>

Ես չէի կարող այս նամակը չգրել Ձեզ, չնայած գիտեմ, որ Դուք այն անտեսելու եք: Իսկ եթե պատահաբար այն Ձեր ձեռքն ընկնի, ապա չեք կարդալու, որովհետեւ ժամանակավրեպ եք դիտելու: Բացի այդ, իշխանական գահի կորստի դառնությունը Ձեզ թույլ չի տալու լսել անցյալի Ձեր նախագահական ուղու էությունը բացահայտելու փորձերը: Իսկ եթե կարդաք էլ, ապա կարծում եմ, որ այն Ձեզ բոլորովին չի հուզելու: Այս ամենն իմանալով՝ ինչո՞ւ եմ դարձյալ բաց նամակով դիմում Ձեզ: Անցյալում անզորության, անելանելիության զգացումն էր ինձ մղել այդ քայլին, հիմա՝ զարմանքի, հիասթափության: Որովհետեւ նոր է միայն մեզ պարզ դառնում, թե որքա՜ն է իջել իշխանական կարեւոր լծակներին տիրող Հայաստանի վերնախավը: Հետո՝ բերկրանքի ցգացումն է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի երիտասարդությունը կարողացավ միանալ, միաձուլվել եւ կատարել անհնարինը, վերջ տալ բռնության եւ անօրինականության այն համակարգին, որը Ռոբերտ Քոչարյանը եւ Դուք էիք ստեղծել, որի ռեալ, հանցավոր էությունը եւ իրական չափերը նոր են հանրության առաջ բացահայտվում: Եվ, ինչ խոսք, Դուք կարողանում էիք օտարների համար այդ բոլորը վարպետորեն քողարկել, պարուրել գեղեցիկ խոսքերով…

«Կաշառքը զզվելի բան է»:




Քոչարյանի զոհերը

«Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը»։





«Մենք հանդուրժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձեւավորում»։

«Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով»։


Ինչո՞ւ եք այս ամենն ասել: Արդյոք ցանկանում էիք ինքներդ Ձեզ հաճոյանա՞լ, Ձեզ մոտ վկայակոչել լավը եւ լռեցնել չարությունը, որը Ձեր ու Ձեր շրջապատի մարդկանց պետական կառավարման եւ ժողովրդին արհամարհելու հիմք էր դարձել, որն այնքան գերակշռող էր եւ իշխում էր այն բոլոր զգացմունքներին, որոնք մարդկային են: Հուզվել, կարեկցել, հուսադրել… Արդյոք Դուք՝ Ձեր շրջապատով հանդերձ, գիտե՞ք հուզվել, գիտե՞ք կարեկցել մարդկանց, Ձեր հայրենակիցներին: Ովքեր հիվանդ են, ովքեր կարիքի մեջ են, ովքեր չգիտեն, թե ինչպես կերակրեն իրենց երեխաներին, ինչ հագցնեն, որտեղ փնտրեն նրանց, երբ նրանք փողոցներում թրեւ են գալիս եւ ողորմություն են աղերսում: Արդյոք երբեւէ այցելե՞լ եք դեռ երկրաշարժից տնավեր ընտանիքներին, լքված մայրերին, երեխաներին: Փորձե՞լ եք նրանց գոնե կարեկցանքի, հուսադրող խոսքեր ասել: Փորձե՞լ եք, որպես երկրի նախագահ, նրանց ինչ-որ կերպ օգնել, հուսադրել: Արդյոք երբեւէ փորձե՞լ եք բանակի ոչ առողջ պայմաններում թշնամու գնդակից զոհված կամ յուրայինի կողմից նենգորեն սպանված զինվորի մորը, հարազատներին այցի գնալ կամ նրանց Ձեզ մոտ հրավիրել, որպեսզի գոնե ինչ-որ չափով սփոփեք որդեկորույս ծնողների վիշտը: Գիտեմ, նման հարցեր Ձեզ ուղղելն անիմաստ է, ընդհանրապես Ձեզ գրելն է անիմաստ: Բայց ես գրում եմ ինքս ինձ համար, որովհետեւ ցանկանում եմ ընթերցողի հետ բարձրաձայն մտածելու ընթացքում ճանաչել մարդու Ձեր տեսակը, ճանաչել երեք եղբայրներ Սարգսյաններին, նրանց զավակներին, դուստրերին, եթե, իհարկե, դա կարելի կլինի: Այնպե՜ս կուզեի կանգնել բոլորիդ դեմ-դիմաց, հնարավորինս նայել բոլորիդ աչքերի խորքերը՝ հասկանալու համար մարդուն, հասկանալ, թե իշխանավոր մարդը, իշխանավորին թիկունք ունեցող մարդ արարածը որքան կարող է իջնել, մինչեւ ինչ աստիճանի: Գիտեմ, որ սա բարդ հարց է, եւ ես առաջինն ու վերջինը չեմ, ով ցանկանում է ինչ-որ կախարդական հնարքով նման մարդկանց ներսը, հոգու խորքերը նայել, թե որքան չարություն կա այնտեղ, ընչաքաղցություն, ագահություն: Իրականում նա ցանկանում է իմանալ՝ արդյոք դույզն-ինչ դեռ բարություն մնացե՞լ է այնտեղ, թե՞ մարդը, մարդկայինն իսպառ լքել են նրանց:

