>

Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, որտեղ ամփոփվելու է Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը։ Հեղափոխությունից անցել է 100 օր, վարչապետ Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ կարևոր խոսակցություն ունի ժողովրդի հետ։ Ի դեպ, այսօր Հայաստանի տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից մարդիկ որոշել են երթով գալ և Երևանում մասնակցել հանրահավաքին։

«Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ Արցախից 1000 հոգի երթով գալու են Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։ «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ հանրահավաքին իրենց մասնակցության նպատակը մեկն է՝ ցույց տալ արցախցու վստահությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։




Քոչարյանի զոհերը

«Մեր նպատակն է Արցախ-Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը՝ ապացուցելու, որ մենք միասնական ենք։ Մենք՝ արցախցիներս, 1000 հոգով գալիս ենք մասնակցելու, իսկ դա նշանակում է, որ մենք ողջունում ենք Հայաստանի նոր իշխանություններին ու վստահում ենք Նիկոլ Փաշինյանին։




Մենք՝ երթի բոլոր մասնակիցներս, վստահում ենք Նիկոլ Փաշինյանին ու վստահ ենք, որ Արցախի հարցում Փաշինյանը դրական լուծումներ կտա։


Այսօր, առավել քան երբևէ, հայ ժողովուրդը միասնական է և Մայր հայրենիքում սկսված քաղաքական իրադարձությունների հետ է կապում իր լուսավոր ապագան: Այս համատեքստում, մեր համոզմամբ, Արցախը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից՝ հատկապես, որ վերջին փոփոխությունները կարծես թե բախտորոշ շրջադարձ են ուրվագծում նաև բանակցային գործընթացի համար»,- ասաց Բալասանյանը։

«Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահի տեղեկացմամբ՝ իրենց նախաձեռնությանը օժանդակել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը։


Ի դեպ, նշենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո Արցախի Ազգային ժողովի հենց «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցության պատգամավորներն էին ստորագրահավաք սկսել՝ նրան ազատ արձակելու պահանջով։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->