: Բիզնեսը մեծամասամբ սկսեց ամբողջությամբ կամ զգալիորեն ավելի արտացոլել վաճառքները ՀԴՄ միջոցով:

Հետագայում այս ոգևորությունը սկսեց անկում ապրել:

Առաջին հարվածը բիզնեսի հետհեղափոխական ոգևորությանը հասցվեց մի շարք կադրային նշանակումներով, երբ համակարգ վերադարձվեցին մարդիկ, ում հեռացումը ոչ վաղ անցյալում անգամ ոգևորություն էր առաջացրել հարկատուներից շատերի մոտ: Ուրիշներն, ում պաշտոնի իջեցումն էր ընդունվել ոգևորությամբ՝ ունեցան պաշտոնեական աճ: Որոշ դեպքերում այս վերադարձն ու աճը կրեց անգամ թիմային բնույթ: Այս պաշտոնյաների անունները հայտնի են ու թերևս չարժե նշել:




Քոչարյանի զոհերը

ՊԵԿ-ում, թերևս նաև ՊԵԿ ղեկավարի ու հենց այդ պաշտոնյաների կողմից այս մասին խոսակցություններն ու մամուլի հրապարակումները թերևս ընդունվեցին որպես այդ անձանց դեմ անձնական խնդիրների վկայություն: ՊԵԿ նախագահն ասաց, թե այդ մարդիկ պրոֆեսիոնալներ են: Իրականում ոչ ոք կարծես թե չի էլ ասել, թե այդ անձինք պրոֆեսիոնալ չեն: Իհարկե պրոֆեսիոնալ են, նրանցից շատերն իրենց ողջ գիտակցական կյանքում աշխատել են ՊԵԿ համակարգում (20-30 տարի), իսկ դրա մեծ մասն էլ որպես այս կամ այն աստիճանի ղեկավար: Նրանք չեն կարող պրոֆեսիոնալ չլինել: Վերջիններիս հայտնի են ՊԵԿ բոլոր «անցքերը», նրանցից շատերը ոչ ֆորմալ հաջողակ գործարարներ են: Խնդիրն այստեղ մեթոդների, աշխատաոճի, մոտեցումների մեջ է, որով սովոր են աշխատել այս մարդիկ:





Հարկատուներն օրինակ արդեն իսկ ահազանգում են, որ Խոշոր և միջին հարկ վճարողների վարչությունն սկսել է գործել ճիշտ այնպես, ինչպես երբեմնի Կենտրոնի հարկային տեսչությունն էր գործում: Միևնույն հարկատուն մեկ շաբաթվա ընթացքում ստանում է մեկը մեկից վառ ու հետաքրքիր, շատ հաճախ անհիմն 3-4 ծանուցում, որոնց պետք է հասցնի պատասխանել:

Հարկատուին որևէ հարցի վերաբերյալ ծանուցումը ևս միանգամայն օրինական է, ծանուցումն իրավական ուղղակի հետևանք չունի, և հարկատուները պարզապես կարող են պարզաբանել այս կամ այն հարցը: Սակայն դրանք առնվազն ճնշում են հարկատուներին, ժամանակ խլում, ստեղծում հետապնդվողի զգացողություն և բերում որոշակի պաշտպանական ռեակցիաների՝ հատկապես երբ դրանք գերազանցապես անհիմն են ու ոչ պրոֆեսիոնալ կազմված:

Կամ ստացվում են ահազանգեր այն մասին, որ տարբեր հարկային տեսչության աշխատակիցներ ֆորմալ ստուգումներից առաջ ոչ ֆորմալ եղանակով այցելում են հարկատուներին, գնումներ կատարում, դիտարկում իրականացնում, որոշ հարկատուներ հայտնում են, որ նկատել են, թե ինչպես են ծածուկ՝ հեռախոսով նկարահանում օբյեկտները, ու ենթադրել, թե այդ անձինք հարկայինից են: Այս ամենն առանց ստուգման համապատասխան հանձնարարագրի՝ ի հեճուկս օրենքի: Սրանք ևս դեռ չմոռացված հին սովորույթներ են: ՊԵԿ աշխատակիցներն ասում են, թե այս գործողությունները մշտապես նախորդում են օրինական հիմքերով ստուգումներին:

Այսպիսի մտոեցումները՝ ծանուցումների տարափը, անհարկի այցելությունները հարկատուին վերադարձել են, իսկ հարկատուները հիշում են, թե որ պաշտոնյաների ու որ հարկային տեսչությունում ղեկավարման ժամանակներում էր այս ամենը տեղի ունենում:

Սրանով էր պայմանավորված տարբեր նշանակումների վերաբերյալ բիզնեսի տարակուսանքը և նաև այս պատճառով ոգևորությունն աստիճանաբար փոխվում է մեկ այլ հայտնի զգացումով:


Մի ուրիշ խնդիր է բացառապես օրենքի տառին համապատասխան գործելու մասին հայտարարությունը: Այո, իսկապես ՊԵԿ-ը սկսել է մեծամասամբ գործել բացառապես օրենքի տառին համապատասխան: Այստեղ խնդիր կա հենց օրենքում:

