>

1in.am-ը գրում է՝

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող զարգացումներն ու Մարտի 1-ի գործի նոր իրողությունները ստվերում թողեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրության գործընթացի թերևս կարևոր որոշումներից մեկը: Խոսքը փաստացի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի որոշման մասին է, որն ինչպես հայտնի է, լինելու է դերասան Հայկ Մարությանը կամ Կարգին Հայկոն: Այս որոշումը, ինչպես և սպասվում էր, արժանացել է հանրության ամենատարբեր գնահատականների, դրականից մինչև համացանցային տրոլինգի՝ կապված Մարությանի ստեղծագործական կարիերայի հետ, որտեղ հաջողված նախագծերի կողքին, բնականաբար, կան մեղմ ասած անհաջող և անորակ նախագծեր: Սա, իհարկե, ինքնին դեռևս «դատավճիռ» չէ, որ Մարությանը լինելու է վատ քաղաքապետ:




Քոչարյանի զոհերը

Մյուս կողմից լիովին հասկանալի է նաև հանրության այդ շերտերի արձագանքը: Ընդ որում, խնդիրը այն չէ, որ նա դերասան է: Խնդիրն այն է, որ նրա դերասանական, ստեղծագործական կարիերայի ընթացքում հանրությանը հրամցվել են ակնհայտ ցածրորակ և ցածրաճաշակ գործեր, որոնք էլ տվել են մտահոգության առիթ: Միով բանիվ, Հայկ Մարությանն ունի դեռևս հասարակական-քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանրությանն իր կենսունակությունն ու օգտակարությունը ապացուցելու ահռելի անելիք: Միևնույն ժամանակ նաև հստակ է, որ այստեղ պատասխանատվություն ունի թե՛ «Քաղաքացիական պայմանագիրը», թե՛ անձնապես Նիկոլ Փաշինյանը, անկախ, թե արդյո՞ք նա ինքը կողմ է եղել Մարությանի թեկնածությանը, թե՞ ունեցել է այլ նախընտրություն: Ակնհայտ է, որ քաղաքապետի ընտրությանը Հայկ Մարությանի «ամենաուժեղ կողմը» լինելու է Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, Մարությանի անարդյունավետության պարագայում էլ նա դառնալու է Փաշինյանի «ամենաթույլ կողմերից» մեկը:





Այստեղ առանցքային է թերևս մեկ այլ բան: Իսկ ովքե՞ր են լինելու Հայկ Մարությանի «մրցակիցները»: Չակերտավոր, քանի որ քաղաքապետի ընտրությունն ուղիղ չէ, այլ միջնորդավորված՝ ավագանու միջոցով: Քաղաքացին ավագանի է ընտրում, իսկ ավագանին հետո ընտրում է քաղաքապետ:


Այլ կերպ ասած՝ քաղաքապետը ստացվում է ոչ թե քաղաքացու, այլ ավագանու քաղաքապետ: Թվում է, թե սա ֆորմալություն է, սակայն իրականում հենց այդ ֆորմալության ուժով էր, որ Հանրապետական կուսակցությունը կարողանում էր բացարձակ հաղթանակ տանել Երևանում, այն դեպքում, երբ հենց Երևանն է, որ համապետական ընտրություններում իշխանությունը զիջում էր ընդդիմադիր ուժերին, և կեղծիքների հիմնական բաժինը ընկնում էր մարզերի վրա, որտեղ վերահսկողությունն ու նաև իրավագիտակից հանրային շերտերն ավելի քիչ էին, ըստ այդմ հանրությունն ավելի կառավարելի:

Տարոն Մարգարյանի հեռացումը Երևանի, այսպես ասած, հանրայնացման մի քայլն է միայն, որովեհետև պետք է հեռացնել նաև այն մեխանիզմը, որով Մարգարյանն ու նրան ներկայացնող ուժը շրջանցում էին քաղաքացու քվեն: Իհարկե ներկայումս իշխանությունը այլ է և հավաստիացնում է, որ թույլ չի տա ընտրակեղծիքներ, բայց խնդիրը նաև ընտրողի գիտակցությունն է, իսկ այն պետք է ձևավորվի հնարավորինս ուղիղ ընտրությամբ: Այս հանգամանքը թույլ կտա Երևանում քայլ առ քայլ գալ քաղաքապետի թեկնածության որոշակի չգրված, սակայն հանրայնորեն լեգիտիմ նոր նշաձողերի, որոնք էլ կբերեն արդեն որակապես այլ թեկնածուների և քաղաքացու համար որակապես այլ ընտրության: Իսկ առայժմ ընտրությունը կատարում են քաղաքական ուժերը, բնականաբար՝ ամեն մեկն ըստ իր օրակարգի:



Ըստ այդմ կասկածից վեր է, որ այդքան քննադատվող Հայկ Մարությանն իրականում ամենևին էլ չի զիջելու որևէ «մրցակցի», եթե անգամ նրանց շարքում լինեն ակադեմիկոսներ, որովհետև, խոշոր հաշվով, ընտրական գործընթացը ինքնին շարունակելու է լինել «արհեստականության», «բուտաֆորիկ» տիրույթում, քանի որ ընտրական մեխանիզմը ստեղծվել և աշխատել, կազմակերպվել է բոլորովին այլ իրավիճակի՝ ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ իրավիճակի համար, ըստ այդմ չի կարող երկարաժամկետ և արդյունավետ բնական լուծում լինել լեգիտիմ իրավիճակներում:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->