>

1in.am-ը գրում է՝

Ավելի քան երկու շաբաթ կալանավորված Ռոբերտ Քոչարյանը երեկ ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարել է պաշտպանական կողմի բողոքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ, ըստ էության, ոչ թե խափանման միջոցը փոխվեց, այլ խափանման միջոցը վերացվեց։ «Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, և այս պահին խափանման միջոց չկա»,- ասել է փաստաբանը։




Քոչարյանի զոհերը

Իրավական առումով պաշտպանը միանգամայն ճիշտ է ասել. համենայնդեպս՝ հենց դա է ենթադրում երեկ կայացված որոշումը, մյուս կողմից՝ Քոչարյանի գործը ինքնին քաղաքական է, ու հենց այդ հարթության վրա պետք է դիտարկենք Օրբելյանի ասածը։




Նոր իրավիճակում Քոչարյանի թիմը փորձելու է լուծել երկարաժամկետ և կարճաժամկետ խնդիրներ՝ առավելագույն հարված հասցնելով իշխանության հեղինակությանն ու վարկանիշին։ Հենց դա է Քոչարյանի թիմի հիմնական մարտավարական խնդիրը։ Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը իրավական ռեաբիլիտացիայի շանս է տվել Ռոբերտ Քոչարյանին։ Համենայնդեպս, նրա փաստաբանական թիմը դիտարկում է նախաքննության մարմնին դիմելու ու երկրորդ նախագահի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորությունը։ Ակնհայտ է, որ նախաքննության մարմինն այս միջնորդությունը չի բավարարելու, որովհետև արդեն երեկ ՀՔԾ-ն անօրինական է որակել դատարանի որոշումը։ Սակայն ՀՔԾ գործունեությունն ավելի արդյունավետ կլինի ոչ թե քաղաքական հայտարարությունների հարթության վրա, որտեղ, մեղմ ասած, անհեթեթ են հնչում նրա գնահատականները, այլ Մարտի 1-ի գործի բացահայտումը հետևողականորեն շարունակելու ուղղությամբ։

Պետք է կոնկրետ փաստերի համակցությամբ մեծացվի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ծավալը՝ կալանավորման հարցով դատարան նոր միջնորդություն ներկայացնելու համար։ Հակառակ պարագայում Քոչարյանն առավելագույնը քաղաքականացնելու է նախաքննության ընթացքը, ինչն ավելի է բարդացնելու իրավիճակը։


Մարտի 1-ի գործը պետք է դառնար Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի մեկնարկը, սակայն ՀՔԾ ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի ու դատարանի կամայական որոշման հետևանքով երկրորդ նախագահը քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորություն ստացավ, ինչի բենեֆիսը դառնալու է այսօր նշանակված մամուլի ասուլիսը։

Անկասկած է, որ Քոչարյանն այսօր անելու է առավելագույնը իր վրայից Մարտի 1-ը «մաքրելու» համար, միևնույն ժամանակ քրեաօլիգարխիայի սեգմենտներին ազդանշան է տալու, որ ինքն է հակահեղափոխության առանցքի ղեկավարը։ Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ իր համար բանտի այլընտրանքը իշխանությունը վերցնելն է, այսօրվա միջանկյալ փուլը ժամանակավոր է, տակտիկական մի հանգրվան, որի ընթացքում կա՛մ իշխանությունը պետք է կարողանա վերջնականապես ջախջախել քոչարյանիզմը՝ իր բոլոր դրսևորումներով, կա՛մ էլ հանդուրժել հակահեղափոխության ռևանշի ռիսկերը, ինչը հղի է վտանգավոր ու անշրջելի հետևանքներով, ու որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն մյուս տարվա գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանի թիմը մտադիր է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Կհաջողվե՞ն դրանք, թե՞ Քոչարյանը կփորձի գործող խորհրդարանը դարձնել դիմադրության կենտրոն, որը պետք է դառնա ռևանշի ծրագրի կարևոր գործիք։ Նման հեռանկարն ամենևին էլ անիրական չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույնիսկ անազատության մեջ գտնվող Քոչարյանն իր շուրջը կարողացավ կոնսոլիդացնել 46 պատգամավորների՝ ընդամենը յոթով պակաս մեծամասնության շեմից։

Նիկոլ Փաշինյանի թիմի համարժեք պատասխանը Ռոբերտ Քոչարյանին կարող է դառնալ օգոստոսի 17-ի հանրահավաքը, եթե դրանով տրվի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացի մեկնարկը՝ քրեաօլիգարխիային զրկելով կոնսոլիդացվելու և արդյունավետ դիմադրելու հնարավորությունից։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պահպանում է փողոցի միջոցով քաղաքական խնդիր լուծելու ռեսուրսը, պետք է այն օգտագործել հնարավորինս արդյունավետ ու նպատակային։


Օգոստոսի 17-ին հասարակությանը պետք է կոնսոլիդացնել ոչ թե հեղափոխական էյֆորիայի, այլ կոնկրետ օրակարգի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացման գաղափարի շուրջ, մանավանդ՝ երեկ տեղի ունեցած իրադարձությունը հուշում է, որ հեղափոխության արդյունքները կարող են չեղարկվել, եթե կառավարությունը շարունակի առաջնորդվել չհիմնավորված ինքնավստահությամբ՝ կանխորոշված համարելով իր հաղթանակը։

Իշխանությունը հապաղելու իրավունք չունի՝ մանավանդ Ռոբերտ Քոչարյանը ծայրահեղ դեպքում կարող է հեռանալ երկրից (դրա համար չկան իրավական խոչընդոտներ)՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից ոչ միայն Մարտի 1-ի գործով, այլ նաև բազմաթիվ այլ հանցագործությունների մասով։ Սա նույնպես կլինի հեղափոխության պարտությունը՝ առնվազն հանրային ընկալման իմաստով. երեկ հասարակության շրջանում դարձյալ զարգանոմ էին ապատիկ տրամադրություններ, որոնց հիմքում վերականգնվող մինչհեղափոխական հուսահատությունն էր, որ երկիրը երկու տասնամյակ ահաբեկչության ու թալանի օբյեկտ դարձրած մարդիկ մնալու են անպատիժ։ Հանրային նման տրամադրությունների խորացումը մեծապես արժեզրկելու է հեղափոխության հաղթանակը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->