>

Lragir.am-ը գրում է՝

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը իրարանցում է առաջացրել հանրության շրջանում, բացելով յուրօրինակ խոպան դաշտ: Օրինակ, առաջին խոպանը բացվել է նրանց համար, ովքեր տեսնում են «հակահեղափոխության» վրա միավոր հավաքելու հնարավորություն: Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը դարձել է հակահեղափոխության «վերահաս վտանգի» մասին ահազանգերի պատճառ, որով փորձ է արվում Նիկոլ Փաշինյանին դնել յուրօրինակ ճնշման տակ եւ այդ պայմաններում շահավետ գնով նրան վաճառել սեփական անփոխարինելի աջակցությունը:




Քոչարյանի զոհերը

Նիկոլ Փաշինյանը Տավուշում այցի եւ այնտեղ ունեցած հայտարարությունների միջոցով կարծես թե ցույց տվեց, որ պետք չէ իրեն վախեցնել հակահեղափոխության կամ ռեւանշիզմի վտանգով ու բարձրանալ «շալակը»:




Կմնա՞ Փաշինյանն այդ ամուր դիրքերում մինչեւ խորհրդարանի արտահերթ ընտրություն: Համենայն դեպս կան նախադրյալները: Այդ առումով առանցքային կլինի օգոստոսի 17-ը, սակայն ոչ թե հանրահավաքի բազմամարդության, այլ հարթակից հնչող ուղերձի առումով: Թավշյա հեղափոխության հաջողության գրավականը Նիկոլ Փաշինյանի ու հանրության մասնակցային ուղիղ կապն էր, բառի բուն եւ պատկերավոր իմաստով, առանց տարատեսակ միջնորդների: Օգոստոսի 17-ն այդ իմաստով պետք է լինի որոշակի ցուցիչ՝ այդ կապը շարունակում է կրել ուղիղ եւ մասնակցային բնույթ ու տրամաբանությո՞ւն, թե՞ այն, ինչ միջնորդներին չհաջողվեց թավշյա հեղափոխության օրերին, կարող է հաջողվել այժմ՝ «հակահեղափոխության» վտանգի գերագնահատման տեխնոլոգիայի շնորհիվ:

Մյուս կողմից, զուտ իրավիճակի եւ քաղաքական հեռանկարի տրամաբանությունը այդ վտանգի այսպես ասած չափավոր պահպանումը կամ գեներացիան չի խանգարում, ու գուցե օգնում է նաեւ Փաշինյանին, առնվազն մինչեւ խորհրդարանի ընտրություն ապահովել հանրային մոբիլիզացիայի գրեթե անվրեպ միջոց, ինչը ոչ միայն ավելորդ չէ նոր կառավարության համար, այլ նաեւ օգտակար է՝ հաշվի առնելով, որ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից օբյեկտիվորեն պահանջվելու է որոշակի ժամանակահատված:


Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը չի վախենում «հակահեղափոխությունից» եւ չի տրվում տարբեր դիրքերում, նույնիսկ հակադիր ճամբարներում գտնվող, բայց միջնորդական հավակնություն ունեցող սուբյեկտների հնարքներին, բայց միեւնույն ժամանակ չի հրաժարվում այդ տեխոլոգիայի պրակտիկ եւ պրագմատիկ կիրառումից:

Ռոբերտ Քոչարյանն այդ իմաստով օգտակար գործոն է, որը թույլ է տալիս դրանից բացի լուծել միանգամից մի քանի այլ հարց: Քոչարյանը գործնականում «մագնիսի» սկզբունքով դեպի իրեն է ձգելու բոլորին, ովքեր այս կամ այն կերպ գտնվում էին թավշյա հեղափոխության օրակարգից դուրս: Ընդ որում, այդ ձգողությունը ոչ միայն սերտ զինակցության իմաստով, այլ թեկուզ դիմակայության: Քոչարյանը քաշելու է գիծը հեղափոխության օրակարգի եւ մնացյալի միջեւ, այդ թվում նրանց, ովքեր ձգտում էին սողոսկել այդ օրակարգ «պարտիզանական» նկրտումներով, ինչպես փորձել են քաղաքականությամբ զբաղվել այլ իրավիճակներում նաեւ հեղափոխությունից առաջ:


Իրավիճակն այդ առումով բացարձակապես չունի իրարանցման եւ առավել եւս խուճապի պատճառ: Խնդիրն այս դեպքում ընդամենն այն է, որ զուգահեռ պետք է լինի նաեւ հեղափոխության այս փուլի օրակարգի հստակեցում, ընդ որում արդեն պետական կառավարման շրջանակում կոնսպեկտավորված: Օգոստոսի 17-ի ուղերձները կարեւոր են այդ առումով: Այսպես ասած նախավարժանքի ընթացքում՝ Տավուի մարզ այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը գրեց օգոստոսի 17-ի բավականին արդյունավետ եւ դիպուկ նախաբան, ընդ որում թե քաղաքական, թե հանրային մտածողության խորքային ասպեկտների առումով:

Այդ իմաստով, օգոտսոսի 17-ին հասարակությունը կանգնելու է ոչ թե «հակահեղափոխությանը» դիմակայելու վտանգի առաջ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ ավելի շուտ առերեսվելու է իր իսկ արած հեղափոխության հետ, դրան բովանդակային եւ արժեքային  առումով տեր կանգնելու անհրաժեշտության հետ:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->