Բազմաթիվ մասնագետներ բազմիցս ու տարբեր հարթակներում նշել են, որ մենք ունենք սարսափելի վատ Հարկային օրենսգիրք, որն օրենքի տառին համապատասխան գործելու պարագայում ՊԵԿ-ը վերածում է ռեպրեսիվ ապարատի: Ի դեպ, այս մասին այսօր խոսեց նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Բիզնեսը պարզապես չի կարող դիմանալ այդ օրենքի տառին, և կարևոր չէ՝ դա ՓՄՁ, թե այլ սուբյեկտ է: Միաժամանակ ներկայիս օրենքի տառը գայթակղում է ՊԵԿ որևէ աշխատակցի գործել խիստ, կոշտ և հնարամիտ:

Այս առումով կարելի է հիշել դժգոհությունների թերևս ամենից թարմ առիթը՝ ՀԴՄ ստուգումներն ու տուգանքները:



Իհարկե, բացարձակապես հիմնավորված չի կարող լինել ՓՄՁ կամ ոչ ՓՄՁ սուբյեկտի չստուգվելու կամ չտուգանվելու պահանջը: Բոլորն էլ կարող են ստուգվել և պետք է տուգանվեն, եթե խախտումներով են աշխատել: Խնդիրը թերևս ստուգումների հաճախակիության և իրականացման ձևերի մեջ է:

Վերջին օրերի ընթացքում ստացվել են մի շարք տեղեկություններ այն մասին, որ սրճարաններում կանխավճարների տրամադրմամբ արձանագրվել են ՀԴՄ կիրառման խախտումներ:

Այո, պետք է կտրոն տրամադրվի նաև կանխավճարի դեպքում: Սակայն ակնհայտ է, որ սրճարաններից կանխավճարով օգտվելու պրակտիկան մեզանում կամ բացակայում է, կամ առնվազն հազվադեպ է և որևէ սրճարանատեր կարող է նաև չիմանալ, չմտածել, որ կանխավճարի համար պետք է կտրոն տրամադրել: Չէ որ իրեն մինչ այդ կանխավճար չեն տրամադրել, ինքը երբեք չի մտածել կանխավճար պահանջել:

Եվ ահա այս պայմաններում իրեն առաջարկվում է կանխավճար, որն ընդունվում է և կտրոն չի տրամադրվում: Ստուգող տեսուչներն ամենայն հավանականությամբ այդ ընթացքում մի քանի անգամ գնում են կատարել առանց կանխավճարի, որի դիմաց կտրոնը տրամադրվել է: Մնացել է ՀԴՄ արձանագրելու մեկ ու փորձված եղանակ՝ կանխավճարը: Այստեղ հարց է առաջանում՝ իրավաչափ են արդյոք տեսուչի գործողությունները նման դեպքերում, որն ավելի շուտ խախտման հրահրում է հիշեցնում: Արդյոք նա ճիշտ է ընկալում օրենքը: Կվարվե՞ր նա այդպես, եթե չունենար իր ղեկավարի կողմից ստուգելու անկարողության կամ իր աշխատանքի արդյունավետության մեջ մեղադրվելու մտավախությունը: Որևէ օրենք չի պարտադրում ու նաև արգելում է խախտում արձանագրել այդ խախտման հրահրմամբ:

Այսինքն, կա խնդիր՝ օրենսդրական, օրենքի մեկնաբանման ու կիրառման, կադրերի, նրանց աշխատաոճի, կադրերի հետ կապված հարկատուների հիշողության խնդիր: Ունենք մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ը կարող է գործել միանգամայն ու բացառիկության աստիճան օրինական, սակայն վատ օրենքով ու նախկին մեթոդներով, որի հետևանքները կարող են մեղմ ասած լավագույնը չլինել: Այսպես հնարավոր է կոտրել բիզնեսում ձևավորված և նշված պատճառներով արդեն իսկ անկում ապրող դրական բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչպես նաև արգելակել բիզնես միջավայրը ու խիստ կոնկրետ նյութական վնաս հասցնել տնտեսությանն ու պետական բյուջեին:

Երևի թե չի կարելի կորցնել հարկային հարաբերություններում էական դրական արդյունքներ արձանագրելու բացառիկ բարենպաստ պահը: Պետք է դադարել փորձել վերահսկել ամեն մի լուման՝ դա հնարավոր չի ոչ միայն մեզանում, այլև ողջ աշխարհում:

Եվ, ի վերջո, օրենքի տառին համապատասխան գործելուց առաջ հարկ է նաև կատարել օրենքի տառին համապատասխան սեփական պարտավորությունները: ՊԵԿ-ը հուլիսի 1-ի դրությամբ չի ապահովել ՀԴՄ կտրոնին գնորդի ՀՎՀՀ արտացոլման հնարավորությունը (զրկել է հարկատուներին ծախսերը հայտարարագրելու հնարավորությունից), մինչ օրս ՊԵԿ կայքում տեղադրված չէ թեմատիկ հարկային ստուգումների լիազորությունը ՊԵԿ նախագահից այլ անձանց փոխանցելու վերաբերյալ հրամանը և այլն: Սրանք ևս օրենքի ուղիղ և իմպերատիվ պահանջներ են…

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->