>

1in.am-ը գրում է՝

Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է, և մենք այստեղ ենք, որպեսզի իրականացնենք ժողովրդի պատվերը՝ Ֆրանսիայի միջազգային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ կարգավիճակում նա կարծես թե առաջին անգամ է հայտարարում, որ հեղափոխությունը շարունակվում է, թեև, խոշոր հաշվով, առանց այդ հայտարարության էլ աներկբա է, որ այն ավարտված չէ և չէր էլ կարող լինել:




Քոչարյանի զոհերը

Հեղափոխությունը չի կարող ավարտված համարվել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի արձանագրվել ընտրության արդյունքում, կամ քանի դեռ այն չի պարտվել հակահեղափոխությանը:




Հայաստանի թավշյա հեղափոխությունը գործնականում շարժվում է դեպի ընտրություն, այսինքն՝ դեպի ավարտ: Բայց այդ գործընթացին զուգահեռ շարժվում է նաև հակահեղափոխությունը: Իհարկե կան գրեթե բոլոր հիմքերն ասելու, որ հեղափոխությունը, այդուհանդերձ, կհասնի իր տրամաբանական ավարտին՝ ընտրությանը: Այստեղ հատկանշական է այն, որ Հայաստանում ներկայումս տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները շատ հաճախ, կամ գրեթե միշտ դիտարկվում են այն համատեքստում, որ հեղափոխությունն ավարտվել է, և գործընթացը մտել է սովորական, առօրյա քաղաքական պայքարի ու դիմակայության փուլ: Նիկոլ Փաշինյանը փաստացի հիշեցնում է, որ հեղափոխությունը չի ավարտվել, ու դա նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցողը, ըստ էության, հեղափոխական գործընթացի փուլ է և դա նշանակում է, որ զարգացումներն էլ պետք է դիտարկվեն հենց այդ պրիզմայով: Այդ պրիզմայով դիտարկվելու դեպքում շատ բան կդառնա միանգամայն բնական, ինչպես, օրինակ, ընդդիմության բացակայությունը:

Հեղափոխությունը չի կարող ունենալ ընդդիմություն, լինում է կամ հակահեղափոխություն, կամ ոչ: Եվ դրա պատճառն ամենևին իշխանությունը չէ: Որևէ իշխանություն իրեն ընդդիմություն չի ստեղծում, կամ ավելի շուտ՝ եթե ընդդիմություն ստեղծում է իշխանությունը, ապա, ի վերջո, ամեն ինչ ավարտվում է ժողովրդական հեղափոխությամբ՝ լավագույն դեպքում խաղաղ: Ընդդիմությունը պետք է ստեղծվի գործընթացների բնականոն զարգացման արդյունքում: Այսինքն՝ Հայաստանում ընդդիմություն կարող է առաջանալ միայն խորհրդարանի ընտրությունից հետո, երբ հստակ կլինի, որ ձևավորվել է իշխանություն: Իսկ առայժմ շարունակվում է հեղափոխությունը:


Եթե իրավիճակը չլիներ այդպիսին, ապա, իհարկե, երկրում կայացած, հստակ, կենսունակ ընդդիմության բացակայությունը կլիներ լրջագույն հասարակական-քաղաքական խնդիր, անգամ պետական անվտանգության սպառնալիք: Ի վերջո, Հայաստանն ունեցել է այդպիսի փուլեր, որոնք, ի դեպ, միշտ էլ հանգեցրել են կատակլիզմային որևէ հետևանքի: Բայց երբ գործ ունենք հեղափոխական իրավիճակի հետ, իսկ դրա հետ գործ ունենք անկախ իշխանության կամքից՝ դա ժողովրդի կամքով ձևավորված վիճակ է, ընդդիմության բացակայությունը միանգամայն բնական է: Դա ընտրում է ժողովուրդը, հեղափոխություն իրականացրած հասարակությունը: Եթե այդ հասարակությունը դեռևս չի ընտրել իշխանություն, ինչպե՞ս կարող է ընտրել ընդդիմություն: Հեղափոխական ընթացքում ընդդիմությունը հենց հասարակությունն է, որն աչալրջորեն հետևում է իշխանական լծակների հասցրած հեղափոխական թիմի գործողություններին և դրանցում իր շահերի ու պահանջների արտահայտմանը: Եթե դրանք չկան, եթե դրանք մոռացվում են, ապա պետք չէ կասկածել, որ հասարակության արձագանքը իր սթափեցնող բնույթով կլինի շատ ավելի արդյունավետ և խոսուն, շատ ավելի ազդեցիկ, քան կարձագանքեր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ:


Այդպիսով, այն ուժերը, որոնք ծրագրում են խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ մասնակցել, այսպես ասած, ընդդիմության կարգավիճակով, թերևս ունեն իրենց ծրագրերը վերանայելու անհրաժեշտություն, քանի որ այդպիսի փորձի պարագայում, ինքնաբերաբար, կամ այսպես ասած՝ ինքնըստինքյան հայտնվելու են հակահեղափոխության, ոչ թե ընդդիմության կարգավիճակում:

Խոշոր հաշվով, Ֆրանսիայի միջազգային ռադիոյին տված հարցազրույցում հեղափոխության շարունակության մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը հղում էր հենց այդ ուղերձը, որը սպառնալիք էլ չէ, այլ իրավիճակից բխող տրամաբանական զգուշացում և ինչ-որ իմաստով նաև խորհուրդ: Ուզեն, թե ոչ, նրանք մրցելու են հեղափոխության դեմ: Ըստ այդմ՝ կամ գնում են այդ բավական ռիսկային մոտեցման ճանապարհով, կամ՝ մտածում են այլ ճանապարհի մասին, որի վերջնագծում պետք է ունենան ոչ թե խորհրդարանում մեծամասնոթյուն կազմելու, կամ թեկուզ կոալիցիայի հեռանկարը, այլ խորհրդարանի ընտրությունից հետո արդեն ընդդիմության ձևավորման գործում մեկնարկային նպաստավոր դիրքերի առկայությունը: Առավել ևս, որ ընտրությունից հետո, մեծ հավանականությամբ, նրանք կստանան նաև նոր մրցակիցներ իշխանությունից բացի՝ նոր ուժերի կամ ուժի տեսքով:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->