>

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարը նախկին վարչապետ, պետական նախարար, ներկայումս՝ նախագահի հատուկ հանձնարարությունների հարցերով խորհրդական Արայիկ Հարությունյանն է, օրերս Քաշաթաղի Բերձոր քաղաքում անցկացրել է հանրահավաք, որին մասնակցել են նաև ՀՅԴ ներկայացուցիչները։ Հանրահավաքի ընթացքում բանախոսները դեմ են արտահայտվել ազատագրված հողերը Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ մտքերին, հնչել են «ոչ մի թիզ թշնամուն», «հող տվողներին դուրս հայրենիքից» կարգախոսներ։ Արայիկ Հարությունյանը ասել է, թե իրենք դեմ են մադրիդյան սկզբունքներին։ Այս ամենը խիստ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ խոսում ենք Արցախում գործող կուսակցության մասին, մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ազատագրված տարածքների թեման վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում Արցախում՝ ձևավորելով, մեր կարծիքով, առնվազն ժամանակավրեպ օրակարգ։

Արցախում բուռն արձագանքման արժանացան ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի մտքերն ազատագրված տարածքների վերաբերյալ, ինչին հաջորդեց Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա ներողություն էր խնդրում արտահայտած մտքերի համար։ Սակայն եթե նույնիսկ չլիներ Զոյա Թադևոսյանի ներողությունը, գործ ունեինք, ըստ էության, մասնավոր կարծիքի հետ, որը չէր արտահայտում անգամ կուսակցական, էլ ուր մնաց՝ պետական դիրքորշում։ Այդ կարծիքը պոպուլյար չէ անգամ Հայաստանում և չկա ոչ մի մտավախություն, որ երկրի որևէ մագիստրալ քաղաքական ուժ տարածքները հանձնելու թեման կդարձնի քաղաքական դիրքորոշում։




Քոչարյանի զոհերը

Այս համատեքստում Արցախում արտահայտվող մտահոգությունները խիստ զարմանալի են, մանավանդ, երբ հանրահավաքի կազմակերպիչը ոչ թե ընդդիմադիր ուժեր են կամ հասարակական կազմակերպություններ, այլ՝ քաղաքական ուժ, որը թվաքանակով առաջինն է խորհրդարանում ու հանդիսանում է ԼՂՀ իշխանության հենարաններից մեկը։ Արդյո՞ք Արցախի քաղաքական էլիտայում մտավախություն ունեն, որ Հայաստանի իշխանությունը մտադիր է սակարկել ազատագրված տարածքների շուրջ։ Նման մտահոգությունները խիստ արհեստածին ու մտացածին կլինեին․ նախ՝ չկա բանակցային գործընթաց, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության դիրքորոշումը ԼՂ խնդրում շատ ավելի կարծր է։ Վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին հրապարակային հայտարարությունը վերաբերել է հենց ԼՂ խնդրին, երբ Ստեփանակերտում մայիսի 9-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց բանակցային գործընթաց Արցախին վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Այսինքն՝ Արցախի իշխանությունը չունի մտահոգության որևէ առիթ ու վստահ պետք է լինի, որ հիմա իր շահերը բանակցային գործընթացում ավելի ամուր են պաշտպանվում։




Այս համատեքստում դժվար է պատկերացնել, որ հայաստանյան մի մասնավոր կարծիք Արցախում կարող է հուզումների առիթ տալ։ Դա առնվազն քաղաքական աբսուրդ կլինի կամ վարքագծային անհամարժեքություն։ Ո՞ւմ դեմ է ուղղված հանրահավաքը, ո՞վ կամ ովքե՞ր են հանձնում ազատագրված տարածքները․ այս հարցերը չունեն պատասխաններ։


Այնուամենայնիվ, մենք չենք մտածում, որ ԼՂՀ իշխանությանը մոտ կանգնած ուժերն ունեն ադեկվատության խնդիր, մնում է ենթադրել, որ ազատագրված տարածքները դարձել են քողածածկույթ, որի ստվերում կատարվում են միանգամայն այլ զարգացումներ։

Հիմքեր ունենք մտածելու, որ Արցախում ազատագրված տարածքների թեման խաղարկվում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից՝ հատկապես, որ այն Ստեփանակերտի քաղաքական շրջանակներում «տաքացավ» հենց երկրորդ նախագահի կալանավորումից հետո։ ՀՀԿ, մասամբ ՀՅԴ գործիչներն այս օրերին քարոզչական ֆոն են ստեղծում, թե իբր Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքում առկա է ղարաբաղյան խնդիրը(այդ թեմայով երկու ֆեյսբուքյան գրառում է կատարել Արմեն Աշոտյանը, հարցազրույց է տվել Դավիթ Հարությունյանը)։ Այս կեղծ թեզի հիմքում այն քարոզչական մանիպուլյացիան է, թե Քոչարյանին բռնեցին՝ ԼՂ հարցում զիջումների գնալու համար։ Բացարձակապես անհեթեթ վարկած է․ առիթ ունեցել ենք հանգամանալից հիմնավորելու, որ չկա Հայաստանում երկրորդ քաղաքական գործիչ, ով այնքան վնաս տված լինի Արցախի շահերին, որքան՝ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս իր քաղաքական գործունեության ընթացքում մշտապես շահարկել է Արցախի հարցը, հիմա էլ՝ ըստ ամենայնի, անում է նույն բանը ու շատ ցավալի կլինի, եթե պարզվի, որ Արցախի քաղաքական վերնախավի որոշ գործիչներ, կամա թե ակամա, «ջուր են լցնում» Քոչարյանի «ջրաղացին»։


Մյուս բացատրությունն այն է, որ Արցախում ոչ պաշտոնապես սկսվել է 2020թ-ի ընտրարշավը, մանավանդ, որ նախագահ Բակո Սահակյանը մտադիր է հեռանալ իշխանությունից, իսկ Արցախում ձևավորվելու է միանգամայն նոր կոնֆիգուրացիա։ Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը երբեք չի թաքցրել նախագահ դառնալու իր հավակնությունները ու կարելի է ենթադրել, որ հիմա զբաղված է քաղաքական հայտնի ձևակերպումով, մանավանդ, որ Արցախի առաջիկա ընտրություններն, ըստ ամենայնի, մրցակցային են լինելու։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->