>

Lragir.am-ը գրում է՝

Հայաստանն անշեղորեն հետեւում է հռչակված ուղեգծին, հայտարարել էՀայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, ի պատասխան Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին Մոսկվայից հնչող արձագանքների վերաբերյալ հարցի:

Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Հայաստանի ներքին գործընթացներն ուղղված են արդարադատության եւ իրավականության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ որեւէ առնչություն չունեն արտաքին քաղաքականությանը: Նա վերհաստատել է արտաքին քաղաքականության նոր կառավարության ուղին, ասելով, որ այդ քաղաքականության նպատակը հայ-ռուսական հարաբերության խորացումն է, այդ թվում ՀԱՊԿ ու ԵՏՄ եւ այլ ինտեգրացիոն կառույցների շրջանակում, նաեւ այդ կառույցների արդյունավետության բարձրացումը:




Քոչարյանի զոհերը

Տիգրան Բալայանի արձագանքը փաստորեն պատասխան է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեի հայտարարությանը, որում Լավրովը մտահոգություն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով, ասելով, թե Հայաստանի նոր իշխանությունը հավատարիմ չէ նախկին իշխանությանը չհետապնդելու եւ միասնականության մասին իր հայտարարություններին: Լավրովը ասել էր, թե իրենց մտահոգությունը փոխանցում են հայկական կողմին:




Երեւանի առաջին պաշտոնական արձագանքը Տիգրան Բալայանի արձագանքն է, որի գլխավոր մեսիջը թերեւս այն է, որ ուղեգծից շեղվում է Մոսկվան, ոչ թե Երեւանը՝ ինչպես ակնարկել էր Լավրովը:

Բանն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի թավշյա հեղափոխության օրերին ցուցաբերեց բացառիկ համարժեքություն ու աննախադեպ զսպվածություն, հայտարարելով, որ Հայաստանում տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է: Ընդ որում, Ռուսաստանը չշեղվեց այդ դիրքորոշումից նույնիսկ այն բանից հետո, երբ Հայաստանի արդեն նախկին իշխանության մի շարք շրջանակներ, ի դեպ նաեւ երկրորդ նախագահի ներգրավվածությամբ, ապրիլի 25-ից հետո սկսեցին Ռուսաստանի միջամտությանն ուղղված ինտենսիվ աշխատանք:

Այժմ հանկարծ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը շարունակում է լիովին հանձնառու մնալ այն ազդակներին ու հայտարարություններին, որ արվել են թավշյա հեղափոխության օրերին՝ հեղափոխությունը բացառում է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշում, բացառում է արտաքին վեկտորների վերանայում եւ վարելու է հայ-ռուսական հարաբերության ամրապնդման ուղղված քաղաքականություն, այդ թվում ինտեգրացիոն կառույցներում:


Հայաստանն այդ հարցերում առ այսօր թույլ չի տվել որեւէ կասկածի տեղիք: Ի՞նչն է կարեւոր Մոսկվայի համար՝ հայ-ռուսական հարաբերությու՞նը, թե՞ Հայաստանի նախկին իշխանության անվտանգությունը: Առկա է այդ հարցը: Եվ եթե Ռուսաստանը շեղվում է չմիջամտելու իր դիրքից, ապա այստեղ հայ-ռուսական հարաբերության մասով առաջանում են հարցեր Ռուսաստանին, ոչ թե Հայաստանի նոր իշխանությանը:

Հայաստանի ԱԳՆ խոսնակի արձագանքում առկա է հենց այդ նուրբ տողատակը: Մյուս կողմից, չի բացառվում, որ արձագանքը ակնարկում է ոչ թե Մոսկվայի շեղվելու մասին, այլ Ռուսաստանի չմիջամտելու գծից Լավրովի շեղվելու մասին: Հնարավո՞ր է այդպիսի բան:

Այստեղ թերեւս հիշատակման է արժանի այն հայտարարությունը, որ Պուտինի հետ հարաբերության մասին արել էր Նիկոլ Փաշինյանը, խոսելով բաց ու անկեղծ խոսակցությանը նրա պատրաստակամության մասին եւ ասելով, որ Պուտինի հետ իրականում ավելի հեշտ էր շփվել, քան պատկերացնում էր նախքան այդ շփումը:


Միեւնույն ժամանակ, Լավրովի արձագանքը հարց էր առաջացնում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կունենար անզգուշություն թե Քոչարյանի, թե Մարտի 1-ի հարցում ընդհանրապես գնալ քայլերի, որոնք կարող էին առաջ բերել Ռուսաստանի դժգոհություն ու հակազդեցություն, հաշվի առնելով նաեւ այն, որ կան խոսակցություններ այդ իրադարձություններին ընդհուպ ռուսական ստորաբաժանումների ներգրավվածության մասին: Դրանք պաշտոնապես չեն, սակայն կան տարբեր դրվագներ, որոնք առնվազն տալիս են խոսակցության հիմք: Արդյոք Փաշինյանը հաշվի չէր առնի այդ ամենը եւ կգնար քայլերի առանց Ռուսաստանում տրամադրությունը հստակ շոշափելու:

Եվ արդյոք դա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյան-Պուտին մակարդակում կարող է լինել մի պայմանավորվածություն, իսկ դրանից դուրս իրավիճակը կարող է լինել այլ:

Թե՞ այդուհանդերձ Ռուսաստանը փորձում է մանեւրել, մի կողմից Փաշինյանին տալով քարտ-բլանշը, մյուս կողմից Լավրովի շուրթերով դժգոհություն արտահայտելով եւ ցույց տալով Հայաստանի նախկին իշխանությանը, որ չի մոռացել բարեկամությունն ու փորձում է անել իրենից հասանելիքը, սակայն ներկայում չունի Երեւանի նկատմամբ այն ազդեցությունը, ինչ ուներ հենց այդ մարդկանց իշխանության պարագայում:

Իսկ դրա համար կարեւոր է, որ պաշտոնական Երեւանը Ռուսաստանից եկող այդ հայտարարություններին կամ մտահոգություններին արձագանքի առանց ավելորդ մտահոգությունների եւ խուճապի, աշխատանքային ռեժիմում, ինչպես հարիր է պետություններին, այդ թվում դաշնակից: Առայժմ Երեւանի պահվածքը այդ տրամաբանության շրջանակում է:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->