>

1in.am-ը գրում է՝

Գլխավոր դատախազությունը մերժել է խորհրդարանի 46 պատգամավորի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:




Քոչարյանի զոհերը

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը վաղը պետք է քննի նաև Վերաքննիչ դատարանը: Կփոխի՞ դատարանը խափանման միջոցը, թե՞ ոչ: Այս խնդիրը դարձել է առանցքային: Բայց արդյո՞ք այն խորքային առումով ունի ահռելի այն նշանակությունը, որ տրվում է հանրային ուշադրության դրսևորմամբ: Այսինքն՝ ի՞նչ կարող է լինել, եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի: Նա այդպիսով կստանա, այսպես ասած, հակահեղափոխական ռեսուրսի մոբիլիզացիայի ավելի մե՞ծ հնարավորություն, թե՞ խոշոր հաշվով չի փոխվի ոչինչ, և Քոչարյանի ներկայիս հնարավորությունները, անգամ ֆինանսական ռեսուրսի ազդեցությունը գերագնահատված են:




Այդ հարցին պատասխանելը բավականին դժվար է, սակայն խնդիրը տվյալ դեպքում պետք է դիտարկել թերևս «հակառակ ծայրից», այսինքն՝ հեղափոխության ուժից, հանրության ուժից, դրա գնահատումից: Ի վերջո՝ եթե որևէ մեկը մտածում էր, թե չէր լինելու հակահեղափոխության որևէ փորձ՝ դրա ամենատարբեր դրսևորումներով հանդերձ, ապա դա ավելի շատ այդ մեկի խնդիրն է, քան իրականության կամ հակահեղափոխության: Ըստ այդմ՝ ամբողջ հարցն այն է, թե հեղափոխությունն ինքը որքանով է պատրաստ եղել ամենատարբեր ռիսկերի և վտանգների, ամենատարբեր խնդիրների, առավելագույն բարդ իրավիճակների ու սցենարների:

Եթե Ռոբերտ Քոչարյանին որևէ կերպ ներգրավում ես որպես մեղադրյալ, ապա ծիծաղելի կլինի զարմանալ կամ անակնկալի գալ, որ նա պաշտպանվում է հնարավոր բոլոր միջոցներով, և նրան աջակցում է նախկին համակարգի զգալի մասը, այդ թվում՝ ՀՀԿ-ն: Ըստ այդմ՝ խնդիրը այն չէ, թե որքան ուժեղ է հակահեղափոխական ռեսուրսը՝ այդ բառի ամենատարբեր, այդ թվում՝ նույնիսկ շատ դեպքերում փոխաբերական իմաստով:

Խնդիրը այն է, թե որքան ուժեղ է հեղափոխությունը: Իսկ հեղափոխության ուժը պետք է չափվի ոչ թե նոր իշխանության վարկանիշով, այլ ներհասարակական պրոցեսներով: Ի վերջո, հեղափոխության առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, բայց հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը չէ:


Հեղափոխությունը հասարակությունն է, ու դրա շնորհիվ է նաև, որ այն ստացվել է հանգիստ, անարյուն, առանց բռնության: Բայց հեղափոխությունը շարունակվում է, ինչպես օրերս ֆրանսիական միջազգային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ դա նշանակում է, որ շարունակող պետք է լինի ոչ միայն Փաշինյանը, այլ նաև հասարակությունը: Այստեղ է հարցը:

Խոշոր հաշվով Հայաստանում հակահեղափոխություն հասկացությունն առավելապես քարոզչական տիրույթի հարց է կամ արհեստական և իներցիոն ընկալումների, որովհետև հարցը գուցե ավելի շատ հեղափոխության արդյունավետությունն է, և անարդյունավետությունն ինքնաբերաբար, ինքնըստինքյան հակահեղափոխություն չէ: Հետևաբար տվյալ պարագայում հենց Ռոբերտ Քոչարյանի գործի մասով հարցը այն է, թե հեղափոխության շարունակության մասով ինչքանով է արդյունավետ հասարակությունը:


Բանն այն է, որ հասարակության խնդիրը այստեղ Քոչարյանին տրվող գնահատականների առատությունը կամ նրան սատարող որևէ մեկին «խաչ բարձրացնելը» չէ: Դա ավելի շատ կարող է հիշեցնել անտառում վախից բարձրաձայն գոռալուն: Մի՞թե հասարակության մեջ կա վախ՝ երեք ամիս առաջ անսպասելի հեղափոխություն իրականացրած հանրության մեջ կա վախ, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին համակարգը կարող է ռեաբիլիտացվել: Եթե կա այդ վախը, ուրեմն հեղափոխություն չի եղել: Եթե հեղափոխություն եղել է, ապա հանրությունը չպետք է վախենա բաներից, որոնք ավելի շատ իներցիոն ընկալումների վրա են հիմնված և պահանջում են ոչ թե նույնքան իներցիոն գնահատականներ՝ երբ տպավորություն է, թե իշխանությունը դեռ Քոչարյանն ու ՀՀԿ-ն են, իսկ հանրությունը՝ քննադատողի դերում, այլ պահանջում է հանրային իշխանության իրացում:

Իսկ դա իր հերթին նշանակում է հասարակական ակտիվ խմբերի ձևավորում և նոր որակների, նոր գաղափարների, նոր նշաձողերի ինտենսիվ գեներացիա:

Հասարակական շրջանակներում ներկայումս իրավիճակ է, երբ դեկլարատիվ մակարդակում հանրությունը իրեն համարում է պետության տերը, սակայն գործնական, առարկայական մակարդակում հանրային պահվածքի գերակշռող մասը բնորոշ է ավելի շատ «ընդդիմադիր» կարգավիճակի և մտածողության, քան իշխանության կրողի: Այստեղ է խնդիրը, որը տվյալ դեպքում արտահայտվում է Քոչարյանի գործում, սակայն շարունակվելու դեպքում այն կունենա դեռ շատ մեծ ու փոքր դրսևորումներ՝ բերելով ընդհանրական ստագնացիայի: Ընդ որում, հենց այդ զգացողությունն ու խնդրի պատկերացումն է նաև օգոստոսի 17-ին հանրահավաքի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության պատճառը, բացի այն քաղաքական շարժառիթներից, որոնք քննարկվել են այս օրերին:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->