>

Կորոնավիրուսով վարակված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական հայտարարությունն է տարածել՝ հորդորելով կառավարությանը լրջանալ և աշխատել:

Ի տարբերություն նախկին հայտարարությունների՝ այժմ Ծառուկյանը կառավարության հրաժարականի մասին չի խոսում, նաև անդրադարձ չկա, իր իսկ խոսքերով ասած, հակառուսական տրամադրություններին:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ ողջ հայտարարության մեխը մեկ նախադասություն է.

«Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ»:

Ֆեյսբուքյան իր էջում Հմայակ Հովհաննիսյանը գրել է. «Այս ինքնախոստովանությամբ Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունն է հայտնում խոնարհաբար մատուցելու Նիկոլ Փաշինյանին այն նույն ծառայությունները, որոնք տարիներ շարունակ ջանասիրաբար մատուցել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:




Քոչարյանի զոհերը

Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանը դառնալ նրա համար մի նոր Սերժ Սարգսյան՝ արդեն երկրորդ անգամ հնարավորություն ընձեռելով պաշտոնապես Դոդի Գագո հռչակվելուց ու բամփվելուց հետո նորից անցնել ժողովրդից գողացած փողերով իշխանությունն ու ընդդիմությունը «կամրջելու» և քաղաքական հաճախորդությունը սնուցելու գործին:

Բարգավաճող կուսապուշները մինչև հիմա չեն հասկացել, որ հեղափոխությունն իրենց այդ «բալանսավորող» տեսակը դարձրել է ավելորդ, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է և հավատարիմ է հեղափոխության իդեալներին՝ նրանք քաղաքականության մեջ տեղ չունեն: Նրանց արժանի տեղը Նիժնի Տագիլի գաղութն է, այլ ոչ թե քաղաքականությունը»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը հարցեր ուղղեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:


– Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչը դրդեց Ծառուկյանին մեղմացնել իր դիրքորոշումը:




– Դիրքորոշումը մեղմացավ ակնհայտ պարտության պատճառով: Ժողովրդական մի ասացվածք կա՝ հոգեվարքի մեջ ընկած այծը փաթաթվում է տիրոջ ոտքերին:

Ծառուկյանի համար տերը իշխանության կրողն է: Մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, որին սպասարկում էր և որի միջոցով դարձավ մեծահարուստ, բայց հետո նրան դավաճանեց, երբ վերջինս զրկվեց իշխանությունից: Հետո Սերժ Սարգսյանն էր, նրան հաճույքով ծառայում էր հաճախորդության ինստիտուտի գլխավոր հովանավորի դերում՝ այլասերելով քաղաքական դաշտը:

Հետո դավաճանեց նաև Սարգսյանին, երբ նա զրկվեց իշխանությունից: Հիմա էլ պատրաստ է սպասարկել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չէ, որ հեշտ կհրաժարվի պայքարի ու մաքառումների ճանապարհով ժողովրդի կողմից ստացած իշխանությունից:

Նա հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանը կընկրկի, որ իրեն կհաջողվի բազմահազարանոց զանգված հավաքել՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Իշխանությունից զրկված իր բոլոր տերերին դավաճանելուց հետո փորձեց ինքն իշխանության տերը դառնալ: Քանի որ դա նրան չհաջողվեց, պատրաստ է հիմա մտնել իր սովորական դերի մեջ:

2015 թվականին Ծառուկյանը մոտ էր կանգնած իշխանությունը վերցնելուն, բայց նահանջեց, հիմա էլ իրեն թվաց, թե նորից մոտ է իշխանությունը նվաճելուն, բայց ժողովուրդը ճիշտ է ասում՝ փոս փորողն ինքն է փոսն ընկնում:

Ինքը մեծ հույսեր էր կապում, որ սոցիալական այս դժգոհությունների պայմաններում ժողովուրդ կհավաքի, բայց չկարողացավ ուժի ցուցադրման միջոցով հասնել իր ուզածին: Պարզվեց, որ նա այդ ուժը չունի, մարդիկ իրենից երես են թեքել, ուստի որոշել է քծնանքի, շողոքորթության, իր «օգտակարությունը» տարբեր ձևերով հիմնավորելու միջոցով մեղքերի թողություն ստանալ:

Գագիկ Ծառուկյանը չի հասկանում մի պարզ բան՝ հեղափոխությունը հենց իր տեսակի դեմ է տեղի ունեցել, այդ հեղափոխությունը ոչ միայն Սերժին, այլև Սերժի համակարգը սպասարկող դոդերին մերժելու համար էր, և ինքը տեղ ու դեր չի կարող ունենալ հետհեղափոխական իրականության մեջ: Այլևս իշխանության ու ժողովրդի միջև գոյություն չունի այն անջրպետը, որն ինքը կարող է հավակնել կամրջելու՝ իր ծառայությունները մատուցելով իշխանությանը:


