ՀՀԿ-ի նոր հայտարարությունը՝ Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքի ու նրան կալանավորելու որոշման առնչությամբ — ingablog

ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքի ու նրան կալանավորելու որոշման առնչությամբ՝ օրինականության տեսանկյունից խնդրահարույց անվանելով հարուցված քրգործը:


«ՀՀ Ազգային Ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է.

Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։


Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։

Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։

Հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում:


ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը և ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահամանդրության դրույթները և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջներով և կարգավորումներով:

ՀՀԿ խմբակցությունն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin