>

168.am-ը գրում է՝

Հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ

– Պարոն Ալումյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքում հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, և «չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից», ըստ էության՝ անուղղակի նկատի ունենալով հենց Ռոբերտ Քոչարյանին: Սա արդյոք միջամտություն չի՞ դատական գործընթացին:




Քոչարյանի զոհերը

– Պարզ չի, թե ում նկատի ուներ: Ես այդպես էլ չհասկացա, ինքը ոչ մի անուն չասաց: Ասաց, որ Մարտի 1-ը բացահայտված է: Կարծում եմ՝ նկատի ունի, որ բացահայտվել են 10 զոհերից յուրաքանչյուրին սպանած անձինք, այդ անձանց զենք ու հրահանգ տվողները: Ես կարծում եմ, որ ինքը երևի դա է նկատի ունեցել: Եթե դա է նկատի ունեցել, ես ուրախ եմ, եթե Մարտի 1-ը բացահայտվել է:


– Այսինքն՝ սա չի՞ կարելի դիտարկել՝ որպես միջամտություն դատական գործընթացին:




– Ոչ, դատական գործընթացին միջամտություն կարելի է դիտարկել իր այլ արտահայտություններ, երբ ինքը հասկացրեց, որ դժգոհ է այն դատավորից, որն ազատ է արձակել պարոն Քոչարյանին, և գրեթե պարզ ձևով հասկացրեց այն դատավորներին, որոնք հետագայում պետք է քննեն հարցը, որ ինքը կարող է շատ դժգոհ մնալ, եթե պարոն Քոչարյանի նկատմամբ դատական ակտը մնա ուժի մեջ: Համենայն դեպս, ես այդպես հասկացա իր ասածը: Եթե ինքը դա նկատի չուներ, ապա ափսոս, որ ձևակերպումներն այնպիսին էին, որ հասկացվեց այն, ինչ հասկացվեց: Իսկ եթե ինքը դա նկատի ուներ, ինչ ես հասկացա ու շատերը, ապա ավելի լավ էր՝ ինքը Բաղրամյան 26-ից զանգեր կատարելու պրակտիկան շարունակեր, քան այս ձևով սկսեր դատարաններին ճնշել: Այդ դեպքում ես երևի կլինեմ նրանցից մեկը, որ կխնդրի մեր վարչապետին, որպեսզի վերսկսվի Բաղրամյան 26-ից զանգերի պրակտիկան, որովհետև այն, ինչ հիմա է արվում, դա անհամեմատ ավելի վատ է: Գոնե թող Բաղրամյան 26-ից սկսի զանգել:

– Արտահայտությունը՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ», թերևս, ուղղված էր այն դատավորներին, որոնք շարունակում են հրահանգներ ստանալ նախորդ իշխանության ներկայացուցիչներից:

– Այո, բայց ես, համենայն դեպս, այնպես հասկացա, որ սա վերաբերում է պարոն Քոչարյանին ազատ արձակած դատավորին, և այս արտահայտությունը նշանակում է, որ պարոն Փաշինյանն այդ դատավորին մեղադրում է, որ ինքը գործել է ոչ անաչառ, այլ գործել է նախորդ իշխանություններից ստացած հրահանգի հիման վրա: Եթե իրականում դա չի նկատի ունեցել, լավ կլիներ որոշակի պարզաբանումներ տան, որ մենք հասկանանք ու հանգիստ լինենք այդ առումով:

– Սա ի՞նչ ազդեցություն կունենա գործի հետագա քննության վրա:


