>

Հեղափոխության սիմվոլները բիզնեսի առարկա դարձնելը սկսվել էր դեռ ապրիլ ամսին, երբ խանութները լցվեցին դուխով գրությամբ մայկաներով, գլխարկներով, անգամ նման կոնֆետներ հայտնվեցին: Այս թեմային մենք մի քանի անգամ անդրադարձել ենք: Երկու օր է՝ ֆեյսբուքում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի պատկերով եւ դուխով գրությամբ օրագիր: Օգտատերերից Գարիկ Ղուկասյանը ֆեյսբուքով դիմել է ԿԳնախարար Արայիկ Հարությունյանին:


«Հարգելի ԿԳ նախարար` Արայիկ Հարությունյան խնդրում և պահանջում եմ անմիջապես դադարեցնել վարչապետի դիմանկարով դպրոցական օրագրերի վաճառքը:Սա միմիայն հիշեցնում է քաղաքական գովազդ և պարտադրանք, որը կաշկանդում է թե երեխաներին և թե ծնողներին:Հարգելի նախարար, այն, որ արգելում եք դպրոցներում բջջայիններ օգտագործելը դա իսկապես հարգանքի արժանի քայլ է և ողջունելի բոլորիս կողմից, բայց պարտավոր եք ուշադրություն դարձնել նմանօրինակ վրիպակների վրա:







Քոչարյանի զոհերը

Մենք մեր դպրոցականների մեջ պետք է սերմանենք հայրենասիրություն,հավատք, սեր դեպի մեծերը և այլն: Առաջարկում եմ օրագրերը, տետրերը արտադրել ապրիլյան պատերազմին զոհված մեր հերոսների դիմանկարներով,մեր փառապանծ չեմպիոն մարզիկների նկարներով,մեր մեծանուն հայորդիների նկարներով, որը և մեծ դերակատարում կունենա մեր պատանիների կրթության, դաստիարակության նվիրական և սուրբ գործում: Շնորհակալություն, Հարգանքով Գ.Ղուկասյան»:


Գարիկ Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ արձագանք ԿԳՆ-ից չի եղել, սակայն ինքը հետամուտ է լինելու, որպեսզի այդ օրագրերը արգելվեն: «Բացի այն, որ ունեն քաղաքական ուղղվածություն և դա դիտարկում եմ որպես քաղաքական գովազդ, նաև երկրի առաջին դեմքը չի կարող լինի օրագրի պաստառ նաև մեկ պարզ պատճառով, որ այն կարող է շատ հանգիստ ներկվել, կամ նման մի բանի ենթարկվել: Եւ հետո, եթե նախարարը առանց օրենքում փոփոխություն անելու արգելում է բջջայինների մուտքը դպրոց, ապա նույն կերպ պարտավոր է արգելել դա և նմանօրինակ երևույթները»,- ասաց Գարիկ Ղուկասյանը:

Հանուն արդարության պետք է նշել, որ վարչապետի նկարով օրագրի հետ կապված միանշանակ վերաբերմունք չկա, օգտատերերից ոմանք նշում են, որ Փաշինյանն էլ պակաս հերոս չէ, ոմանք առաջարկում են օրագրեր տպագրել Հայաստանի տեսարժան վայրերի նկարներով, ոմանք՝ հայտնիների նկարներով, նրանց երկտողերով եւ այլն:


Աղբյուր` Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->