>

1in.am-ը գրում է՝

Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով հուլիսի 26-ին մեղադրանք է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի համար նրան որպես վկա հրավիրել էին հարցաքննության: Քոչարյանը ավելի ուշ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում հայտարարել է, որ հրավիրված էր որպես վկա, սակայն հենց սկզբից քննիչը հայտնել է, որ իրեն առաջադրում են մեղադրանք՝ սահմանադրական կարգը տապալելու համար, ինչպես պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ներկայացված մեղադրանքը:

Քոչարյանը այդ հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա օրերին կլինեն նոր անուններ, ինչպես ինքն է ենթադրում՝ դատելով քննչական ծառայությունում տեղի ունեցածից: Ըստ նրա՝ խոսքը վերաբերելու է այդ ժամանակ բարձրագույն զինվորականներին: Քոչարյանը հայտարարել է, որ մեղադրանքից հետո նա հրաժարվել է ցուցմունք տալ: Փոխարենը երկրորդ նախագահը բավականին թափանցիկ «ցուցմունքներ» տվեց իր հարցազրույցում, որոնք կարող ենք խմբավորել և ամփոփել մի քանի կետերով:




Քոչարյանի զոհերը

Քոչարյանը հայտարարել է, որ նոր իշխանությունն իր դեմ շինծու գործ է սկսել՝ վախենալով առաջիկա արտահերթ խորհրդարանական գործընթացում իր քաղաքական ակտիվությունից: Այստեղ Քոչարյանը չի հստակեցրել, այդուհանդերձ, թե արդյոք պատրաստվո՞ւմ էր այդպիսի ակտիվության:





Մինչդեռ այդ հանգամանքը առաջացնում է այլ հետաքրքիր հարց՝ իսկ ո՞ւմ հետ, ի՞նչ միջոցով էր Քոչարյանը պատրաստվում այդպիսի ակտիվ քաղաքական գործունեության: Նրա գործընկերը Դաշնակցությո՞ւնն էր լինելու. ի դեպ, այդ համատեքստում հետաքրքիր է, որ նրա «ինքնապաշտպանական» հարցազրույց-հարթակը տրամադրվել էր հենց ՀՅԴ-ին պատկանող հեռուստաալիքում, թե՞ Քոչարյանի ակտիվության գործընկերը լինելու էին Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանի հետ միասին, այսպես ասած՝ վերաֆորմատավորված ՕՐՕ տարբերակը, բայց առանց Րաֆֆիի կամ գուցե նրանով՝ ո՞վ գիտե: Իսկ գուցե Քոչարյանը դիտարկում էր Գագիկ Ծառուկյանի՞ն որպես գործընկեր կամ որպես ֆորմատ, որը կապահովեր Քոչարյանի ակտիվությունը՝ հաշվի առնելով այն, որ մինչև 2015-ի փետրվար հենց Ծառուկյանի ֆորմատով էր Քոչարյանը փորձում սպասարկել իր քաղաքական հետաքրքրություններն ու Սերժ Սարգսյանի հանդեպ ընդդիմախոսությունը:

Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույցում շեշտում էր նաև այն հանգամանքը, որ անցնող տասը տարում եղել է Սերժ Սարգսյանին ընդդիմություն, գրեթե խզել է նրա հետ կապը: Երկրորդ նախագահը բավական թափանցիկ ակնարկում էր, որ նաև Սարգսյանին է ձեռնտու ներկայումս իր չեզոքացումն ակտիվ քաղաքական հեռանկարից: Մյուս հանգամանքն այն էր, որ Քոչարյանը նաև մատնացույց էր անում, որ Մարտի 1-ի իր գործողություններն ունեցել են Սերժ Սարգսյանի հավանությունը: Նա հայտարարել է, որ չի եղել մեկը, որը կարող էր դեմ լինել և արտահայտել է իր դեմ լինելը: Այդպիսով Քոչարյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանի դեմ կարող է ցուցմունք տալ:


Մյուս հանգամանքն այն էր, որ Քոչարյանը որպես այդ ամենի սկզբնավորում ակնարկում էր Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսությունը՝ այդպիսով թերևս ակնարկելով, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքով շարունակվում է հենց այդ, այսպես ասած, «դավադրությունն իր դեմ»:

Միաժամանակ Քոչարյանը ուղիղ կերպով մեղադրեց նաև Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նա էր Մարտի 1-ին ղեկավարում Մյասնիկյանի արձանի մոտ հավաքը և թույլ չտվեց, որ ցուցարարները պայմանավորվեն ոստիկանության հետ և ընդունեն այլ վայր տեղափոխվելու և հավաքը շարունակելու առաջարկը:

Եվ վերջապես, Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն փորձեց խաղարկել բանակի գործոնը՝ հայտարարելով, թե վարկաբեկում են բանակը և ուրախացնում Ադրբեջանին, քանի որ ինքը Ղարաբաղյան հաղթանակների կերտողներից է: Սա ակնհայտ զգայական շեշտադրում էր՝ մի կողմից, մյուս կողմից՝ թերևս փորձ աջակցություն ստանալու բանակում:



Քոչարյանը հայտարարել է, թե ոչ մի տեղ չի փախչի և պատրաստ է հայտնվել բանտում, բայց անգամ այնտեղից պայքարելու է ճշմարտության համար: Անկասկած է, որ երկրորդ նախագահը բացարձակապես չի ընդունելու որևէ մեղադրանք: Դա միանգամայն տրամաբանական ու օրինաչափ է: Այլ հարց է, թե քննչական մարմինը որքանով համոզիչ և պրոֆեսիոնալ կլինի ապացույցների հարցում:

Մյուս կողմից, սակայն, Քոչարյանի հարցազրույցում չափազանց նկատելի էին նրա բավական նյարդային և նույնիսկ հուսահատ, ինչ-որ առումով էլ տագնապալի անակնկալով ապրումները ու նաև՝ բավական թափանցիկ սպառնալիքները, որ այդ դեպքում կբացահայտի շատ բաներ, և նույնիսկ գրքի տեսքով, որի մասին նա հայտարարել է առաջին անգամ: Քոչարյանն ասել է, թե վերջին երկու տարում գիրք էր գրում՝ ինքնակենսագրական, որում անցնող տարիների ամբողջ պատմությունն է՝ նաև խոհանոցային խոսակցությունների դրվագներով, որը շատ հետաքրքիր կլինի:

Փաստորեն, Քոչարյանը արդեն երկու տարի է՝ պատրաստվում է ինքնապաշտպանության:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->