>

Ակտաու քաղաքում հանդիպմանը Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Շաբաթ օրն այդ հարցը քննարկել էին նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը եւ Սերգեյ Շոյգուն:

Հիշեցնենք, որ այժմ Յուրի Խաչատուրովը շարունակում է կատարել գլխավոր քարտուղարի պարտականությունները: Հուլիսի վերջին նրան Հայաստանում մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նա ձերբակալվել էր, հետո գրավի դիմաց ազատ արձակվել:




Քոչարյանի զոհերը

Ռուսական մամուլում անմիջապես արտահոսքեր եղան Ռուսաստանի դժգոհության մասին, որ Հայաստանը չի պահպանել ընթացակարգը, քանի որ մինչեւ մեղադրանք առաջադրելը պետք էր նախ հետ կանչել Խաչատուրովին: Ռուսաստանի ԱԳՆ անանուն ներկայացուցիչը Հայաստանի ԱԳՆ գործողությունները ոչ պրոֆեսիոնալ էր անվանել, որը գնահատվել էր որպես Ռուսաստանի աննախադեպ դեմարշ: ԱԳ նախարար Սերգեյ Լարվովն ավելի մեղմ էր, բայց նույնպես Հայաստանի իշխանությանը մեղադրել է ՀԱՊԿ գործընկերներին չհարգելու մեջ:




Հայաստանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան էր տվել՝ հիշեցնելով, որ հրաշալի տիրապետում է բոլոր ընթացակարգերին եւ փաստացի պնդել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածու կառաջադրի: Ըստ պայմանավորվածության, այդ պաշտոնը մինչեւ 2020 թվականը Հայաստանինն է:

Շուտով, սակայն, սկսեցին խոսել, որ հոկտեմբերից շուտ նոր գլխավոր քարտուղար չի նշանակվի, եւ ամենայն հավանականությամբ Հայաստանի քվոտան կփոխանցեն Բելառուսին: Այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է թե Ալեքսանդր Լուկաշենկոյին, թե Նուրսուլթան Նազարբաեւին: Հայտնի չէ, թե նրանք ինչի մասին են խոսել:


Հայաստանը պնդելու՞ է, որ ապագա գլխավոր քարտուղարը մինչեւ 2020 թվականը Հայաստանի ներկայացուցիչը լինի: Դա կարող է դեմարշի եւ առճակատման վերածվել, որովհետեւ Հայաստանը կարող է անվերջ թեկնածուներ առաջադրել, իսկ 4 նախագահները կարող են չհաստատել: Մյուս կողմից, Հայաստանը դժվար է թե «հետ կանչի» Յուրի Խաչատուրովի մեղադրանքը եւ թույլ տա աշխատել մինչեւ ժամկետի ավարտը:


Երեւանը, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու համաձայնվել գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին փոխանցելուն: Դա, իհարկե, կհարվածի ՀԱՊԿ-ում Հայաստանի իմիջին, սակայն այլընտրանքը կարող է առճակատումը լինել: Իսկ ՀԱՊԿ անդամները առճակատման ժամանակ անմիջապես շանտաժի են անցնում: Դեմարշից հետո ռուսական լրատվամիջոցներում ակնարկներ են հայտնվել, որ Ռուսաստանը Հայաստանին չի մատակարարելու 100 միլիոն դոլարի վարկով զենքը, այդ թվում՝ նոր Իսկանդերներն ու այլ կարեւոր զենքեր:

Դրանից հետո Հայաստան եկավ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը եւ հայտարարեց, որ զենքը մատակարարելու են: Նա, ճիշտ է, չի ասել՝ արդյոք Երեւանի հետ պայմանավորվել են Խաչատուրովի հարցում:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->