>

Lragir.am-ը գրում է՝

Հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր, որոնցից 3-ը ՀՅԴ-ից են, 1-ը Ծառուկյան դաշինքից, մյուսները՝ ՀՀԿ խմբակցությունից:




Քոչարյանի զոհերը

ՀՅԴ խմբակցության կեսը ստորագրել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:




ՀՅԴ-ն երկու հայտարարություն է արել Քոչարյանին կալանավորելու կապակցությամբ, ակնարկելով, որ իրականացվում է քաղաքական հալածանք ու հաշվեհարդար:

«Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն», մասնավորապես ասվում է երկրորդ հայտարարության մեջ։

Բայց, դրանով հանդերձ, ՀՅԴ-ն շարունակում է մնալ կառավարության կազմում: Բանն այն է, որ նման ձեւակերպումները ենթադրում են, որ հասցեատերը ոչ թե իրավապահներն են, այլ կառավարությունը: Ըստ էության, եթե իրավապահներն իրականացնում են ընտրովի արդարադատություն, դա կարող է լինել ոչ թե «ինքնագլուխ», այլ ինչ որ մեկի ցուցումով:


Քոչարյանին մեղադրանքի առաջադրումն ու կալանավորումն աստիճանաբար անցնում են քաղաքական հարթություն, եւ թերեւս այդպես էլ պետք է լիներ թե մարտի 1-ի գործի բնույթի, թե դրա շուրջ մթնոլորտի առկայությամբ: Քաղաքագետները նշում են, որ տեղի է ունենում հին համակարգի որոշակի համախմբում Քոչարյանի շուրջ, ով ըստ տեղեկությունների՝ ձեւավորում է տեղեկատվական ռեսուրսներ, ըստ ամենայնի՝ ոչ միայն իրավական պաշտպանության համար, ակտիվորեն քաղաքականացնելով հարցը:

Ի դեպ, կալանավորումից առաջ Քոչարյանը չէր բացառել իր վերադարձը քաղաքականություն, ասելով, թե իր դեմ արշավը նպատակ ունի կանխել դա: Նա ասել էր նաեւ, թե տարիներ ի վեր չունեին ԶԼՄ-ներ եւ չեն հակադարձել իր դեմ քարոզչությանը:


Այս իրավիճակում առաջանում է որոշակի «բեւեռացում», երբ անհրաժեշտ է դառնում կատարել ընտրություն: ՀՀԿ-ն կարծես թե կատարել է այդ ընտրությունը, այլ ելք չտեսնելով իր քաղաքական հեռանկարի առումով: Իսկ Դաշնակցության պահվածքից երեւում է, որ այս կուսակցությունը մի ոտքով փորձում է մնալ հին Հայաստանում, մյուս ոտքով՝ նորում: Բայց այդ վիհը գնալով մեծանում է, եւ ինչ որ պահի ՀՅԴ ոտքերի երկարությունը կարող է չբավարարել:

Չի բացառվում, որ ՀՅԴ-ն կասկածում է, որ Քոչարյանի շուրջ «կոալիցիան» կարող է պարզապես ծուղակ լինել, ինչն էլ իր հերթին է մեծացնում անորոշությունը:

Երկու դեպքում էլ ելքը կարծես նույնն է:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->