>

1in.am-ը գրում է՝

Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթի առանցքային դրվագներից մեկը վերաբերում էր ԼՂ խնդրին. դա, ըստ էության, պատասխան էր Ռոբերտ Քոչարյանի նախօրեի հարցազրույցին, որտեղ երկրորդ նախագահը դիմել էր մանիպուլյացիայի՝ Նիկոլ Փաշինյանին հասցեագրելով մտացածին քաղաքականություն:




Քոչարյանի զոհերը

Բացի այդ, Քոչարյանը տողատակով հասկացրել էր, որ Ղարաբաղը համարում է իր հենարաններից մեկը՝ ակնարկելով, թե մտադիր է հանդիպել Բակո Սահակյանին: «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահը հայտարարել է, թե «ինչ կատարվել է Հայաստանում, որոշ չափով ազդեցություն է ունեցել Ղարաբաղում…




Չեմ կարծում, որ լրիվ նույն գործընթացներն են, որովհետև Ղարաբաղի իրավիճակն էապես տարբերվում է Հայաստանի իրավիճակից, բայց որոշ նմանություններ, իհարկե, այստեղ կան: Չեմ ուզում որակումներ տալ, քանի որ նաև էս վերջերս չեմ եղել Ղարաբաղում, և իրականում դժվար է գնահատել: Միգուցե պետք է հանդիպել Բակո Սահակյանի հետ, ուրիշների հետ՝ առաջին ձեռքից հասկանալու համար՝ ինչ է այնուամենայնիվ կատարվում»:

Լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, որ գրեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու. երեկվա ելույթում հակադարձել է Նիկոլ Փաշինյանը: «Ես Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել: Նրանք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին»,-ասել է նա:


Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետությունը, և ինքը բանակցում է ՀՀ-ի անունից: Բայց դիմելով ժողովրդին՝ կոչ է արել հաստատել, որ պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: «Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդն է: Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որը ես կհամարեմ, որ լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, որ ես ձեզնից թաքուն գործողություն կանեմ կամ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, և դուք կորոշեք` գնում ենք, թե չենք գնում»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքում ուշագրավը ոչ միայն ԼՂ խնդրում իր դիրքորորշման վերահաստատումն էր, որը հասարակությանը հայտնի է դեռ մայիսի 9-ից, երբ նա ելույթ ունեցավ Ստեփանակերտում, այլ նաև Արցախին ու նրա ղեկավարությանը կարևոր ուղերձ հղելը: Տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն, ըստ էության, շահարկել են ԼՂ խնդիրը՝ Հայաստանում իրենց իշխանություններն ամրապնդելու, ընտրություններ կեղծելու, կոռուպցիայով ու թալանով զբաղվելու համար: Այսօր էլ՝ Քոչարյանն ակնարկում է, որ Արցախը մտադիր է վերածել հակահեղափոխության որջի: Համենայն դեպս, այլ կերպ հնարավոր չէ հասկանալ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նրա ակնարկը կամ Նիկոլ Փաշինյանին վերագրվող մտացածին պարտվողականությունը և դա այն դեպքում, երբ հենց երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին օրակարգային դարձավ «Մեղրիի փոխանակման» տխրահռչակ ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդին հստակ ուղերձ է հասցեագրում, որ իր կառավարությունը կանգնած է Արցախի շահերի պաշպանության դիրքերում և, ըստ էության, կոչ է անում չտրվել Քոչարյանի քարոզչական կեղծարարությանը ու չդառնալ հակահեղափոխական պլացդարմ, ինչն, անշուշտ, անդառնալի հետևանքներ կունենա հենց Արցախի համար:


Ճիշտ է՝ երեկ Նիկոլ Փաշինյանի հանարահավաքին մասնակցել են Արցախից ժամանած մոտ հազար մեր հայրենակիցներ, սակայն նրանց երթը դեպի Երևան կազմակերպել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակցությունը, որը մեծամասնություն է Արցախի խորհրդարանում և օրեր առաջ, ըստ էության, կազմակերպել էր ստորագրահավաք հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի: Վստահ ենք, որ Արցախի էլիտայի այս երկակի քաղաքականությունը չի արտահայտում արցախահայության տրամադրությունները, որոնք համահունչ են այն համատեքստին, որը ձևավորվել է Հայաստանում:

Այս լույսի ներքո Փաշինյանի երեկվա ելույթը շատ կարևոր քաղաքական նշանակություն ունի. նա ձևակերպում է Արցախը Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից ազատագրելու խնդիր ու ԼՂՀ իշխանությանն ու հասարակությանը հայտնում է իր անվերապահ աջակցությունը: Հիմա ընտրության հերթը Արցախինն է՝ հանդուրժել Ռոբերտ Քոչարյանի մանիպուլյացիաները և դառնալ հակահեղափոխության օջա՞խ, թե՞ ինտեգրվել նոր Հայաստանին: Նիկոլ Փաշինյանը Արցախին տվել է ընտրության հնարավորություն:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->