>

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 27-ի համարում:

Հուլիսի 26-ին ՀՀ կառավարության բուֆետում «միտինգ» էր: Ճաշարանի աշխատակիցները «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ շուտով իրենց փոխարեն բուֆետի կառավարումն իրականացնելու է «Ռեդի Սթեդի» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, որն առավել հայտնի է «Արտ-լանչ» արագ սննդի ցանցով:

Երեկ կառավարության բուֆետի աշխատակիցները ստորագրահավաք էին սկսել, որի միջոցով փորձում էին պարզել՝ արդյո՞ք հաճախորդները դժգոհ են իրենց սպասարկումից: Կառավարության աշխատակազմից նրանց տեղեկացրել էին, որ գոհ չեն սպասարկումից եւ որակի բարձրացման նպատակով բուֆետն այլ ընկերության են հանձնում՝ կառավարման համար:




Քոչարյանի զոհերը

Կառավարության բուֆետում ծառայություն մատուցում են կառավարության հաշվեկշռում գտնվող «Սպասարկում» պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները: Կառույցի բուֆետը շահույթ չի հետապնդում եւ կարողանում է իր գործունեությամբ ապահովել ծախսածածկույթ: Աշխատակիցները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նաեւ տեղեկացրեցին, որ իրենց «Արտ-լանչի» կողմից ընկերության այլ մասնաճյուղերում նոր աշխատանքներ են առաջարկվել: Սակայն իրենք դեմ են, քանի որ նշում են, թե այդ դեպքում այլեւս պետական աշխատակից չեն համարվելու: Խոսքը 20-25 աշխատակցի մասին է:





Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ բուֆետի կառավարումը հանձնում են այլ ընկերության, որովհետեւ գոհ չեն «Սպասարկում» ՊՈԱԿ-ի աշխատանքից:

«Ես իմ ընդմիջումն ամեն օր կառավարության ճաշարանում եմ անում եւ որակը ինձ չի բավարարում: Այս պահին «Արտ-լանչ»-ի հետ քննարկումներ ենք իրականացնում, եթե հնարավոր է իրենք սպասարկումը իրականացնեն»,- ասաց Աղաջանյանը:

Էդուարդ Աղաջանյանի փոխանցմամբ՝ բուֆետի կառավարչին ընտրելու համար մրցույթ չի հայտարարվել, որովհետեւ պետական բյուջեից ծառայության համար որեւէ գումար չի հատկացվելու: «Արտ-լանչը վերցնում է ճաշարանը եւ անհատույց ծառայություն է մատուցում»:


«Սպասարկում» ՊՈԱԿ-ը չի լուծարվելու: Աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ այն ոչ միայն զբաղվում է բուֆետի, այլ նաեւ ամբողջ շենքի սպասարկմամբ: Մասնավորապես, զբաղվում են շենքի մաքրությամբ եւ էներգոհամակարգի սպասարկմամբ եւ այլն:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ բուֆետի ոչ մի աշխատակից գործազուրկ չի դառնալու: «Քննարկումներ են գնում եւ նախապայմաններից մեկն էլ այն է, որ աշխատակիցները շարունակեն աշխատել: Կարծես թե այս պահին համաձայնության ենք գալիս»,- ասաց նա:

Կառավարության բուֆետի գներն այս պահի դրությամբ ամենաէժանն են բոլոր պետական կառույցներից: Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք «Արտ-լանչի» գալուց հետո կառավարության ճաշարանի գների բարձրացում չի լինի: Ի դեպ, այլ բաժինների աշխատակիցներ երեկ բուֆետում նաեւ այդ հարցն էին քննարկում:



«Ես երեկ ֆինանսների նախարարության բուֆետում եմ ճաշել եւ կարող եմ ասել, որ մեծ տարբերություն չկար: Նույն քանակությամբ սննդի համար մեր ճաշարանում վճարում եմ 940 դրամ, իսկ «Արտ-լանչում»՝ 1040 դրամ: Վստահեցնում եմ, որ որակական լուրջ տարբերություն կա»,- ասաց նա:

«Արտ-լանչ» սննդի ցանցի տնօրեն Բակուր Մելքոնյանն էլ ՀԺ-ին փոխանցեց, որ դեռ կառավարության հետ քննարկումները շարունակվում են: Ըստ նրա՝ գլխավոր պայմանը եղել է այն, որ կառավարության «Սպասարկման» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պետք է շարունակեն աշխատել, որին «Արտ-լանչում» դեմ չեն: Ընկերությունը պատրաստվում է նաեւ բուֆետի տարածքը վերանորոգել: Այժմ սպասում են, որ կառավարությունը վերջնական պայմանների ցանկն ուղարկի քննարկման:

«Արտ-լանչի» սեփականատերը պատասխանելով ՀԺ-ի այն հարցին, թե աշխատակիցները ցանկանում են շարունակել կառավարությունում աշխատել, այլ ոչ թե ընկերության այլ մասնաճյուղերում, ասաց, որ այդ թեմայով քննարկում արդեն եղել է:

«Ես իրենց ասել եմ, որ մեր ընկերությունում 300-ից ավելի աշխատակիցներ կան եւ ոչ մեկն էլ իմ ծանոթն ու բարեկամը չեն: Ինձ էլ պետք չի, որ այդ անձնակազմը ցրեմ եւ ուրիշ աշխատակիցներ գտնեմ, երբ որ կադրերի խնդիր կա: Տեղափոխումներ կարող են լինել այն առումով, որ ավելի պրոֆեսիոնալները գան այնտեղ, իսկ իրենք գնան ուրիշ տեղ սովորելու, փորձ ձեռք բերելու: Սա մեր մոտ ընդունված է, գնում ուրիշ մասնաճյուղում վերապատրաստվում են ու հետ են գալիս»,- ասաց նա:

«Արտ-լանչի» սեփականատերը եւս բացառեց, որ կառավարության բուֆետում զգալի գնաճ է լինելու:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->