>

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Անի Պետրոսյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա բնավորության առանձնահատուկ գծերը, իմացել ենք կյանքի ամենատարբեր իրավիճակների վերաբերյալ նրա պատկերացումների մասին:

-Անի, հավատալ ճակատագրի՞ն, թե՞ սեփական ուժերին:

-Ճակատագիրն, ամեն դեպքում, մարդու համար նախատեսում է ինչ-որ բան, բայց ընտրությունը մարդու ձեռքերում է:

-Նույնիսկ ամենադժվար պահերին չեք մոռանում, որ…

-Պետք է մարդ մնալ:

-Շարունակե՛ք միտքը. «Մարդը մենակ է, եթե…»




Քոչարյանի զոհերը

-Մարդը միշտ մենակ է:

-Ձեր թիկունքից սովորաբար հարվածում են նրանք, ովքեր…


-Ես աշխատում եմ այդ հարվածները չընդունել: Երբ դիմացինս ինչ-որ վատ բան է անում, փորձում եմ հասկանալ դրդապատճառը եւ հիմնականում ներում եմ այդ մարդուն, որպեսզի չնմանվեմ նրան:





-Լավ ֆիլմը պետք է կարողանա…

-Մարդուն տպավորել, ինչ-որ բան սովորեցնել, մոտիվացնել, դեպի ճշմարտություն տանել:

-Ժամանակահատված, որը չեք ուզում հիշել կամ վերապրել:

-Ես, ընդհանրապես, երբեք չեմ ուզում անցյալ վերադառնալ: Այն, ինչ ապրել եմ, արդեն ապրել եմ: Ինձ հետաքրքիր է, թե ինչ է լինելու ապագայում:

-Շարունակեք միտքը՝ «Եթե Ձեզ թվում է, որ ամեն ինչ կորած է…»:

-Ուրեմն Ձեզ սխալ է թվում. միշտ էլ կարելի է ինչ-որ ելքեր գտնել: Բացի այդ, եթե ինչ-որ բան չի ստացվել, նշանակում է՝ ճիշտ ուղղությամբ չես գնացել, կամ շատ չես հավատացել ցանկությանը: Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, չպետք է անընդհատ դրա մասին մտածել, ուղղակի պետք է հավատալ: Դա մի քիչ բարդ է, դրան հասնել է պետք:

-Անիմաստ է ապրել առանց…

-Առանց կյանքը սիրելու, միշտ դժգոհ: Այն, ինչ ունես, պետք է քեզ համար մեծ պարգեւ համարես, որովհետեւ մյուսները դա չունեն:


-Դուք ո՞ւմ որպես ընկեր կընտրեիք՝ սրամիտ, բայց ոչ խորը, թե՞ խորը, բայց ոչ սրամիտ մարդու:

-Երկուսին էլ, մեկը մյուսին կլրացնեին: Ես իմ ընկերներին սիրում եմ այնպիսին, ինչպիսին նրանք կան:

-Երբ ասում են մանկություն, միանգամից հիշում եք…

-Գյումրու մեր տան տոնածառի կարմիր, կլոր խաղալիքը: Երբ փոքր էի, ինձ թվում էր՝ այն շատ մեծ է: Հետո, երբ մեծացա, հին արկղերը փորփրելիս գտա այն եւ տեսա, որ խաղալիքն իրականում շատ փոքր է, բայց, չգիտես ինչու, ինձ հսկա էր թվացել (ծիծաղում է):

-Ի՞նչ խոստովանություն կանեք մեկին, ում ծանոթ եք դպրոցական տարիներից:

-Իմ առաջին դասղեկին կասեմ շնորհակալություն իմ կյանքը փրկելու համար: 1988-ի երկրաշարժի ժամանակ ես դպրոցական էի, հերթական դասի ժամանակ մեր դասղեկն անընդհատ հետաձգում էր դպրոցի մյուս կորպուս տեղափոխվելու պրոցեսը: Եվ եթե նա այդպես չաներ, մեր դասարանից ոչ ոք ողջ չէր մնա. այդ կորպուսից ոչ ոք չէր փրկվել: Իսկ երբ երկրաշաժը եղավ, նա նույնիսկ իր երեխաների մոտ չվազեց, մինչեւ որ իր սաներից ամեն մեկին չհասցրեց իր ծնողին:

-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:

-Միշտ վախեցել եմ անորոշությունից:



-Երեխաներ ունենալ կյանքում հետք թողնելո՞ւ համար, թե՞ որ վաղը Ձեզ ջուր տվող լինի:

-Երեխա պետք է ունենալ գիտակցական տարիքում: Չեմ հարգում այն մարդկանց, որոնք երեխային ունենում են, որ վաղը իրենց ջուր տվող լինի: Դա էգոիստ մարդու մոտեցում է: Բացի այդ, մարդ կա՝ 6-7 երեխա ունի, բայց իրեն ջուր տվող չունի: Այնպես որ, ամեն բան հարաբերական է: Երեխա ունենալով՝ պետք է հասկանաս, որ լույս աշխարհ ես բերում մեկին, որին թողնում ես այս կյանքի դառնություններն ու քաղցրությունները:

-Հայաստանում Ձեզ համար ամենատեսարժան վայրը:

-Գյումրի:

-Նախընտրում եք հանգստանալ այնտեղ…

-Որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչի:

-Ձեր կողքի տղամարդը պետք է իմանա, որ Դուք…

-Որ ես ես եմ, իր հետ ապրելու ընթացքում ուրիշ մարդ չեմ դառնալու:

Քչերը գիտեն, որ Դուք նաեւ…

-Գրում եմ, երբեմն սցենարներ եմ հեղինակում, շատերին եմ օգնել:

-Մարդուն հասկանալու համար պետք է…

-Փորձում եմ ոչ ոքի չքննադատել, եթե կարող եմ, կօգնեմ:

-Ձեր մեծագույն ձեռքբերումը:

-Իմ ամեն ձեռքբերում մեծ է:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->