>

Lragir.am-ը գրում է՝

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը «պատմական պահ» է որակել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու որոշումը: Նա ասել է, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը նշանակում է, որ նա խլել է ուրիշի իշխանությունը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նա կալանավորվել է:




Քոչարյանի զոհերը

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը եւ նրա կալանավորումը բուռն քննարկումների առարկա է դարձել իրավաբանների, քաղաքագետների շրջանակներում: Ոմանք հիմնավոր են համարում այն, ոմանք ասում են, որ շրջանցվել է Սահմանադրական նորմը, ըստ որի Քոչարյանն անձեռնմխելի է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս գործած արարքների դեպքում:





Այս թեմայով բուռն բանավեճեր են ընթանում: Քոչարյանի պաշտպանները հղում են անում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ որոշմանը, եւ ասում են, որ քննիչն իրենց ասել է, որ այդ որոշումն ապօրինի է: Ավելի պարզ ասած, այստեղ խնդիրն այն է, որ եթե Տեր-Պետրոսյանը հաղթել էր ընտրություններում, այդ դեպքում կա իշխանության յուրացում: Իսկ եթե չէր հաղթել, նշանակում է ընդդիմությունը փորձում էր ուժով գալ իշխանության, ինչի մասին խոսել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը երեկվա ասուլիսում:

Մարտի 1-ի գործի ներկայիս ընթացքը, Քոչարյանի կալանավորումը ոգեւորություն ու հույս է առաջացրել հանրային լայն շրջանակներում, ամենատարբեր պատճառներով: Հնարավորություն է առաջացել վերջապես բացահայտել գործը, ինչն անկասկած մեծ նշանակություն ունի երկրում օրինականություն ու Սահմանադրական կարգ հաստատելու հարցում:


Միեւնույն ժամանակ, Արամ Մանուկյանի ասած պատմական պահն ամբողջական չի լինի, եթե ամեն ինչ «փակվի» Քոչարյանի շուրջ: Խոսքը պետական ծանրագույն հանցագործության՝ Սահմանադրական կարգի տապալման մասին է, որը պահանջում է քաղաքական համապարփակ գնահատական եւ հստակ պատասխանատվություն:

Հայաստանում Սահմանադրական կարգը ճակատագրի հեգնանքով տապալվեց հենց Սահմանադրության ընդունման տարում՝ 1995 թ. խորհրդարանի եւ 1996 թ. նախագահի ընտրություններում, երբ սկիզբ դրվեց իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմների ոչնչացմանը:

Հիշվում է՝ Վազգեն Սարգսյանն այդ ժամանակ հայտարարեց, որ եթե ընդդիմությունը հարյուր տոկոս ձայն էլ ստանար, իրենք իշխանությունը չէին հանձնելու: Այն ժամանակ ընդդիմադիրները բանտարկվեցին ու խոշտանգվեցին, մի քանիսին այնքան էին ծեծել, որ ամիսներ շարունակ ուշքի չէին գալիս: Ընդ որում, ներքաղաքական գործընթացներում օգտագործվում էին երկրապահները, որոնք այն ժամանակ նաեւ ծառայության մեջ էին զինված ուժերում: Մտցվեց արտակարգ դրություն:



Հետաքրքիր է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ասում էին, թե 1996-ին Վազգեն Մանուկյանը չէր հաղթել ընտրություններում: Քոչարյանն էլ ասում է, որ 2008-ին Տեր-Պետրոսյանը չէր հաղթել ընտրություններում: Եվ երկու կողմն էլ վկայակոչում են ԿԸՀ ու ՍԴ ամփոփիչ արձանագրությունները:

Հետագա բոլոր համապետական ընտրություններն անցան իշխանության յուրացման «հիմքով»՝ ընտրությունից ընտրություն կատարելագործելով սխեմաներն ու մեխանիզմները: Բացի այդ, լիովին վերացավ վստահությունը պետական երկու կարեւորագույն ինտիտուտների՝ Սահմանադրական դատարանի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանդեպ, որոնց ամփոփիչ արձանագրություններին էլ հղում են անում նախկին իշխանությունները:

Այս առումով, ահռելի աշխատանք կա անելու, եւ մարտի 1-ի բացահայտումը, բացի զուտ իրավական կողմից, պետք է դառնա նաեւ հետագայում իշխանության յուրացման ցանկացած դրսեւորման ու փորձի բացառման մեկնակետը: Նախադեպը ստեղծված է, մնում է, որ քաղաքական ուժերը լիովին գիտակցեն սեփական պատասխանատվությունն այս գործընթացում:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->