– Եթե վճռաբեկ դատարանի դատավորներն էլ այդպես մեկնաբանած լինեն պարոն Փաշինյանի ասածները, ապա ես կարծում եմ, որ, եթե գան այն համոզման, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, իրենք նախապես արդեն իրենց կաշկանդված կզգան իրենց կարծիքն արտահայտելուց: Լավ, այդ արտահայտությունը՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք», ո՞ւմ էր վերաբերում, եթե ոչ՝ պարոն Քոչարյանին ազատ արձակած դատավորին: Ես չգիտեմ՝ ում կարող էր վերաբերել: Ենթադրվում է՝ նրան, և ենթադրվում է՝ այն դատավորներին, որոնք ապագայում այդ գործը պետք է քննեն: Սա լավ չէ: Ես կրկին կոչ եմ անում, որ, եթե ճնշումը պետք է այս ձևով լինի, խնդրում եմ վերադառնալ մինչ այդ գոյություն ունեցող պրակտիկային, երբ Բաղրամյան 26-ից զանգում ու վախեցնում էին: Դա ուղղակի ավելի լավ տարբերակ է, քան սա: Ես առաջիններից մեկն էի, ով հրապարակային ելույթում կոչ արեց պարոն Փաշինյանին հրաժարվել Բաղրամյան 26-ից դատարանների վրա ճնշում գործադրելու պրակտիկայից, հիմա էլ միգուցե առաջիններից մեկն եմ, ով կոչ է անում ու խնդրում է վերադառնալ այդ պրակտիկային, որովհետև այն, ինչ հիմա է կատարվում, շատ ավելի վատ տարբերակ է:

– Դատախազությունը հրապարակել էր, որ ստացել է դատարանի որոշումը: Դուք ստացե՞լ եք:

– Այո, 2 օր առաջ մենք էլ ենք ստացել:

– Ի՞նչ կարող եք ասել այդ որոշման հետ կապված:


– Կարող եմ ասել, որ մենք ամրապնդվեցինք մեր կարծիքի մեջ, որ անհրաժեշտ է բողոքարկել:

– Փաշինյանը խոսեց նաև անցումային արդարադատություն ստեղծելու մասին: Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այդ գաղափարին:

– Նախ՝ պետք է մենք հստակ պատկերացնենք՝ վարչապետն անցումային արդարադատության մոդելներից ո՞ր մեկը նկատի ունի: Դրանք տարբեր են: Կան մոդելներ, որ ուղղակի հակասության մեջ կմտնեն մեր Սահմանադրության հետ, կան մոդելներ, որոնք միգուցե մասամբ կամ ամբողջությամբ ընդունելի են: Այսինքն՝ նախ պետք է հասկանալ՝ ո՞ր մեկը նկատի ունի: Հանրահավաքի ժամանակ ելույթն այն ֆորմատը չէ, որ կարելի է այդ հարցն ամբողջ ծավալով պարզաբանել: Դրա համար լավ կլիներ, որ այդպիսի բեկումնային հայտարարություններից հետո որևէ մեկն ավելի մասնագիտական տեսանկյունից և ավելի մանրակրկիտ ձևով պարզաբաներ՝ ինչ ի նկատի ունի, որ ամեն մեկն իր գնահատականն ունենա՝ արդյոք Սահմանադրության հետ հակասության մեջ չի՞ մտնում, արդյոք ՀՀ-ում ընդունված այլ իրավական սկզբունքների հետ հակասության մեջ չի՞ մտնում: Այս հարցում պետք է անչափ պարզություն մտցնել:

– Բայց դատական համակարգի ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:

– Գիտեք, ինքս ասել եմ բազմիցս, որ երևի մեր դատական համակարգի, դատավորների 60-70%-ը պետք է փոխվի, որովհետև ես չեմ տեսել դեպք, օրինակ, որևէ պաշտոնյա, որը կոռուպցիայի մեջ եղել է ու հետո ինչ-որ քաղաքական զարգացումներից ու փոփոխություններից հետո հանկարծ որոշի, որ ինքը չպետք է այլևս կաշառք վերցնի: Ես չեմ տեսել ու չեմ հավատում, որ այդպիսի պաշտոնյա կարող է լինել: Ով կաշառք է վերցրել, հնարավոր չէ, որ հետո չվերցնի: Այսինքն՝ իր էությունն այլևս չի փոխվի, իրեն է պետք փոխել: Հիմա դատական համակարգի փոփոխությունը պետք է կատարվի ոչ բռնի մեթոդներով, պետք է ստեղծել պայմաններ, որ իրենք ուզեն դուրս գալ, անցնել թոշակի կամ այլ ոլորտում դրսևորվել:

Եթե դա հնարավոր է անել, ապա ավելի կտրուկ մեթոդների կարիքը, կարծում եմ, չկա: Իսկ եթե կգանք այն եզրակացության, որ դա հնարավոր չի անել, այդ դեպքում այլ մեթոդ է պետք կիրառել:

Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->