Կծիկը քանդվում է. Քրեա-օլիգարխիկ համակարգը պայթեց — ingablog

Lragir.am-ը գրում է՝


Երկիր Մեդիային տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իշխանության մեջ չի եղել մեկը, որ դեմ լիներ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին արտակարգ դրություն մտցնելուն. «Չի եղել որեւէ մեկը, որ զանգեր ասեր՝ չարժե նման բան անել։ Բոլորի համար պարզ էր, որ իրավիճակը այլ կերպ հնարավոր չէր զսպել։ Եթե դա չլիներ, կարող է զոհերի քանակը կրկնակի, եռակի ավել լիներ»։

Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:


Իսկ այսպես ասած հիմքը 0038 գաղտնի հրամանն է, բանակի ներքաշումը ներքաղաքական իրադարձություններին: Նույն հոդվածով մեղադրանք է ներկայացվել այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին: Քոչարյանն ասում է, որ այդ հրամանի հետ ինքը կապ չունի:

Հարցաքննվել է ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Հնարավոր են այլ բարձրաստիճան զինվորականների հարցաքննություններ, որի մասին ակնարկում է նաեւ Քոչարյանը:

Քրեական օրենսգրքի այս հոդվածը «ունիվերսալ» է եւ կարող է առնչվել բոլորին, ովքեր դեմ չեն եղել Քոչարյանի որոշմանը: Դրանք թե բարձրաստիճան պաշտոնյաներն են, սկսած Սերժ Սարգսյանից, թե օլիգարխները, որոնց բանդաները ՊՆ-ից հագուստ էին ստացել եւ ներգրավվել իրադարձություններին:

Ի դեպ, օլիգարխների ցուցակը կա, ժամանակին հրապարակվեց մամուլում:

Քոչարյանն ասում է, որ իր հետ կատարվածը ռումբ է պետականության տակ, որը պայթելու է: Իրականության մեջ, երեկվա իրադարձություններն իսկապես ռումբ են, Հայաստանում երկու տասնամյակ իշխանությունը յուրացրած քրեական օլիգարխիայի համակարգի տակ դրված ռումբ:


Քոչարյանին մեղադրանք առաջադրելն այս տեսանկյունից շրջադարձային իրադարձություն է ոչ միայն մարտի 1-ի բացահայտման գործում, այլեւ քրեա-օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման գործընթացում:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin