>

1in.am-ը գրում է՝

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը բավական բազմիմաստ պատասխան է տվել Հայաստանից հեռանալու Ռոբերտ Քոչարյանի հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցին: Նա ասել է, որ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ՝ միաժամանակ ասելով, թե կարծում է, որ Քոչարյանը չի փորձի հեռանալ Հայաստանից: Նրա կարծիքով՝ այդ դեպքում դա կգնահատվի որպես քննությունից խուսափելու փորձ, և նա կձերբակալվի:




Քոչարյանի զոհերը

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը չունի Հայաստանից հեռանալու արգելք, բայց հեռանալը ունի իրավական հետևանք: Այդուհանդերձ, եթե նա չձերբակալվի, օրինակ, սահմանը հատելիս, ապա կարող է հեռանալ և, ասենք, որևէ երկրում ստանալ քաղաքական ապաստան: Նրա հանդեպ կհայտարարվի հետախուզում, սակայն հաշվի առնելով այն, որ նա երկրորդ նախագահ է, այստեղ թերևս ավելի շատ կգործի քաղաքականությունը՝ իհարկե նաև կախված նրանից, թե որ երկրում նա կարող է հանգրվանել:




Սա առայժմ, իհարկե, հիպոթետիկ դիտարկում է, առավել ևս, որ երկրորդ նախագահը հայտարարել է, թե պատրաստ է գործակցել քննությանը: Սակայն բացառվա՞ծ է իրադարձությունների զարգացման այդ սցենարը, եթե նկատի առնվի հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտպանական մարտավարությունը կառուցել է հալածյալության, հետապնդվածության առանցքի վրա: Անգամ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նա խոսեց ոչ թե իրավական, այլ քաղաքական լեզվով՝ գնալով բավականին հմուտ քայլի և կազմակերպելով ասուլիս, որն ըստ էության իր բնույթով կարծես թե բավականին հնարամիտ մշակված սադրանք էր: Դրա շնորհիվ Ռոբերտ Քոչարյանը ստացավ քաղհալածյալության մասին պնդումների լրացուցիչ պաշար, ինչպես էլ մենք գնահատենք նրա ասուլիսը տապալած քաղաքացիների քայլը: Մինչդեռ պետք է հետադարձ հայացքով խոստովանել, որ Ռոբերտ Քոչարյան գործչի մեզ ծանոթ բնույթին զգալիորեն խորթ էր կալանքի վերացումից անմիջապես հետո ասուլիսի կազմակերպումը, ինչն էլ հիմք է տալիս ենթադրության, որ դա բավական հմուտ ծրագրված և հաշվարկված մարտավարություն էր՝ իրավիճակը «քաղաքական հետապնդման» տրամաբանություն վերադարձնելու համար:


Սա էլ իր հերթին է հիմք տալիս ենթադրելու, որ քաղաքական ապաստանի տարբերակը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական մարտավարության մեջ ամենևին ամենահետին շարքերում չէ, և ամեն ինչ կախված է իրավիճակի հետագա զարգացումից: Ի վերջո, երկրորդ նախագահն ու նրա թիմը լավ են պատկերացնում, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի հանրության առաջ «քաղհալածյալ» ներկայանալը հեռանկարային գործ չէ: Դա նշանակում է, որ նրանք ավելի շատ աշխատում են, այսպես ասած, արտաքին էֆեկտի վրա:

Այդ տարբերակի դեպքում կստացվի «վտարանդի քաղգործիչ», որը ֆիզիկապես լինելով արտերկրում՝ Հայաստանում գործի կդնի իր տեղեկատվական ձեռքբերումները, իհարկե՝ դարձյալ ավելի երկար հեռանկարով խաղի համար: Այս դեպքում իհարկե որոշակի հիասթափություն կսպասի այն քաղաքական միավորներին, որոնք ստանձնել էին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, եթե նա ընտրի, այսպես ասած, հեռանալու տարբերակը, ու եթե իրավապահ կառույցները չկարողանան կանխարգելել այն:


Բանն այն է, որ նրանք կամ նրանց մի մասը արդեն իսկ դիրքավորվել են բավական բացահայտ, մինչդեռ առանց Հայաստանում գտնվող Քոչարյանի կստացվի, որ նրանք քաղաքական առումով կմնան օդում անօգնական կախված:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->