>

«Սյու Դալյան» գրական կեղծանվամբ հեղինակի սիրտ շոյող ստեղծագործություններն արդեն մի քանի տարի է մեծ իրարանցում են առաջացրել մեդիա հարթակում:

Ամենատարբեր նախասիրությունների ու տարիքի ընթերցողներ ոգևորությամբ ու անհամբերությամբ սպասում են հեղինակի հերթական զգացմունքային ստեղծագործությանը, և ամեն անգամ այդ սպասումը լինում է արդարացված. հեղինակի յուրաքանչյուր բառ ու նախադասություն՝ լցված հույզերի ու զգացմունքների մեծ պաշարով, մշտապես գտնում է իր հասցեատիրոջը:

Իսկ թե ով է իրականում թաքնված այդ կախարդական տողերի հետևում, քչերին է հայտնի: Այդ իսկ պատճառով ՄԱՐԻ ամսագիրը փորձել է բացահայտել հազարավոր ընթերցողների կողմից սիրված և խոստումնալից ապագա ունեցող երիտասարդ ու տաղանդավոր ստեղծագործողի՝ Սյու Դալյանի՝ նույն ինքը Սյուզի Ավդալյանի հայտնի ու անհայտ կողմերը:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի մանրամասները, որոնք կօգնեն մի փոքր պատկերացում կազմել մեր օրերի ամենատաղանդավոր երգահաններից ու ստեղծագործողներից մեկի մասին։




Քոչարյանի զոհերը


— Ծանոթանալով Ձեր ստեղծագործություններին՝ շատերը դրանք վերագրում են օտարագիր հեղինակների, ոմանք էլ կարծում են, որ հեղինակը տարիքով հասուն անձնավորություն է: Ինչպե՞ս է հաջողվում Ձեզ՝ լինելով այդքան երիտասարդ, մարդկային հարաբերությունները, հույզերն ու ապրումները ներկայացնել այդչափ հասուն ու դիպուկ:





— Երբեմն ինձ թվում է, որ ստեղծագործելիս ես վաղուց կյանքիս մայրամուտին հասած ծեր կին եմ: Եթե անկեղծ՝ երբեք մտածված տողեր չեմ գրում, դրանք իրենք իրենց են գալիս, ու երևի «ետնաբեմից» իրոք կյանք տեսած ու կյանքը խորությամբ հասկացող ինչ-որ մեկն է ինձ թելադրում այդ մտքերը:

— Ի՞նչ է տալիս Ձեզ ստեղծագործելը, և ո՞րն Ձեր առաքելությունն այս ասպարեզում:

— Ստեղծագործում եմ, որովհետև այլ կերպ չեմ կարող: Երբեք չես գրում ինչ-որ մեկի կամ մի բանի համար, դու գրում ես, որովհետև պետք է գրես, հակառակ դեպքում շունչդ կկտրվի:

Ստեղծագործելն ինքնաարտահայտման ամենաազդեցիկ դրսևորումն է. ինչպես, եթե մի բան չասես, կպայթես, նույն կերպ՝ եթե չգրես, չես հանգստանա: Ես միշտ գրել եմ և կգրեմ, իսկ թե այդ տողերը որ հարթակում կլինեն հասանելի ընթերցողին, այդքան էլ կարևոր չէ: Ամեն դեպքում՝ գիրք ունենալն իմ մանկության երազանքներից է. երևի մի օր անպայման մտքերիս «տուն» տամ՝ գիրք տպագրելով:


— Ստեղծագործական աշխատանքն այն բարդ ու խոցելի ոլորտներից է, որն ամենից շատն է արժանանում քննադատության: Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները, և ի՞նչն է ոգեշնչում Ձեզ առաջ գնալու:

-Յուրաքանչյուր գրող առանց իր ընթերցողի ոչ ոք է, այդպես էլ յուրաքանչյուրն առանց քննադատության չաճող ու չզարգացող մեկն է: Ոգևորումս իմ շատ սիրելի ընկերների, ինձ ընթերցող մարդկանց ամեն մի խոսքն է: Այն, որ նրանք գտնում են իրենց իմ տողերում, ինձ համար անգնահատելի ձեռքբերում է:

