>

Աննա Էլբակյանը հայ թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի, թատերական ռեժիսոր է, ում գրեթե բոլորն են ճանաչում։

Գեղեցկության, կանացիության ու էլեգանտության մարմնավորում հանդիսացող ՀՀ վաստակավոր արտիստուհին օրերս տոնել է 57-ամյակը, ինչի առիթով էլ Tert.am Life-ը հարցազրույց է ունեցել նրա հետ։

— Ինչպիսի՞ տրամադրությամբ եք արթնացել: — Ես որոշել եմ, որ պետք է իմ ծննդյան օրերին լավ տրամադրություն ունենամ:




Երբ այդ օրը տրամադրությունդ ընկնում է, նշանակում է դու շատ ես սիրում քո եսն ու կենտրոնացած ես սեփական անձիդ վրա: Իսկ ես չեմ ցանկանում կենտրոնանալ իմ անձի վրա: Այնպես որ, այսօր հրաշալի տրամադրություն ունեմ:






— Ինչպե՞ս եք տոնելու օրը: — Կտոնեմ իմ սիրելի թատրոնում, քանի որ այսօր բացօթյա ներկայացում ունենք: Ես չեմ խաղում, բայց մեծ հաճույքով գնալու եմ դիտելու: Ովքեր ցանկանում են, կգան կշնորհավորեն:

— Անակնկալներ արդեն մատուցե՞լ են Ձեզ: — Թոռնիկներս առավոտյան եկան, շնորհավորեցին: Իրենց ձեռքերով նվերներ էին պատրաստել` նկարների տեսքով: Ինձ համար դա է ամենաթանկ նվերը:

Ավագ թոռնուհիս` Էլմին, շատ է մեծացել: Երեկ հայտնաբերեցինք, որ ներկայացման համար անցած տարի կարված կիսաշրջազգեստը ծնկներից է, իսկ անցած տարի շատ երկար էր: Մեծացան…


— Արդեն 57 տարեկան եք… ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը: — 60-ից երեք եմ պակաս արդեն, բայց առավոտյան արթնանում եմ 3 տարեկանի զգացողությամբ: Ինձ թվում է` մայրս կգա ու կժպտա ինձ, հայրիկս կգա:

Միայն թե օրվա մեջ պետք է պայքարեմ, որ այդ զգացողությունն ինձ մենակ չթողնի, հոգսերն ու առօրյան չաղտոտեն այդ երիտասարդությունը: Եթե մենք պաշտպանենք մեր սիրտը չներելուց, վիրավորվելուց, այլ հակառակը` ներելով, չվիրավորվելով լցնենք մեր սիրտը, այն չի ծերանա: Ժպտալ է պետք ոչ միայն արտաքնապես, այլև հոգեպես:

-Այսօր մարդկանց վախերն ու անհանգստությունները շատ են. ժպտալն այս դեպքում բա՞րդ չէ:

— Նեղությունները միայն սրբում ու ավելի փայլուն են դարձնում մարդուն, դրանք միշտ են լինելու, չարժե դրանց համար ինքդ քեզ կեղեքել ու ամեն օր մահանալ: Նեղություններից հետո պետք է կոփվենք, ավելի տոկուն, աշխարհի համար ներդրվող մարդ դառնանք:

Պետք չէ վախենալ կորուստներից, հիվանդությունից: Ես ծանր հիվանդ մարդկանց եմ տեսել, ովքեր այդ ընթացքում դարձել են ավելի լավը, ձեռք են բերել խորը սիրտ: Ես չեմ ասում, որ պետք է հիվանդ լինենք: Ուզում եմ առողջ լինենք, երկար կյանք լինի, չլինեն պատահարները, բայց դրանք անընդհատ լինում են:



Հոգու երիտասարդությունը, ծաղկունքը, ներքին ուրախությունը դրանց հետ կապ չունեն: Ես տեսել եմ նաև երկար կյանք ունեցող, հարուստ մարդիկ, ովքեր երջանիկ չեն եղել: Հաճախ նրանք ավելի շատ բանի պակաս ունեն, քան այն մարդիկ, ովքեր չունեն ոչինչ, բայց ունեն մեծ սիրտ:

— Դուք այդ գիտակցմա՞մբ եք ապրում:

— Մենք բառերով արտահայտում ենք այն, ինչով լցված է մեր սիրտը: Ես էլ կատարյալ չեմ, բոլորի պես պայքարում եմ այդպիսին լինելու համար: Այս տարի ֆիզիկական կորուստներ ունեցա, շատ ընկերներ գնացին, շատերը հիվանդացան, բայց հաղթահարեցին խնդիրը:

Ովքեր գնացին, ինձ համար կորուստ չեն, որովհետև կյանքը մեկ ակնթարթ է, նրանց բոլորին շուտով հանդիպելու եմ:

— Ձեռքբերումներ այս տարի ունեցա՞ք:

— Այս տարի մի ուրախալի փաստ եմ արձանագրել. հիմա ավելի շատ երջանկանում եմ ուրիշների հաջողություններով, քան` իմ:

Ձեռքբերումը հենց մարդիկ են, որոնց հետ անցա այս ուղին: Այնքան մարդիկ են ինձ այսօր շնորհավորում, ուրախանում եմ: Ոչ թե այն բանի համար, որ ես այդքան մեծ մարդ եմ, այլ որովհետև նրանք մեծ գանձեր են:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->