>

Lragir.am-ը գրում է՝

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ Քոչարյանը որևէ մեղքի զգացողություն չունի և չի ունեցել: Սա փաստորեն առաջին խոստովանությունն է կալանավորի կարգավիճակում:

Զարմանալի չէ իհարկե, որ չունի մեղքի զգացողություն: Դա լիովին Քոչարյանի ոճի մեջ է, բայց բարձրաձայնվում է առաջին անգամ:




Քոչարյանի զոհերը

Մեղքը դատարանն է որոշում, բայց մեղքի զգացողությունն այլ, ներանձնական երեւույթ է: Այն խոսում է տվյալ անհատի որակների, պատկերացումների մասին: Իսկ եթե խոսքը երկրի ղեկավարի մասին է, երկրում տեղի ունեցող մեծ ու փոքր իրադարձություններն այսպես թե այնպես առնչվում են անմիջապես իրեն, իր կառավարմանը, իր կառավարման հետեւանքներին:





Եթե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը չի հասկանում այս պարզ ճշմարտությունը, ավելին՝ հերքում է իր որեւէ առնչությունը, դա արդեն դժբախտություն է դառնում երկրի ու ժողովրդի համար:

Այդպես էր նրա կառավարման 10 տարիներին, նրա հետկառավարման 10 տարիներին, երբ նա չունենալով իշխանություն, լարվածության մեջ էր պահում Հայաստանը տարբեր դեմքերով ու դիմակներով, եւ երեւում է մտադիր է այդպես շարունակել առաջիկայում, բանտում թե ազատության մեջ:


Քոչարյանը նախքան կալանավորումը տված հարցազրույցում խոսում էր սպառնալիքներով ու շանտաժով, իսկ նրա պաշտպանների ու գրասենյակի ղեկավարի երեկվա ասուլիսը պարզապես այդ հարցազրույցի շարունակությունն էր:

Քոչարյանն ասում է, որ ոչ մի կապ չի ունեցել 0038 հրամանի հետ, չգիտեր զորքի տեղաշարժերի մասին, սպանությունների մասով ինչ որ վարկած է առաջարկում, մեղադրում ուրիշներին: Նրա պաշտպանները դիմել են Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս միջամտի:

Երեւում է, Քոչարյանը չի հասկացել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, եւ այլեւս չկա այն, ինչը նորմ էր իր իշխանության օրոք: Իր հերթին, իրավաբաններն ասում են, որ Քոչարյանը կարծես թե չի հասկացել իրեն առաջադրված մեղադրանքի եւ իր ներկայիս կարգավիճակի լրջությունը: Եթե հասկանար, չէր անի նման հայտարարություններ, որոնք ամեն մեկն ըստ էության ինքնախոստովանական ցուցմունքներ են եւ կարող են ավելի ծանրացնել նրա վիճակը, ընդհուպ նոր մեղադրանքների տեսքով:



Քոչարյանը մեկ ելք ունի ներկայում՝ նպաստել մարտի 1-ի լիարժեք բացահայտմանը: Ամեն ինչից «անտեղյակության» ու քաղաքական հալածյալ ներկայանալու փոխարեն նա կարող է օգնել ժամ առ ժամ, դրվագ առ դրվագ վերականգնել մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ամբողջական պատկերը, քննությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել ու ինչ գիտե ինքը:

Մարտի 1-ի գործը նաեւ քաղաքական գործընթաց է, եւ պետք չէ վախենալ նման բնորոշումից: Դա ամենեւին չի նսեմացնում իրավական կողմը, ավելին, լրացնում է այն, եւ սա օբյեկտիվ իրականություն է: Պետք չէ մոռանալ, որ առաջադրված է լուրջ մեղադրանք՝ Սահմանադրական կարգի տապալումը, ինչն առնչվում է երկրի քաղաքական իշխանության ձեւավորման խնդրին:

Սա նախեւառաջ պետք է հասկանան Քոչարյանն ու նրա պաշտպանները, առավել եւս հանրային ահռելի բացասական վերաբերմունքի, ահռելի փաստական բազայի ու ակնհայտ իրողությունների ֆոնին:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->