>

1in.am-ը գրում է՝

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանքի առաջադրման և կալանավորման միջնորդության առնչությամբ Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքը ստացվեց բավականին ուշագրավ:




Քոչարյանի զոհերը

Այն, որ ՀԱԿ-ը պետք է դրական գնահատեր և ողջուներ Քոչարյանին պատասխանատվության կանչելու որևէ նախաձեռնություն, թերևս աներկբա էր: Այստեղ բացի, այսպես ասած, «հին հաշիվներից», որ ունի այդ ուժը Քոչարյանի հետ, և բնականաբար Մարտի 1-ի դիմակայությունից, որում դեռևս, իհարկե, չկուսակցականացված ՀԱԿ-ը քաղաքական առումով հաղթեց Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին և պարտվեց այսպես ասած՝ ուժային դաշտում:





Անսպասելի չէր նաև ՀՀԿ հայտարարությունը, թեև Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակին ՀՀԿ-ն հայտարարություններ էր անում հիմնականում Քոչարյանի դեմ, երբ երկրորդ նախագահը սպառնալիք էր ՀՀԿ իշխանությանը՝ ԲՀԿ ոչ ֆորմալ, ստվերային աջակցության միջոցով: Ընդ որում՝ Քոչարյանը չէր էլ թաքցնում, որ ոգևորված է այդ կուսակցության հաջողություններով: Խոշոր հաշվով, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ կապի մասին խոսվում էր այդ կուսակցության դեռևս ստեղծման օրից, երբ մամուլում բազմաթիվ հրապարակումներ էին լինում, որ «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է, որով նա մտադիր էր իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին և ԲՀԿ միջոցով մեծամասնություն հաստատելով խորհրդարանում՝ դառնալ վարչապետ՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո, իսկ նախագահի պաշտոնում նշանակել Վարդան Օսկանյանին:

Ռոբերտ Քոչարյանն ավելի ուշ իր հարցազրույցներից մեկում նույնիսկ ակնարկել էր այդ մտադրությունների մասին՝ ասելով, որ Օսկանյանն ուզում էր անդամակցել ԲՀԿ-ին դեռևս այն ժամանակ, սակայն ինքը հորդորել է չգնալ այդ քայլին և շարունակել անկուսակցական արտգործնախարարությունը: Իրականում Սերժ Սարգսյանին հաջողվեց հաղթել Ռոբերտ Քոչարյանին, որից հետո «Բարգավաճ Հայաստանը» մնաց մշտական երկրորդը և ըստ էության ՝ՀՀԿ անվտանգության գոտին կամ բուֆերը: Սակայն 2014 թվականին ոչ իշխանական բևեռը՝ ԲՀԿ գլխավորությամբ և Ռոբերտ Քոչարյանի կուլիսային առաջնորդությամբ անցավ, այսպես ասած, վճռական գործողությունների, ինչպես կասեին հայաստանցի մարզական մեկնաբանները:


Ահա այս ամենի համատեքստում հետաքրքիր է, որ ներկայումս Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներում, համենայնդեպս առաջին արձագանքի հարցում, բավականին զուսպ է «Բարգավաճ Հայաստանը»: Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ խնդիրն իրավական դաշտում է, և չեն շտապում անել քաղաքական գնահատումներ, համենայնդեպս առայժմ: Առաջին հայացքից տարօրինակ չեզոք թվացող դիրքորոշումները, սակայն, միանգամայն տրամաբանական են դառնում հենց 2014-ի վճռական գրոհի լույսի ներքո: Բանն այն է, որ 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանը հասցրեց վճռական հակագրոհը՝ պարզորոշ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ խնդիր չունի, բայց խնդիր է, երբ նա գործիք է այլոց ձեռքին և խաղում է ուրիշների խաղը: Սարգսյանը հստակ ակնարկում էր իր նախագահական տասնամյակի, այսպես ասած, գլխավոր հետապնդողին՝ Ռոբերտ Քոչարյանին:

Սարգսյանը հարվածեց Ծառուկյանին՝ Քոչարյանին խաղից հանելու համար: Դրա մասին էր վկայում և այն, որ երկու տարի անց նա, ըստ էության, ոչ մի դիմադրություն ցույց չտվեց, երբ Ծառուկյանն այլևս առանց կուլիսային աջակցության, քոչարյանական սեգմենտից «անջատված» տեսքով վերադարձավ քաղաքականություն: Իսկ Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանին գործնականում որևէ աջակցություն ցույց չտվեց, չկանգնեց նրա թիկունքին, երբ Սարգսյանը հասցրեց ուժգին հարված 2015-ի փետրվարին: Ըստ ամենայնի, հենց դրանով է նաև պայմանավորված, որ ԲՀԿ-ն այժմ ամենևին չի շտապում Քոչարյանին ուղղակի կամ անուղղակի աջակցություն հայտնելու հարցում: Այլ կերպ ասած՝ դա 2015-ի փետրվարի «սառը հիշեցում» է Քոչարյանին:



Իհարկե, խնդիրը այստեղ լոկ, այսպես ասած, 2015-ին նրա «անտարբերության» պատասխանը չէ: Ի վերջո, հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանն ունի հանրային բավականին բացասական ընկալում, ընդ որում՝ մեղմ ձևակերպումով, որի ձևավորման, այսպես ասած, գագաթնակետը Մարտի 1-ն էր: Աջակցել Քոչարյանին նշանակում է կիսել այդ ընկալումը առնվազն ինչ-որ մասով: Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո այդ հանգամանքը առավել քան զգայուն կարող է լինել որևէ քաղաքական ուժի համար:

ՀՀԿ-ն այդ իմաստով չունի մտահոգություն, քանի որ չունի կորցնելու բան, և դա է պատճառը, որ աջակցում է գրեթե բաց տեքստով՝ իհարկե ունենալով նաև Քոչարյանի հետ իր խնդիրները: Դաշնակցությունն անգամ, որը Քոչարյանի վաղեմի գործընկերն էր, իհարկե մինչև 2014 թվականի աշուն, երբ հոգնեց Քոչարյանից ուղիղ գործողություն սպասելուց և պայմանավորվեց Սերժ Սարգսյանի հետ, բավական զգուշավոր էր իր հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստանի» համար խնդիրը ավելի զգայուն է, քանի որ այդ ուժը հավակնում է լինել Նիկոլ Փաշինյանի թիմին, այսպես ասած, այլընտրանք: Քոչարյանին ցուցաբերվող բաց աջակցությունը Ծառուկյանին ուղղակի կզրկի այլընտրանք դիտվելու առանց այդ էլ ոչ շատ մեծ հեռանկարից:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->