>

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ամփոփելով նոր կառավարության 100-օրյա աշխատանքն անդրադարձավ շրջանառվող այն հայտարարություններին, թե երկրում կարող է քաղաքացիական պատերազմ հասունանալ։

«Ուրեմն, եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրանով Ազգային անվտանգության ծառայությունն ա զբաղվելու, լավ իմացեք։ Ուրեմն՝ ես խորհուրդ եմ տալիս բոլորին՝ խոսելուց առաջ մտածել», – հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին մեր տաղավարում խոսել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։




Քոչարյանի զոհերը

«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ թե նա ի՞նչ կարծիք ունի վարչապետի հայտարարության մասին։ Իսագուլյանն ընդգծելով, որ չի կարծում, թե վարչապետի ասածը կոնկրետ իրեն է ուղղված նշեց.




«Ես ցավ եմ ապրում, որ մենք հիմա սկսում ենք քանակ հաշվել՝ քանակ այլ տեղ են հաշվում։ Խոսքը գնում է ՀՀ քաղաքացիների մասին՝ լինի հազար, թե տաս հազար հոգի։ Կարևորն այստեղ այն է, որ մենք տարանջատում ենք ազգը հեղափոխականների և հակահեղափոխականների։ Ուզենք թե չուզենք, պատմությանը հայտնի է, որ քաղաքացիական պատերազմներ լինում են կամ կրոնական հողի վրա, կամ էթնիկ տարբերությունների պատճառով, կամ էլ հասարակությանը հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանումով, որն իմիջիայլոց եղել է բացառապես բոլշևիկների ժամանակ։ Եթե հիշում եք՝ ձեր հաղորդման ժամանակ ես հստակ հայտարարեցի, որ պարոն Փաշինյանին համարում եմ իմ վարչապետը, բայց նաև շեշտեցի, որ իր շատ մտքերի հետ համաձայն չեմ՝ նշանակում է, որ ես հակահեղափոխակա՞ն եմ ու ինքը չի ընդունում, որ իմ վարչապե՞տն էլ է»։

Իսագուլյանը շարունակում է. «Սպառնալ, որ սրանից հետո պետք է հանձնարարի ԱԱԾ-ին՝ դա շատ վտանգավոր թեզ է։ Այսինքն, երբ որևէ մեկը կարծիք է հայտնում ու այդ կարծիքը չի համընկնում ձեր կարծիքի հետ՝ դուք սկսում եք ի՞նչ, հանձնարարել ԱԱԾ-ին, որ այդ մարդն իրավունք չունի՞ վերլուծություն անի, իրավունք չունի՞ տեսակետ հայտնել։ Այսինքն այժմ ավելի վատ է, քան նախկին ЧК-ի, ВЧК-ի, НКВД-ի ժամանակներում։

Թավշյա հեղափոխության առաջին օրերից ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանը մեծ աջակցության կարիք ունի և մենք պատրաստ ենք նրան աջակցել, եթե հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն է, և վստահ էինք, որ այն պետք է կյանքում ևս դրսևորվի։ Հիմա իրավիճակը որոշակիորեն այլ է, և ես ակնկալում էի, որ այս հանրահավաքում ինքը պետք է հայտարարի՝ ես բոլորի վարչապետն եմ, նաև նրանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն, ունեն տրամագծորեն հակառակ տեսակետ»։


Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ հանրահավաքի սկզբում Փաշինյանը հայտարարեց, որ որևէ մեկի դեմ բարձրարցրած պաստառներն իջեցվեն, սա սիրո և համերաշխության հեղափոխությունն է, ոչ թե ընդդեմ որևէ մեկի.

«Դրանից հետո նորից անդրադառնալ ու ասել՝ ԱԱԾ-ն պետք է զվաղվի այն մարդկանցով, ում տեսակետը իր տեսակետին համահունչ չէ՞, և ուրեմն ասեք, թե հիմա դրանից ինչի՞ հոտ է գալիս։ Ես հենց սա եմ զգուշացնում և սրանից է, որ ուզում եմ հետ պահել պարոն Փաշինյանին։ Փաշինյանը պարտավոր է լսել ու հանդուրժել տարբեր կարծիքներ:

