>

Առավոտ կանուխ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմեց քաղաքացիներին՝ օգոստոսի 17-ի երեկոյան հրավիրելով մեծ հանրահավաքի։ Ֆորմալ առիթը վարչապետության 100-րդ օրն է, սակայն օգոստոսի 17-ին դեռ բավականին ժամանակ կա, ու խիստ ուշագրավ է այն համատեքստը, որում վարչապետը կարևորեց հասարակական կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը։

Չենք կարող ասել, թե արդյո՞ք նախօրոք պլանավորված էր Փաշինյանի հանրահավաքը, թե՞ վարչապետության 100 օրվա հետ կապված հատուկ ծրագիր չկար, և քաղաքական անհրաժեշտությունը ստիպեց, որպեսզի Փաշինյանը հանդես գա նման նախաձեռնությամբ։ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հաստատ այն առիթը չէին, որ Փաշինյանը հասարակությանն ամառվա տապին Հանրապետության հրապարակում հավաքելու անհրաժեշտություն ունենար. այդ գործընթացում վարչապետի կուսակցության ֆավորիտությունը կասկածից դուրս է, ու հասարակական մոբիլիզացիայի անհրաժեշտություն, որպես այդպիսին, չկա։




Քոչարյանի զոհերը

Սակայն Հայաստանի կառավարությունը կամ հայկական հեղափոխությունը բախվել է այլ մարտահրավերի. դա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունն է, որն ըստ էության մեր երկրի ներքին գործերին միջամտելու, նույնիսկ հակահեղափոխությանն աջակցելու անթաքույց փորձ է։




Ահա, ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք հրավիրում է Լավրովի հայտարարությունից փաստորեն ժամեր անց՝ անուղղակի պատասխանելով Մոսկվայի երեկվա դեմարշին։ Անուղղակի արձագանքման ինստիտուտը դիվանագիտության մեջ ընդունված է, մանավանդ, երբ քաղաքական պատճառներով կամ ռեսուրսային անհամարժեքության հետևանքով նպատակահարմար չէ ուղղակի պատասխանել որևէ քայլի կամ հայտարարության։

Օգոստոսի 17-ի հանրահավաքի բովանդակությունն ինքնին կարևոր չէ. մեծ հաշվով՝ Փաշինյանը բաց քաղաքական գործիչ է, և գրեթե ամեն օր լինում են ինֆորմացիոն առիթներ, որոնց միջոցով նա կարող է իր դիրքորոշումները, ընթացիկ խնդիրների վերաբերյալ տեսակետները հասցնել հասարակությանը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հանրահավաքը չափազանց կարևոր է՝ իր ուղերձում շեշտը դնելով դրա մարդաշատության վրա։ Ակնհայտորեն Հայաստանի վարչապետը Մոսկվային ցանկանում է ցույց տալ իր կառավարության, իշխանության ուժը՝ դա լեգիտիմությունն է, հանրային մեծ աջակցությունը։


Օրեր առաջ իր ասուլիսում անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Փաշինյանն ասել էր, որ եթե անհրաժեշտություն լինի, հայ ժողովուրդը որոշում կայացնելու ձևը գիտի՝ կհավաքվի հրապարակում և լուծում կգտնի։


Լավրովի երեկվա հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի համազգային հավաքի անհրաժեշտություն է տեսել՝ թերևս Մոսկվայի ուղերձի մեջ տեսնելով սպառնալիքի, շանտաժի բաղադրիչներ։ Փաշինյանը Մոսկվային ուզում է հասկացնել, որ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին պաշտպանելով՝ նա խնդիր կունենա ոչ թե իր կամ կառավարության, այլ Հայաստանի հասարակության հետ։ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ իր քաղաքական հիմնական կապիտալը հասարակության աջակցությունն է, որը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա՝ լեգիտիմացնելով իր քաղաքական քայլերը, ռիսկային որոշումները, տեղ չթողնելով հակահեղափոխության ռևանշի որևէ դրսևորման համար։

Երբ Մոսկվան ակնհայտորեն խրախուսում է հակահեղափոխական տրամադրությունները, Նիկոլ Փաշինյանը թերևս հասարակությանը կոնսոլիդացնելու, իր կառավարության հաղթաթուղթը ցույց տալու անհրաժեշտություն ունի։ Այս համատեքստում Փաշինյանի այսօրվա տեսաուղերձը կոնսոլիդացվելու կոչ էր հանրությանը՝ Մոսկվային հասցեագրված դիվանագիտական պատասխանով։

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->