>

Վաղը Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որտեղ մտադիր է գնահատական տալ իր կառավարության գործունեության 100 օրերին: Այսօր կառավարության նիստին նա արդեն մի քանի թեզ է ներկայացրել: Մասնավորապես, նա ասել է, որ 100 օրվա ընթացքում հաջողվել է լուծել հիմնական խնդիրը՝ նորմալ գործող պետություն եւ տնտեսական զարգացում ապահովել հետհեղափոխական շրջանում: Դրան հաջորդելու է նոր փուլը, որի հիմնական նպատակն է լինելու բարեփոխումների արագացումը, որոնք երկրորդ շունչ եւ երկրորդ արագություն կբացեն:

Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է գլխավոր առաջնահերթությունը, որը նրանից սպասում են միլիոնավոր մարդիկ: Բոլորը պետք է իրենց վրա զգան հեղափոխությունը: Առաջին հարյուր օրն աշխատել են հեռուստացույցի վրա՝ հանրության համար բազմաթիվ էմոցիաներ ապահովելով: Հիմա եկել է սառնարանի վրա աշխատելու ժամանակը:




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը: Ազատ Արշակյանը, օրինակ, ասում է, որ եթե տնտեսական քաղաքականությունում, առաջադեմ աշխարհի հետ հարաբերություններում, Սահմանադրությունում փոփոխություններ չլինեն, հեղափոխությունն ինքը կարող է հակահեղափոխություն դառնալ, որովհետեւ հեղափոխության իմաստը հեղափոխական փոփոխություններն են:




Փոփոխությունները շատ բարդ ու ցավոտ գործընթաց են: Ամեն ինչ այնքան խառն է, որ մոլախոտի հետ կարելի է նաեւ պտղատու բույսը պոկել: Այդ պատճառով շատ կարեւոր է որոշել առաջնահերթությունները եւ նախ պայմաններ ապահովել հեղափոխական փոփոխությունների համար:

Վերջին ամիսը որպես առաջնահերթություն մարտի 1-ի գործի հետաքննությունն էր: Մարդիկ, մոռանալով առօրյա խնդիրների մասին, հետեւում են, թե կնստեցնեն Քոչարյանին, թե բաց կթողնեն: Նստեցրին եւ բաց թողեցին: Եթե Վճռաբեկ դատարանը հաստատի Վերաքննիչ դատարանի որոշումը Քոչարյանի անձեռնմխելիության մասին, ապա նրա դեմ մեղադրանքը կհանվի: Դա նշանակում է, որ մարտի 1-ի գործը կրկին չբացահայտված կմնա:


Շատերն ասում էին, որ այսպիսի հարցերը չի կարելի շտապողաբար լուծել, առանց լավ նախապատրաստվելու: Բայց նրանք, ովքեր այս օրակարգն էին թելադրում, շուտափույթ դատ էին պահանջում՝ նախապես հայտարարելով, թե ով է մեղավոր: Հիմա արդեն խոսում են «անցումային արդարադատության» մասին, կամ այլ խոսքով՝ հեղափոխական տրիբունալի, որը պետք  պարզի 2008 թվականի մարտի 1-ի մեղավորներին:

Այս օրակարգը կդառնա՞ Նիկոլ Փաշինյանի նոր իմպերատիվը: Օգոստոսի 17-ին ի՞նչ կհայտարարի մարտի 1-ի գործի մասին: Իր տեսաուղերձում նա ասել է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու, իսկ կողոպտվածը վերադարձվելու է ժողովրդին: Նա նույն բանը կասի՞ հանրահավաքին՝ պատասխանելով նրանց, ովքեր մարտի 1-ի օրակարգն առաջ են մղում որպես միակ հրամայական:


Շատ փորձագետներ նշում են, որ հասարակության բեւեռացումը «հեղափոխություն-հակահեղափոխություն» սկզբունքով նույնպես օտար օրակարգ է: Այն չի կարող լինել վարչապետի օրակարգը, ով ամբողջ երկրի ղեկավարն է, այլ ոչ թե նրա հեղափոխական հատվածի: Վարչապետը պետք է հաշվի առնի հասարակության բոլոր շերտերի շահերը եւ նրա իմպերատիվը պետք է դառնա նախեւառաջ ազգային համաձայնության ու սիրո մթնոլորտի վերականգնումը:

Այդ մթնոլորտը չի նշանակում, որ մեղավորներն անպատիժ կմնան: Այն ենթադրում է, որ հանցագործություններով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, իսկ մյուսները պետք է իրենց գործով զբաղվեն:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->