Նորից եմ կրկնում՝ եթե պարոն Փաշինյանը չհասկանա, որ ինքը ՀՀ վարչապետն է և վարչապետ է կալանավորների, հանցագործների, հավատացյալների, անհավատների, հեղափոխականների ու հակահեղափոխականների՝ նշանակում է, որ ոչ բոլորն են գտնվում հավասար վիճակում՝ նույն իրավական դաշտում, իսկ դա վաղ թե ուշ բերելու է ընդվզումների՝ ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ։ Ես շատ եմ ուզում, որ նա ճիշտ ընկալի իմ ասածը։ Ինձ ԱԱԾ-ով պետք չէ վախեցնել, ես այդ համակարգում եղել եմ և մինչև վերջերս բավականին լուրջ գործառույթներով համագործակցել եմ ԱԱԾ-ի հետ՝ հատկապես արտաքին խնդիրների հետ կապված։ Գոնե ինձ ԱԱԾ-ով մի վախեցրեք։ ԱԱԾ-ի նկատմամբ մարդիկ ոչ թե վախի, այլ հարգանքի զգացում պետք է ունենան, այդ կառույցը չպետք է օգտագործվի այլախոհերի դեմ»։


Գառնիկ Իսագուլյանը կոչ է անում.«Հասարակությունը թող գա սիրո և համերաշխության դաշտ, ոչ թե հեղափոխականների ու հակահեղափոխականների, որն անկախ մեր կամքից բերելու է քաղաքացիական պատերազմի՝ դրանք կլինեն 17 կոռուպցիոներներ, թե 25 ֆեյքեր, 1 կամ 2 հոգի՝ ամենևին էական չէ, հիմա ի՞նչ անել հակահեղափոխականներին՝ սպանե՞լ»։ Կիսում է արդյոք Քոչարյանի այն տեսակետը, որ հրապարակում հավաքված է ագրեսիվ փոքրամասնությունը՝ հարցին ի պատասխան Գառնիկ Իսագուլյանն ասաց.

«Հավատացեք, որ ազգի մեջ ագրեսիվ մեծամասնություն չի լինում։ Հենց ձեր ուղիղ եթերով՝ մինչև հանրահավաքի սկսվելը, քաղաքացիներից մեկն ասում է՝ չէ՛ մոռացեք Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Իսագուլյանին բռնեք՝ նա է, որ վաղը հեղափոխություն է անելու։ Ի՞նչ ենք ներարկում հասարակությանը, երբ մի հատվածը մյուս հատվածի նկատմամբ լցվում է ագրեսիայով։ Իսկ ազգի մեծամասնությունը չի կարող ագրեսիվ լինել, դա փոքրամասնություն է։ Պատկերացնո՞ւմ եք հայ ազգի մեծամասնությունը ագրեսիվ լինի, դա մեծագույն ողբերգություն կլինի։ Մենք իրավունք չունենք ագրեսիվ փոքրամասնության ճնշման տակ կատարել գործողություններ, որոնք կբերեն թեկուզ մեկ քաղաքացու քթից արյան։

Բայց մենք դեռ կոչ ենք անում ամբիոնից ու ասում, որ կհանձնարարենք Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվի նրանցով։ Եթե պարոն Փաշինյանն ինձ նկատի ուներ, ապա առնվազն մի քանի հարցում սխալվել է։ Ինձ կոռուպցիայի կամ ֆեյքերի հետ պետք չէ կապել, կարող է հանձնարարել ու ստուգել, եվ հետո՝ չարաչար սխալվում է, ես քաղաքացիական պատերազմ չեմ նախաձեռնում, ես ամեն ինչ անում եմ, որ այն տեղի չունենա:

Կարող եք բարձրացնել իմ տասնյակ ելույթները, որտեղ ես հստակ ասում եմ, որ ես Հայաստանում, Արցախում և ընդհանրապես հայության մեջ թշնամիներ չունեմ, որ բոլորն իմ բարեկամներն են։ Ես ուզում եմ, որ բոլոր հայերն այդպես մտածեն: Եվ վերջում ևս մեկ անգամ՝ եթե մտածում եք, որ ես վախենում եմ ԱԱԾ-ից, ապա թող հասկանան մեկ բան՝ այդ կառույցն ինձ համար ամենաընդունելին է, ամենահարգվածը, այն երբեք չպետք է գործիք դարձնել, այն պետք է ապահովի բոլորիս անվտանգությունը, և ես երբեք չեմ վախեցել իրենց հետ շփումներից»։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->