Ժողովուրդն այլևս սեփական արդար, օրինական քվեի միջոցով է իշխանություն ձևավորում, և ձայներ գնելու իրեն հոգեհարազատ ժամանակներն անցել են: Իշխանությունը չի զավթվում այլևս, ուստի ժողովրդի ու իշխանության միջև անջրպետ չի կարող առաջանալ: Ինքն այլևս ավելորդ մարդ է քաղաքականության մեջ, ու այդ ավելորդ մարդուն պետք է հեռացնել: Մանավանդ հաշվի առնելով այն, որ այդ մարդն իր վարքագծով փորձում է վերադարձնել այդ հին կարգերը՝ նոր պայմաններում նույն ստոր դերակատարությունը ստանձնելով:

Պարզ է, որ իր հայտարարության տեքստը հայտնի պատճառներով ինքը չի գրել, իսկ այդ տեքստը գրողները մատուցել են Ծառուկյանին արջի ծառայություն, բայց նա դա ի զորու չէ հասկանալու:

Ինքը շարունակում է պնդել, որ իր նկատմամբ քաղաքական հալածանք է եղել, և հավակնում է համոզել Նիկոլ Փաշինյանին դառնալ Սերժ Սարգսյան ու ընդունել, որ իր ծառայություններն այնքան պահանջված են, որ այդ ծառայություններից օգտվելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է կասեցնի զուտ իրավական դաշտում տեղի ունեցող իր նկատմամբ գործընթացը:

Մեղքերի թողություն Նիկոլ Փաշինյանն իրավասու չէ իրեն շնորհելու, դա վարչապետական լիազորություններից վեր է, որովհետև Ծառուկյանի հետ կապված հարցերը դատաիրավական հարթության վրա են:

Այն գործերը, որոնք իր դեմ հարուցված են, զուտ իրավական հարթության վրա են ու որևէ առնչություն չունեն իր անձը կարևորելու հետ, որովհետև իր անձի քաղաքական ոչնչությունը երևաց այն ժամանակ, երբ ինքը փորձեց ժողովուրդ հանել փողոց: Հազարից ավելի մարդ չարձագանքեց իր կոչին, ու նա, արդեն իսկ պարտված լինելով, չի կարող կարևորել իր անձը ու ներկայացնել այնպես, թե իշխանությունն իրեն հետապնդում է:

Նա այդ առումով իսկապես ոչ մի վտանգ չի ներկայացնում, սակայն, մյուս կողմից, իր դիմումները Ռուսաստանին ու փորձերը՝ արջին ներքաշելու մեր ներքաղաքական խնդիրների կարգավորման մեջ, վտանգ իսկապես ներկայացնում են: Դա արդեն դավադիր, սադրիչ շանտաժ է: Փաստորեն Ծառուկյան Գագիկ կոչեցյալը զբաղված է հայոց պետականության շանտաժով:

Պատմությունը ցույց է տալիս, որ արջի ներքաշումը մեր ներքաղաքական գործընթացներում միշտ ծանր հետևանքներ է ունեցել մեզ համար: Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ ԱԺ-ում իր ներկայացվածությամբ երկրորդ ուժի առաջնորդը հանդես է գալիս ռուսական արտահայտությամբ՝ «կազյոլ պրովոկատոր»-ի դերում: Նա մրցակցային հնարավորություններ չունի, նրա՝ 100 տոկոսով այս հեղափոխական իշխանություններին հեռացնելու կոչն արձագանք չստացավ լայն հանրության կողմից:

Նա վտանգ չի ներկայացնում, որպես քաղաքական պրոցեսի մասնակից՝ նա մրցունակ չէ, բայց վտանգ է ներկայացնում որպես «կազյոլ պրովոկատոր», որպես մարդ, որը ռուսաստանյան վերնախավի հետ իր կոռուպցիոն կապերն օգտագործելով՝ հայոց պետականությունը խարխլելու նպատակներ է հետապնդում: Տարիներ շարունակ մեր ժողովրդին թալանել է, այդ թալանածի մի մասն ընտրակաշառքին էր տրամադրում, մյուս մասն էլ՝ մոսկովյան չինովնիկներին կաշառելուն:


Հիմա այդ կոռուպցիոն կապերն օգտագործելով՝ փորձում է ռուսական արջին օգտագործել մեր անկախ պետության դեմ՝ նաև հաշվի առնելով, որ Ռուսաստանն ունի լուրջ լծակներ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու և նույնիսկ քաոսի վերածելու համար:

– Բայց կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանը մերժեց նրան:

