>

Lragir.am-ը գրում է՝

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական ուժերը կրակով են պատասխանել Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին եւ հնարավոր է ադրբեջանցիներն ունեն կորուստ:

Մի քանի օր առաջ Հայաստանի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական որեւէ սադրանք չի մնում անպատասխան: Այս անգամ սակայն հայկական զինված ուժերի կրակը կամ զուգորդվում է, կամ անմիջապես նախորդում Հայաստանի պաշտպանության նախարարի Ռուսաստան կատարած այցին: Դավիթ Տոնոյանը այցելել էր Մոսկվա, որտեղ մասնակցել էր թե բանակային խաղերի եզրափակչին, թե նաեւ ունեցել երկկողմ հանդիպումներ, այդ թվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:




Քոչարյանի զոհերը

Ընդ որում հատկանշական է, որ այդ հանդիպմանը քննարկված հարցերի թվում են եղել ոչ միայն հայկական կողմին սպառազինության մատակարարման ժամանակային ճշգրտությունը, այլ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ իրավիճակը, որ Շոյգույին ներկայացրել է Դավիթ Տոնոյանը:




Այդ հանգամանքի ֆոնին առավել հետաքրքիր է դիտվում ոչ միայն հայկական կողմի պատասխան հարվածը ադրբեջանական սադրանքներին, այլ թերեւս այն, որ Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է ադրբեջանական կողմում հնարավոր կորստի մասին, ըստ էության դրանով իսկ որոշակիորեն առանձնահատուկ դարձնելով իրավիճակը:

Արդյոք դա հայ-ռուսական փաստացի համատեղ հարված է Ադրբեջանին, իհարկե շատ ավելի լայն համատեքստով, որը գուցե ներառում է նաեւ ռուս-թուրքական հարաբերության որոշակի ասպեկտներ, նկատի ունենալով Նախիջեւանի կարգավիճակն ու այնտեղ համազորային բանակի կարգավիճակում թուրքական զինուժի ներկայությունը:


Նախօրեին տեղի էր ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, երկու նախագահներ, որոնք խաղում են մեծապետական տրամաբանությամբ, բայց հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների ուժգին հարվածի ներքո՝ տենդի մեջ են թե ռուսական, թե թուրքական ֆինանսական շուկաները, փոխարժեքը գահավիժել է:

Եթե Ռուսաստանը «վարժվել» է այդ ռեժիմին, ապա Թուրքիայի համար դա գուցե անակնկալ էր, եւ Էրդողանը չէր սպասում, որ Թրամփը կարող է դիմել կոշտ մեթոդների Անկարայի նկատմամբ: Նա հայտարարել է, թե Թուրքիան կփնտրի նոր դաշնակիցներ: Բայց որտե՞ղ: Միակ տարբերակը դիտվում է Ռուսաստանը, սակայն այս դեպքում Մոսկվայի պահվածքը կարող է լինել որոշակիորեն այլ, նկատի ունենալով, որ Թուրքիան հիմա ավելի վատ վիճակում է, քան Ռուսաստանը:

Եթե մինչ այժմ Անկարան էր շահագործում Ռուսաստանի ծանր վիճակն ու այդպիսով «դաշնակցություն» վաճառում բավական թանկ գնով, ներկայում գուցե Մոսկվան զգում է, որ եկել է Անկարային «թանկ գնով» դաշնակցություն վաճառելու պահը:


Այստեղ առանձնահատուկ է դառնում Հայաստանի դերը, հաշվի առնելով նոր իրողությունները Հայաստանում: Ինքնիշխան Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե «չվող թռչուն» է, այլ կարեւոր խաղաքարտ այդ թվում Թուրքիայի հետ հարաբերությունում: Ապրիլի պատերազմից հետո այդ հանգամանքը համենայն դեպս եթե ոչ ռազմավարական ամբողջության, ապա գոնե տակտիկական հեռանկարում Մոսկվան զգացել է բավական շոշափելիորեն:

Միեւնույն ժամանակ, տեղի է ունեցելԿասպիցի կարգավիճակի վերաբերյալ հինգ պետությունների համաձայնությունը: Իհարկե դեռ պարզ չէ, թե աշխարհակարգային տրանսֆորմացիոն փուլում ինչ կյանք կունենա այդ համաձայնությունը, որն Ադրբեջանի համար գնահատվում է շահեկան: Սակայն հենց նաեւ այդ ֆոնին է հատկանշական Նախիջեւանում հարվածը:

Բացարձակ անտեղի է այն տագնապի շեփորը, որ հնչում է Կասպիցի համաձայնության եւ ընդհանրապես արտաքին ֆոնային միջավայրի պայմաններում: Խոշոր հաշվով, այստեղ չկա որեւէ առանցքային փոփոխություն, իրադարձությունները զարգանում են արդեն տեւական ժամանակ նշմարվող տրամաբանության շրջանակում: Այն, ինչ փոխվել է, ըստ էության փոխվել է Հայաստանում, դրանից բխող արտաքին ազդեցությամբ հանդերձ: Իսկ այդ փոփոխությունը տալիս է ավելի շատ հնարավորության եւ աշխատանքի, քան խուճապի տեղիք:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->