Բայց անցյալում մենք երբեմն ցանկանում էինք հավատալ նաեւ այդ տեսակի մարդուն: Հավատալ, որ նրա մեջ դեռ կա սեր, գուրգուրանք, կա լավը տեսնելու ցանկություն՝ գոնե իր երեխաների համար: Բայց, ավաղ, մենք չարաչար սխալվեցինք: Անեզր հուսահատվեցինք, որովհետեւ վկան ենք եւ տեսնում ենք, թե որքան է հանցանքի մեջ ընկղմվել այդ մարդը, այդ հոգին՝ իր շուրջը հավաքելով, այո, ասող պատեհապաշտների ամբողջ մի բազմություն եւ տիրանալով ադամանդների, ոսկիների, զարդեղենների, թանկարժեք մեքենաների, մարդ սպանող զենքերի եւ, «մեղա Աստված», թմրադեղերի, որոնք վերավաճառելով՝ անդունդ է գլորել բազմաթիվ երիտասարդների, ովքեր որ զենքն ուսերին պաշտպանելու էին հենց նրանց հայրերի, մայրերի ու հարազատների անդորրը: Այո, այո, այս ամենը գիտենալով, դուք եղբայրներով այլեւս ինչպե՞ս եք կարողացել նայել ձեր մերձավորների, ընդհանրապես՝ ձեր շրջապատի մարդկանց աչքերի մեջ: Գիտեմ, որ հնարավոր չէ Ձեզնից լսել, ուրեմն պետք է կռահումներ անել՝ ճանաչելու համար մարդու Ձեր տեսակը: Հասկանալու համար, թե Դուք մարդկային ինչ չափանիշներով եք առաջնորդվել, ինչ սկզբունքներով եք բազմաթիվ անգամ Ձեր ձեռքն Ավետարանի վրա դնելով, երդվել այն, ինչը որ չպետք է երդվեիք: Որովհետեւ իրավունք չունեիք երդվելու, գիտեիք, որ Ձեր ձեռքն Ավետարանի վրա դնելով եւ կեղծ ու փուչ երդումներ տալով՝ խաբում եք նույնիսկ ինքներդ Ձեզ, Ձեր ընտանիքին, մերձավորներին, հարազատներին եւ ամբողջ մի ժողովրդի: Մենք շատ բան կարող էինք երեւակայել, բայց որ դուք երեք եղբայրներով ոչ միայն ստեղծել, սնուցել ու գլխավորել եք հանցագործների մի ամբողջ բանակ, այլեւ ձեր զավակներին ու դուստրերին եք հանցագործ դարձրել, դա վեր էր մեր պատկերացումներից:



Հիշում եմ, թե Դուք Բեռլինում որքան Ձեզ վիրավորված ձեւացրիք այն բանից հետո, երբ հարց բարձրացվեց, որ Հայաստանում անօրինականություններ կան: Մարդկային պատմությունը մեզ ուսուցանել է, որ կարելի է ճշմարտությունը ժամանակավոր բռնաբարել, խեղաթյուրել, բայց ընդմիշտ վերացնել չի կարելի: Դուք այս հասարակ բանաձեւը պետք է որ սերտած լինեիք եւ չգնայիք Ձեր նախորդների հետքերով, բայց գնացիք եւ, ամենաահավորը՝ կատարելագործեցիք չարիքը, անօրինականությունները՝ այդպիսով տնավեր, թափառական դարձնելով հարյուր հազարների, աղքատության մատնեցիք սեփական ժողովրդի 1/3-ին: Եվ ուշացումով կատարվեց այն, ինչը որ պետք է կատարվեր․ ժողովրդի ցասումը Ձեզ ստիպեց, որ հրաժարական տաք: Գիտեմ, որ Դուք շատ կցանկանայիք կախարդական գավազանի մի հարվածով կանխել այն բոլոր հանցագործների բացահայտումը, որոնք այսօր ի հայտ են գալիս: Ավա՜ղ, չեք կարող: Եվ լավ է, որ չեք կարող:

Բայց հետաքրքրասեր մարդը ցանկանում է իմանալ: Արդյոք Դուք գիտեի՞ք այդ ամենի մասին, Ձեր եղբայրների, մանվելների, նրանց որդիների հանցագործությունների մասին, թե՞ Ձեր ապաշնորհ դատախազի, ԱԱԾ-յան պաշտոնյաների նման կհայտարարեք, որ չգիտեիք: Բաց՝ ո՛չ: Մենք այդքան միամիտ չենք, որ հավատանք դրան, եւ գուշակում ենք, որ Դուք էլ, աշխարհի բոլոր բռնակալների նման, զայրույթով Ձեր բռունցքն եք սեղմում եւ զղջում, որ ժամանակին թույլ գտնվեցիք եւ հեղափոխությունը չխեղդեցիք բարուրի մեջ: Չէ՞ որ Դուք ընդունակ էիք եւ կարող էիք դա անել: Գուշակում եմ, որ Դուք միայն դա եք համարում Ձեր իշխանական տարիների ամենասարսափելի սխալը…

Սամվել ՀՈՎԱՍԱՓՅԱՆ — Բեռլին

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->