>

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը բավականին սիրված է հայ հեռուստադիտողի կողմից: Արմատներով Արցախից լինելով, դերասանուհին նշում է, որ արցախյան թեման հոգեհարազատ է իրեն և նույնիսկ անկեղծացավ, որ զբաղվածությունը թույլ չի տալիս ավելի հաճախ լինել այնտեղ.

«Ես այստեղ հորաքրոջս հետ եմ ապրում և կապս Արցախի հետ պահպանվում է այնքանով, որքանով ինձ թույլ է տալիս ժամանակը: Ծնողներս, եղբայրներս, զարմիկներս ու զարմուհիներս այնտեղ են: Եթե անկեղծ ասեմ, երկու–երեք օրով Արցախ չեմ գնում, որովհետև մամաս չի թողնում:) Ասում է ՝գալիս ես, չենք հասցնում ոչ քեզ տեսնենք, ոչ էլ հասկանանք, երբ եկար, երբ գնացիր։

Հենց մի շաբաթից տասն օր ազատ ժամանակ եմ ունենում, բնականաբար, միանգամից գնում եմ այնտեղ, ժամանակս ընտանիքիս, ընկերներիս հետ անցկացնելու»:




Քոչարյանի զոհերը





Այս պահին Թամարան նոր նախագիծ ունի Նարեկ Դուրյանի հետ, նրանք «Օրագիր» ներկայացման վերջին փորձերն են անցնում: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին` «Բոհեմ» թատրոնում:

Այն նվիրված է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին և հիմնված է արցախցի աղջկա վարած անձնական օրագրի վրա:

Դերասանուհին նշում է.


«Ճիշտ է, մենք այնպես արեցինք, որ ներկայացումը հանձնվի ապրիլի 24-ին, բայց ընդհանուր առմամբ, ներկայացումը նվիրված է Արցախյան շարժմանը: Ներկայացումը հիմնված է երիտասարդ աղջկա անձնական օրագրի վրա։ Նա այն ժամանակ ուսանողուհի էր, 1983-1988 թվականներին երեք հայ ընկերուհիների հետ ապրում և սովորում էր Բաքվում։

Այդ հինգ տարվա ընթացքում իր ուսանողական կյանքը գրել է օրագրում, որտեղ տեղ է գտել պատմություն այն մասին, թե ինչ կատարվեց Սումգայիթում և դրանից հետո:



Այդ կինն իր օրագիրը տվեց Նարեկ Դուրյանին տասը տարի առաջ, երբ վերջինս Արցախ էր եկել և ասաց՝ սա իմ անձնական օրագիրն է, ես այնպիսի բաներ եմ գրել, որոնք մի օր կարող են պետք գալ ձեզ, հնարավոր է՝ որոշեք այս թեմայով որևէ բան բեմադրել: Ճիշտն ասած, պարոն Դուրյանը վախեցել էր օրագիրը վերցնել, որպեսզի չկորցնի, փոխարենն այդ կնոջ հեռախոսահամարն էր վերցրել։

Մոտ մեկ տարի առաջ պարոն Դուրյանը ներկայացում բեմադրելու մտահղացում ունեցավ, զանգեցինք այդ կնոջը՝ Լինային, վերցրինք օրագիրն ու դրա հիման վրա կառուցվեց նոր ներկայացում»:

Դերասանուհին նաև նշեց, որ «Օրագիր»-ը փաստավավերագրական ներկայացում է, որում բացի անձնական օրագրի էջերից, ներկայացվել են պատմական փաստեր, տարատեսակ հետաքրքիր պատմություններ:

«Պարոն Դուրյանը շատ ավելի է բացել այդ թեման, ներկայացրել իրեն հատուկ ոճում։ Մենք` դերակատարներս, բացի չորս ընկերուհիների հիմնական դերերը, ներկայացման ընթացքում մարմնավորում ենք նաև այլ կերպարներ»,- եզրափակեց Թամարան:

Դիտեք մաև տեսանյութը.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->