>

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի հունիսի 5-ի համարում


Երեկ Երեւանի քրեական դատարանը դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ հրապարակել է մարտի 1-ին «Ռոբերտո» խանութից գողություն կատարած երեք անձանց վերաբերյալ դատավճիռը: Այսպիսով, Արմեն Գրիգորյանը եւ Յուրիկ Ղուկասյանը դատապարտվել են երեքուկես տարվա ազատազրկման, նույնքան ազատազրկման է դատապարտվել նաեւ Հովհաննես Մնացականյանը, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանական չի կիրառվել, եւ երեք տարի փորձաշրջան է սահմանվել:







Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնի է, նախկինում մի քանի դատվածություն ունեցող այս երեք երիտասարդները Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել եւ Արտաշատից Երեւան են եկել, որովհետեւ իմացել են, որ մայրաքաղաքի կենտրոնում գողության ժամ է հայտարարված եղել: Այս գործով ապացուցվեցին ընդդիմության այն պնդումները, որ մարտի 1-ի զանգվածային անկարգություններ կազմակերպողները եւ խանութներ թալանողները հանրահավաքի մասնակիցների հետ կապ չեն ունեցել:

Ավելին, խանութներ ջարդողները եղել են իշխանության կամ, ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Մինչեւ Սերժ Սարգսյանի վստահված անձինք դատարանում հպարտությամբ հայտարարում էին, որ իրենք հանրահավաքի մասնակից չեն, այլ Սերժի համար «աշխատած» տղերք են, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, որը մարտի 1-ի գործերից մի քանիսով դատարանում հանդես է գալիս որպես մեղադրող, իշխանական թերթերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել էր մարտի 1-ի կողոպտիչների խնդրին եւ կրկին անգամ նրանց փորձել կապել հանրահավաքի մասնակիցների հետ: Իհարկե, նա դժվար թե կռահեր, որ իր հնարած կեղծիքը հենց ծնողի բերանում էլ պետք է մահանա: Ուստի Փիլոյանը եւ նրա ղեկավարները կարող են հենց այսօրվանից մտածել ընդդիմադիր գործիչների այն ակնարկների շուրջ, որ ոստիկանների եւ ոստիկանության զորքերի զինծառայողների ոտքերին կրակել են բարձրաստիճան ոստիկանները եւ զինվորականները:


Իսկ կրակել են, որպեսզի ոստիկանները եւ ներքին զորքերի 18-19 տարեկան զինվորները չփախչեն: Բացի այդ, ընդդիմությունն ակնարկել է նաեւ այն մասին, որ մարտի 1-ի երեկոյան Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի շենքերի կտուրներին դիպուկահարներ են եղել, որոնք ուղղակի նշանառությամբ կրակել են մարդկանց վրա: Փիլոյանին եւ նրա ղեկավարներին մնում է միայն փորձել գուշակել` արդյո՞ք այդ ակնարկները եւս առարկայական ապացույցներ ունեն, թե՞ ոչ, եւ որ ամենակարեւորն է, այդ ապացույցները ե՞րբ են հրապարակվելու:


Դատախազության պաշտոնյաներն իրենց փորձից պետք է գոնե իմանային, որ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային հանցագործությունները, որոնց ընթացքում զինված խմբավորումները զանգվածային հարձակվեցին խաղաղ բնակչության վրա, չես կարող հավերժ թաքցնել, եւ ճշմարտությունը մի օր ջրի երես է դուրս գալու: Ի դեպ, Կորյուն Փիլոյանը եւ քաղաքական գործերով դատարաններում որպես մեղադրող հանդես եկող մի շարք դատախազներ վերջին օրերին հետաքրքիր իրավիճակներում են հայտնվում: Կարծում ենք` հատկապես Փիլոյանին կարող է հայտնի լինել այն դեպքը, երբ քաղաքական գործերով մեղադրողներից մեկը նեղ շրջանակում ուտել խմելուց հետո գինովցած վիճակում սկսել է բողոքել, որ ինքն արդեն մի քանի ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն վերջինս «սադիստաբար» դրանք չի մակագրում եւ ստիպում է, որ ինքը շարունակի «անշնորհակալ» գործը եւ քաղաքական գործերով դատարաններում հանդես գա որպես մեղադրող: Գուցե հենց Կորյուն Փիլոյա՞նն է այդ անկեղծ զրույցների հեղինակը:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->