– Իհարկե, մերժեց: Բայց նա բռնում է փրփուրներից, փորձում է արջին համոզել՝ հավաստիացումներ տալով իր օգտակարության վերաբերյալ: Մի կողմից՝ շողոքորթում է Նիկոլ Փաշինյանին՝ համոզելով նրան, որ ինքը կարող է օգտակար լինել, մյուս կողմից՝ փորձում է համոզել ռուսաստանյան շրջանակներին՝ մասնավորապես «Եդինայա Ռոսիային», որի հետ եղբայրացել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, և հիմա էլ փորձում է համոզել, որ իրեն պաշտպանեն:

Նա չի կարող պատասխանել մի շատ պարզ հարցի՝ ի վերջո, ո՞ւմ է ուզում ծառայել՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ արտաքին ուժերին, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը մերժում է որևէ արտաքին միջամտություն մեր ներքաղաքական կյանքում:

Նիկոլ Փաշինյանը բոլորին հասկացրել է, որ ինքը մերժում է որևէ միջնորդի, իր շփումները ՌԴ ղեկավարության հետ պետք է լինեն չմիջնորդավորված որևէ մեկով, որովհետև ինքն է պատասխանատվություն կրում ՀՀ քաղաքացիների առջև հայ-ռուսական միջպետական փոխհարաբերությունների բովանդակության ու որակի համար:

Ազգընտիր իշխանությունը ինչպես սեփական ժողովրդի հետ փոխհարաբերություններում միջնորդների կարիք չունի, այնպես էլ միջնորդների կարիք չունի արտաքին ուժային կենտրոնների հետ փոխհարաբերություններում, քանզի նման կարգի ցանկացած միջնորդ միշտ փորձում է այդ միջնորդությամբ իր անձնական շահերն առաջ տանել:

Հիմա Գագիկ Ծառուկյանը փորձում է միջնորդի դեր ստանձնել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ինչ-ինչ հարցերի լուծման գործում, իրեն փաստորեն վերագրում է ինչ-որ մենաշնորհ հայ-ռուսական հարաբերությունները սերտացնելու հարցում, բայց չի հասկանում, որ այս հեղափոխությունը հենց այդպիսի մենաշնորհների դեմ էր:

Հեղափոխությունը նաև այն շրջանակների դեմ է, որոնք փորձում են յուրացնել մեր ինքնիշխանության ներուժը ու այն օգտագործել անձնական նպատակների համար: «Եդինայա Ռոսիայի» հետ պայմանագիրը հենց այդ նպատակն էր հետապնդում:

Հասկանո՞ւմ եք՝ իշխանությունը չներկայացնող ուժը այդ ի՞նչ նպատակով կարող է այլ պետության իշխող կուսակցության հետ պայմանագիր կնքել:

Որպես կանոն, այլ պետության իշխող ուժը պետք է համագործակցի գործընկեր պետության իշխող կուսակցության հետ, բայց այդ մենաշնորհը Սերժ Սարգսյանը տվել էր Գագիկ Ծառուկյանին, որովհետև այն ժամանակ հենց այդ մենաշնորհների միջոցով էր կառավարվում ու նաև բզկտվում մեր երկիրը: Այդ մենաշնորհների յուրացման միջոցով էր մսխվում ու փոշիացվում մեր երկրի ինքնիշխանությունը:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, և դա հեղափոխության նվաճումներից մեկն է, որ թույլ չի տա որևէ առևտուր ազգային շահերի հաշվին: Հայաստանի Հանրապետությունն իրավասու է ներկայացնելու միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, միայն ազգընտիր իշխանությունը:

Անցել են այն ժամանակները, երբ զորիբալայանները Մոսկվայում հարցեր էին լուծում՝ նվաստացնելով մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը:

Դրա համար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը գրողները նրան արջի ծառայություն են մատուցել, ու իր ուղեղն էլ այնքան չի աշխատել, որ հասկանա դա: Ըստ էության դա ինքնամերկացում է՝ առ այն, որ նա տարիներ շարունակ ապականել է մեր քաղաքական դաշտը, մսխել է մեր ինքնիշխանության ներուժը ու հիմա խնդրագիր է ներկայացնում այդ գործը շարունակելու համար:

Բայց նա պետք է հասկանա՝ Նիկոլ Փաշինյանը որևէ պարագայում չի համաձայնի դառնալ Սերժ Սարգսյան: Ինքն այլևս պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր գնված կուսակցության հետ միասին պետք է հեռանա քաղաքականությունից ու չշարունակի այն դերակատարությունը,

որը, ինչպես հենց ինքն է խոստովանում, իրականացրել է երկար ու ձիգ տարիների ընթացքում, և որի շնորհիվ հանրապետականների մաֆիան մինչև 2018 թ. կարողացել է հլու-հնազանդ հոգեվիճակում պահել մեր ժողովրդին:

Сообщение Ծառուկյանը չի հասկանում մի պարզ բան՝ հեղափոխությունը հենց իր տեսակի դեմ է տեղի ունեցել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->