>

1in.am-ը գրում է՝

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հիմնված էր ցանկությունների ու հավատի վրա։ Հասարակության համբերության բաժակը լցվել էր, ու մարդիկ ցանկանում էին ազատվել նախկին իշխանությունից։ Քչերն էին հավատում, որ դա հնարավոր է։ Այդ քչերից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը ոչ միայն հավատաց, որ դա հնարավոր է, այլև դրանում հավատացրեց մարդկանց։ Սկզբում հավատում էին քչերը, հետո հավատացողների թիվն ավելացավ, ավելացավ այնքան, որ հասավ կրիտիկական զանգված կոչված ծավալի։ Եվ ուրեմն՝ հեղափոխության հիմքում իրականում հավատն էր։ Հավատը առ իշխանություններից ազատվելու հնարավորություն ու հավատը առ Նիկոլ Փաշինյան։




Քոչարյանի զոհերը

Թավշյա հեղափոխությունն իրականում հավատի հեղափոխություն էր, իսկ հավատը զգայական, ոչ այնքան բանական ու առավել ևս՝ ոչ քաղաքական կատեգորիա է։ Ըստ այդմ՝ թավշյա հեղափոխությունը քաղաքական հեղափոխություն չէր, որովհետև խարսխված էր ոչ թե քաղաքական հաշվարկի, ռազմավարության ու մարտավարության, այլ հենց հավատի վրա։





Նիկոլ Փաշինյանի կապիտալը, փաստորեն, քաղաքական կապիտալ չէ, ինչպես ընդունված է ասել։ Այդ կապիտալում քաղաքական մեխանիզմի կիրառման արդյունքը էլեկտորալ քվեն չէ, այլ մարդկանց զգայական հավատը, որի դեպքում գուցե կիրառելի է նաև վստահություն եզրը։ Հավատ կամ վստահություն, կամ հավատ և վստահություն։ Այս կատեգորիաների վրա է հիմնված Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դա իշխանություն է մարդկանց հույզերի ու սպասումների, ցանկությունների ու երազների նկատմամբ։ Այդ իշխանությունը չի ենթադրում ծրագիր կամ ռազմավարություն, դա անծրագիր ու անգաղափար իշխանություն է։

Դա իշխանություն է, որը տարածվում է ոչ այնքան պետության, որքան հայրենիքի գաղափարի վրա։ Որովհետև պետությունը ռացիոնալ, դատողության վրա հիմնված կառույց է, մինչդեռ հայրենիքը բխում է հույզերից ու զգացմունքներից։ Պետությունը պահանջում է ծրագիր ու ռազմավարություն, հայրենիքի դեպքում բավական են պաթոսն ու էմոցիան։ Պետությունն ունի ներքին ու արտաքին սահմաններ, հայրենիքը անսահման է, որովհետև այն մարդկանց մտքերում ու զգացողություններում է։ Պետությունը կառավարելու համար անհրաժեշտ են նյութական ռեսուրսներ, իսկ հայրենիքի մենեջմենթի համար բավական են խոսքն ու բնազդը, կիրքն ու տեսարանը։ Պետության համար պարտադիր է ապրելը, իսկ հայրենիքի համար մոդայիկ է զոհվելը։ Որովհետև ապրելն ավելի շատ ջանք է պահանջում, քան զոհվելը, որի դեպքում բավական է որևէ վեհ գաղափարի առկայությունը։

Քաղաքագիտական ու պետության մասին բազմաթիվ տեսություններում հավատը համարվում է իշխանության կարևոր աղբյուրներից մեկը։ Դարեր շարունակ հենց հավատի վրա են հիմնված եղել շատ պետությունների ու կայսրությունների իշխանությունները։ Բայց նույն հավատի կորուստն է նաև դարձել այդ պետությունների ու կայսրությունների կործանման պատճառը։ Հավատի և հիասթափության, վստահության ու ատելության սահմանը շատ նուրբ է, հաճախ անտեսանելի։ Ինչպես որ անտեսանելի են հավատը ծնող անհատական ու հանրային զգացմունքները։ Անհատական մակարդակում հիասթափությունը հեշտորեն դառնում է ապատիա՝ արդեն հասարակության պարագայում։ Հիասթափված ու չհավատացող անհատներից բաղկացած հանրույթը պետությունների ճահճացման ու դեգրադացման ամենակարևոր խթանիչն է։


Հավատի սնուցման համար, սակայն, միայն էմոցիաները բավական չեն։ Տեսարանները իրենց գործն անում են, բայց դրա ռեսուրսը սահմանափակ է։ Էմոցիաների պակասը մարդկանց ստիպում է մտածել։ Իսկ միտքը, գաղափարը հավատի առաջին թշնամին են։ Հավատը իռացիոնալ է իր բնույթով ու անփաստարկ, միտքը ծնում է հիմնավորումներ ու փաստարկներ ու սկսում է մաշել հավատը։ Ու այն պահից, երբ իշխանության քայլերին հասարակությունը կդադարի վերաբերվել զգայականով ու կսկսի վերաբերվել բանականով, ահա այդ պահից սկսվելու է հավատի դևալվացիան։

Եթե, իհարկե, արդեն չի սկսվել։



Առաջիկա ընտրությունները թավշյա հեղափոխությունը սնած հավատի առաջին խոշոր ստուգատեսն են լինելու, դրանք լինելու են ոչ այնքան ընտրություններ, որքան հավատաքննության ակտ։

Թավշյա հեղափոխության հավատը ծնվել է փողոցում։ Այդ հավատը հիմա կառավարական կաբինետների պատերի ներսում է։ Այդ պատերը յուրահատուկ սահմաններ են հավատի աղբյուրի՝ հասարակության ու հավատը կրողների միջև։ Իշխանությունը հաստացնում է այդ պատերը։ Հավատը աստիճանաբար մնում է փողոցում։

Իշխանությունը դեռ չի գտել այն, ինչը կարող է փոխարինել հավատին։ Հասարակությունը ցանկացած պահի կարող է անել իր քայլը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->