Ամեն անգամ համոզվում եմ, որ եթե չլինեին իմ ծնողները, իմ կողքի մարդիկ և ինձ կողքից նայող մարդիկ, ես չէի հասնի այն ամենին, ինչ հիմա ունեմ: Դու հաջողության ես հասնում միայն այն դեպքում, երբ անծանոթները հպարտանում են քո հաջողություններով, որոշ ծանոթներ՝ անհաջողակ համարում, իսկ կարևորները պարզապես պինդ բռնում են ձեռքդ՝ ով էլ դու լինես:

— Ձեր ստեղծագործական միտքն իր դրսևորումն է ստացել նաև երգարվեստում. լսարանի կողմից սիրված բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ եք: Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքն այդ ասպարեզ: Երգեր գրելը նոր շունչ տվեց ինձ՝ ավելի բազմաժանր ստեղծագործելու:



Հաճելի է, երբ բառերը ռիթմ են ունենում և ստանում են հնչողություն: Իմ մուտքը երգարվեստ եղավ շատ պատահական՝ իմ կյանքում մեծ դեր ունեցող մի շատ տաղանդավոր երգչի՝ Սարգիս Եղիազարյանի շնորհիվ:

Նրա հետ համագործակցությունը նոր համագործակցությունների ու ծանոթությունների հնարավորություն տվեց ինձ:

Հետագայում ցանկացած նոր աշխատանք էլ ավելի մեծ հորիզոններ բացեց իմ առջև: Բոլոր այն երգիչները, երգահաններն ու գործիքավորողները, որոնց հետ ես համագործակցել եմ, լինելով առաջին հերթին լավ ընկեր ու մարդ, հարթել են իմ ուղին այս ոլորտում:

Հավելենք,  որ Սյու Դալյանը իր անվան տակ ունի բազմաթիվ գրված երգեր, որոնցից շատերը դուք լսում եք ամեն օր՝ չիմանալով, թե ով է իրականում դրանց հեղինակը։

Մասնավորապես Սյու Դալյանը հեղինակել է այնպիսի հայտնի ու սիրված երգեր, ինչպիսիք են՝ Սարգիս Եղիազարյան «Քեզանից թաքուն», «Միթե», «Համով»,  Քրիստինե Եղոյան «Մամ ջան», «էլ սիրտ չունեմ»,  Գոռ Հակոբյան «Սիրտդ սրտիս», Հարութ Բալյան «Սիրել եմ խոստանում», Օկսի Ավդալյան «Սերս մեղք եմ համարելու», «Աշխարհն աշխարհով», «Պապ»,  «Կրակն ընկա», Անուշ Պետրոսյան «Սիրտս կտոր-կտոր», Սարգիս Աբրահամյան «Հեչ էլ հեչ էլ», Գևորգ Մարտիրոսյան եվ    Ռոզի «Дай Дай»։

Չնայած գրած բազմաթիվ երգերի, Սյու Դալյանը իր համար յուրահատուկ և առանցքային է համարում Սարգիս Եղիազարյանի համար գրված «Քեզանից թաքուն» երգը, որով էլ Սյուն իր առաջին քայլերն է արել այս ոլորտում և հասել է մեծ հաջողությունների։

Հարցազրույցն ամբողջույամբ կարող եք կարդալ «Մարի» ամսագրի սեպտեմբերյան համարում։ Վերջում Ձեզ ենք ներկայացնում տաղանդավոր ստեղծագործողից մի քանի մտքեր, որոնք առավել բարձր գնահատական են ստացել նրա լսարանի կողմից։

  • «Մենք չափից դուրս սիրեցինք: Ես՝ ինձ, դու՝ քեզ…»
  • «Ես ինքս ինձ եմ քչություն անում, էլ ուր մնաց դու պակասս չզգաս…»
  • «Քեզ էլի կկարոտեն, երբ չգտնեն տեղդ լրացնող ոչինչ ու ոչ ոքի…»
  • «Ես թողեցի քեզ, որովհետև մի օր բոլորն են թողնում ծխելը, այն պահին, երբ հասկանում են, որ ոչ թե մարդն է բռնում ծխախոտը, այլ ծխախոտն է բռի մեջ պահում մարդուն…»
  • «Ես տեսել եմ, թե ինչպես մարդիկ, ովքեր սարեր էին խոստանում, կանգ են առել փոքրիկ հողաթմբի հանդիպելիս…»


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->