>

Ի տարբերություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործներ կամ ոճիրին այս կամ այն կերպ առնչված, ապա կասկածելի հանգամանքներում վաղաժամ մահացած Նորայր Եղիազարյանի, Վռամ Գալստյանի, Համլետ Ստեփանյանի, Մուշեղ Մովսիսյանի, Ռոզա Հովհաննիսյանի, Հասմիկ Աբրահամյանի, Տիգրան Նաղդալյանի (չհաշված բոլոր իմաստներով կես-մարդ Միսակ Մկրտչյանին եւ Սերոբ Տեր-Պողոսյանին)՝ Տիգրան Նազարյանը հասցրել է անել իր քայլը: Թերեւս, իր խորտակված կյանքի վրեժն է լուծել կամ մեզ անհայտ շարժառիթներ է ունեցել:

Բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են, որ «Հայլուրի» Տիգրան Նազարյանին հենց այնպես չէին աքսորել Ամերիկա, եւ հենց այնպես չէր, որ հետագայում խուսափում էին անգամ նրա ամերիկյան հեռախոսազանգերին պատասխանել, հիշեցնենք մի փաստ. նախկինում թունդ ընդդիմադիր, ներկայում Սերժ Սարգսյանի մերձավոր Վիկտոր Դալլաքյանն այն ժամանակ իր ցուցմունքում նշել էր, թե «հեռախոսով Նաիրին ասաց. «Տիկո, դե շուտ արեք եկեք, զենքերը բերեք, ժողովրդին էլ բերեք»»: Նույնը նշել էին նաեւ այն ժամանակ պատգամավորներ Լեւոն Սարգսյանն ու Գագիկ Մանուկյանը, վերջինս նշել էր նաեւ, որ Նաիրին, առաջինը զանգահարելով Տիկոյին, ասել էր. «Սատկացրել եմ, ասեք՝ թող գան…»:




Քոչարյանի զոհերը

Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ Նաիրիի հայտնի թղթապանակի մեջ գտնվող եւ նրա կողմից կազմված «ՀՀ ժամանակավոր կառավարության» ցանկում Տիգրան Նազարյանը զբաղեցնում էր 2-րդ տեղը՝ Էդիկ Գրիգորյանից հետո. Էդիկը պետք է «վարչապետ Նաիրիի կաբինետում» զբաղեցներ առողջապահության նախարարի աթոռը, իսկ Տիգրանը… ճիշտ եք կռահում՝ բնական է, որ Տիգրանն էլ, որպես գործակալ, Ազգային անվտանգության պետի աթոռը պետք է ստանար: Իսկ դա լրացուցիչ վկայում է այն մասին, որ Տիգրան Նազարյանը լուրջ դերակատարում է ունեցել «27»-ի գործում, եւ նրա մասին քիչ է ասել, թե նա կարեւոր վկա էր:




Վերադառնալով կրկին Տիգրան Նազարյանի ասուլիսին, նորից ենք համոզվում, որ Ազգային անվտանգության նախկին գործակալ չի լինում: Խոսքը նրա հեռախոսային ասուլիսի մասին է, որը կազմակերպել էր Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսության «Վարագույր» հաղորդաշարը, ի դեպ, ՀԺԿ ամերիկյան գրասենյակում, Տիգրան Նաղդալյանի քառասունքի օրը եւ՝ Նազարյանի նախաձեռնությամբ։ Ակնհայտ էր, որ նրան խուճապի էր մատնել իր անվանակցի սպանությունը, եւ նա որոշել էր հեռուստաասուլիսի միջոցով ապահովագրել իրեն: Տիգրանն ուղղակի մեղադրում էր Հանրային հեռուստաընկերությանը՝ իրեն խաբեությամբ Ամերիկա ուղարկելու, ապա մոռացության մատնելու մեջ: Նրա դժգոհությունը հատկապես Նաղդալյանից էր. կես տարվա ընթացքում 1-2 անգամ էր կարողացել խոսել հետը: Նա չէր գաղտնազերծել, թե ինչպես իրեն հեռացրին աշխատանքից եւ խորհուրդ տվեցին առաջիկա 10 տարին մոռանալ Հայաստանի ճանապարհը: «Դու համագործակցե՞լ ես Ազգային անվտանգության մարմինների հետ, թե՞ ոչ» հարցին Տիգրանը պատասխանել էր. «Դուք գիտեք, որ ես տարիներ շարունակ եղել եմ Հայաստանում «Հյուրիեթ» թերթի թղթակիցը… Ես պատասխանեցի քո հարցին»: Նաիրիի եւ իր զրույցի գաղտնալսման մասին հարցին պատասխանը չափազանց ուշագրավ է. «Ես վստահ եմ, որ ձայնագրությունը, ներքին ցանցն աշխատում էր, որքան էլ զարմանալի էր, նրանք չէին պահանջել, որ ցանցն անջատվեր»: Կարեւոր է նաեւ, որ, խուսափելով անուններ տալուց, նա, այնուամենայնիվ, հստակ մատնանշում է Ազգային անվտանգության երկու աշխատակիցների, որոնք ահաբեկել են իրեն՝ Վահան Մանուկյան եւ գնդապետ Մելքոնյան: Նա նաեւ հարկ էր համարել ընդգծել, որ Տիգրան Նաղդալյանը եւ «լարված ու վախեցած» Ալեքսան Հարությունյանն առնվազն դեմ են եղել, որ ինքը վերադառնա Հայաստան:

