>

Lragir.am-ը գրում է՝

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ասել է, որ Մարտի 1-ի համար մեղավոր են բոլորը: «Դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե երևույթը ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին», ասել է նա։




Քոչարյանի զոհերը

Ինչ որ առումով Հրանտ Մարգարյանը ճիշտ է ասում՝ կարեւոր է, թե այդ երեւույթը ով է ստեղծել: Այսինքն, ստեղծվել, ձեւավորվել էր մի միջավայր, որը հնարավոր է դարձրել մարտի մեկը: Բայց Հրանտ Մարգարյանը խառնում է երկու կարեւոր հանգամանք՝ նախ, մեղքը եւ պատասխանատվությունը տարբեր բաներ են: Մեղքն իրավական հարթությունում է, որն իրավապահների գործն է, եւ շատ կոնկրետ է՝ ով է տվել կրակելու հրաման, ով է կրակել եւ սպանել: Դա շատ կարեւոր է գործը ամբողջական բացահայտելու տեսանկյունից:




Ինչ վերաբերվում է պատասխանատվությանը, դա արդեն քաղաքական հարթությունում է, եւ իսկապես բոլորն են պատասխանատու մարտի մեկի համար: Այսինքն, այնպիսի «երեւույթ ստեղծելու» համար, որը հնարավոր դարձրեց այդ ողբերգությունը:

Այս առումով Հրանտ Մարգարյանը ճիշտ է: Միայն թե նա այդ երեւույթը սահմանափակում է խիստ նեղ շրջանակով ու ժամանակային կտրվածքով, թերեւս փորձելով այդ պատասխանատվությունից դուրս թողնել ՀՅ Դաշնակցությանը: Իրականում մարտի մեկի «երեւույթը ստեղծվել» է շատ ավելի վաղ, երբ կեղծվում էին ընտրություններ, տեղի էր ունենում իշխանության յուրացում, երկիրը բաժանվում էր անօրինական տնտեսական ու քաղաքական քվոտաների կոռուպցիայի ու ազգային բարիքի հափշտակության հիմքով:


Այս ամենին մասնակից է եղել ՀՅԴ ղեկավարությունը, որը պարբերաբար ամոթալի գործարքների է գնացել իշխող քրեականացված համակարգի հետ, դառնալով դրա մի մասը եւ լիովին կրելով այդ ամենի պատասխանատվությունը: Իսկ «հաշտարարությունն» ու բոլորին խորհուրդներ տալը, բոլորը մեղավոր են տիպի տափակաբանությունն ընդամենը շղարշ են:

Ներկայում ՀՅԴ-ն պատռվում է նոր ու հին վարչակարգերի միջեւ, այդ կեցվածքը փորձելով հրամցնել որպես քաղաքական դիրքորոշում: Իրականում ոչ մի քաղաքականություն չկա ու չի կարող լինել, ՀՅԴ ղեկավարությունը պարզապես փորձում է պարզել, թե ով իրեն կրկին խորհրդարան մտնելու ու քվոտաներ տալու երաշխիքներ կտա:


Նոր Հայաստանում ՀՅԴ-ն կարող է եւ պետք է ունենա իր ներկայությունը, բայց դրա համար պետք է ստանձնի իր պատասխանատվությունը հանրության առաջ, փոխվի որակապես ու նաեւ բովանդակային: Բայց դա կարող է տեղի ունենալ, եթե երբեմնի հեղափոխական կուսակցությունն իր մեջ ուժ գտնի հեղափոխություն անել իր ներսում եւ հեռացնել ներկայիս ղեկավարությանը, որի օրոք անհնար է վերափոխումը նախորդ վարչակարգի հետ գործարքների ու պարտավորությունների պատճառով:

Հրանտ Մարգարյանը եւ մյուսները կարող են չսպասել եւ իրենք հեռանալ՝ հանուն Հայաստանի ու ՀՅԴ-ի:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->