Ահաբեկչությունից հետո մոտ 2 ժամ Նաիրիի հետ զրուցած Տիգրան Նազարյանն իրականում հրաշալի հասկանում էր, թե ինչի համար է ինքը համարվում կարեւորագույն վկա: Օլեգ Յունոշեւի միջնորդությամբ՝ նրա ասուլիսի ձայնագրությունն այն ժամանակ ներկայացվեց «27»-ի դատավարությանը: Հետաքրքիր է նաեւ, որ «եթե ձեզ ահաբեկողներն ընդդիմությունից լինեին՝ կասեիք, չէ՞» հարցին ի պատասխան, Տիգրան Նազարյանը համաձայնելով՝ ծիծաղել էր: Տիգրան Նազարյանի այդ ասուլիսն ավելի ինքնապաշտպանական էր եւ նպատակ չուներ «27»-ի վերաբերյալ իր տիրապետած ինֆորմացիան բացահայտել, թեեւ ակնարկների մակարդակով բացահայտումներ այդ ասուլիսում կան, որոնցից ամենակարեւորը, իհարկե, Նաիրիի եւ Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցի ձայնագրման հավանականության դրվագն է:


Մոտալուտ մահվան սպասումը, ըստ ամենայնի, Տիգրան Նազարյանին վերջապես ազատել էր «27»-ից հետո իրեն չլքած բոլոր վախերից եւ «լռելու ուխտից»: Չի բացառվում նաեւ, որ նա սկսել էր ուրիշ կերպ նայել կատարվածին՝ ի վերջո, ոճրագործության բոլոր «նպատակները» հօդս ցնդեցին, եւ մնաց միայն երկգլխանի ռեժիմը, որի լծից մեր ժողովուրդը ոչ մի կերպ չի կարողանում ազատագրվել: ԿԳԲ-ի փորձառությունը նրան հուշել էր, թե ինչ եղանակով կարող է տեղ հասցնել այն բոլոր պատասխանները, որոնք չհնչեցին ասուլիսի ժամանակ եւ որոնք մնացել էին առկախված: Չապավինելով գրառումներ եւ նշումներ անելու բազմամյա սովորությանը՝ նա տեսաձայնագրել է իր խոսքը եւ այն ապահով եղանակով ուղարկել Հայաստան: Ամերիկյան մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Տիգրան Նազարյանը դատարանում չասած եւ ասուլիսին կեսբերան ակնարկած իր ամբողջ տեղեկատվությունը հանձնել է այդ տեսաժապավենին: Թե ում է հասցեագրել Նազարյանն իր խոսքը եւ ում է այն վստահել՝ մենք չենք հրապարակում, մնալով պայմանավորվածության շրջանակներում: Մեզ հաջողվել է, սակայն, ճշտել որոշ մանրամասներ, մասնավորապես այն, որ Նազարյանի բացահայտումները պարունակում են ուղղակի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ալիկ Հարությունյանի եւ էլի մի քանիսի հասցեին: Տիգրան Նազարյանի տեսաուղերձը նույնիսկ վերնագրված է. «Իմ վերջին եւ ուշացած հաղորդումը»: Ընթերցողի իրավունքն է կռահել, թե ում կարող էր ուղարկած լինել այն Տիգրանը, սակայն նա, ում փոխանցվել է այդ տեսաձայնագրությունը, գտնում է, որ ներկա պահին այն ջրի երես հանելը նպատակահարմար չէ, եւ պետք է սպասել ավելի հարմար պահի, այդ ընթացքում նախ ստուգելով դրա իսկությունը, կոնկրետ պարզել, թե արդյո՞ք այն մոնտաժված կամ կեղծ չէ, եւ ապա ձեռք բերել լրացուցիչ ապացույցներ ու հիմնավորումներ: Չի բացառվում նաեւ, որ մի գեղեցիկ օր ասպարեզ կբերվի երկու օրինակով (մեկը՝ այն ժամանակ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, մյուսը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի) պահպանվող այն տեսագրությունը, որի հրապարակումը կհիմնավորի դեռեւս ոճիրի առաջին օրվանից հասարակության մեջ հայտնված եւ հետագա տարիներին տարբեր փաստերով հաստատված կասկածները:


Ամփոփենք. ԱԱԾ նախարար չդարձած, բայց լավ գործակալ եղած Տիգրան Նազարյանը դրել է բոլոր վերջակետերը: Նրա ուղերձը կարող է հրապարակվել ցանկացած X պահի, պայթել՝ ինչպես ամպրոպն անամպ երկնքում, խառնելով քաղաքական հին ու նոր ուժերի հաշվարկները եւ Հայաստանը դնելով բոլորովին ուրիշ մեկնարկային վիճծակի մեջ:

Մարիամ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->