>

Ընտանիքը հասարակության ամենակարևոր օղակն է, որի նշանակության մասին մենք լսում ենք ծնված օրից: Իսկ երբ ունենում ենք սեփականը, կարծես բախվում են ընտանիքի մասին մեր ունեցած պատկերացումներն ու իրականությունը: Չէ որ մինչև ընտանիք ստեղծելը, այն մեզ համար պատկերավոր մի աշխարհ է, որտեղ մենք պետք է ապրենք մեր սիրելիի հետ, ունենանք այդքան սպասված փոքրիկներին և վայելենք կյանքը: Իսկ երբ բախվում ենք իրականության հետ, ի հայտ են գալիս անխուսափելի վեճերը, կոնֆլիկտները և ճգնաժամերը: Յուրաքանչյուր ընտանիք որոշակի ժամանակահատվածում ճգնաժամ է ապրում, իսկ թե ինչ է այդ ընտանեկան ճգնաժամ ասվածը, LN-ը փորձեց ճշտել «Գոյ» հոգեբանական կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյանից:


«Նախ ասեմ, որ արևելյան փիլիսոփայության մեջ որպես այդպիսին գոյություն չունի ճգնաժամ ասվածը, դրա փոխարեն օգտագործվում են խնդիր և հնարավորություն հասկացությունները: Այսինքն’ յուրաքանչյուր խնդիր ունի լուծում: Ճգնաժամը ևս ժամանակավոր է և պետք չէ քանդել այն, ինչ ստեղծվում է տարիների ընթացքում մեծ ջանքերով»,-LN-ի հետ զրույցում նշեց հոգեբանը:







Քոչարյանի զոհերը

Ի՞նչն է նպաստում ընտանիքում ճգնաժամային իրավիճակ ստեղծելուն: «Կարևոր խնդիրներից է,երբ ամուսինները միմյանց չեն հասկանում հոգեսեքսուալ մակարդակում, որը վերջիվերջո քայքայում է զգացմունքները և փչացնում հարաբերությունները: Հայաստանում այս խնդիրը մի փոքր անտեսված է: Հաջորդ խնդիրն առաջանում է, երբ զույգերից մեկը սկսում է սեփական պահանջմունքներն ավելի շատ բավարարել, դա ևս մեծ խնդիրներ է առաջացնում ընտանիքում»,- նկատում է Հասմիկ Հակոբյանը:
Ըստ հոգեբանի’ մյուս խնդիրը, որ բերում է ընտանեկան ճգնաժամի, կապված է երեխայի դաստիարակության հետ: Այստեղ մեծ ազդեցություն են ունենում զույգի ծնողները, որոնք ամեն կերպ միջամտում են երեխաների դաստիարակությանը, և երիտասարդ զույգը չի կողմնորոշվում, թե որն է լավագույն տարբերակը տվյալ իրավիճակում: Սկսվում են կոնֆլիկտները, միմյանց չհասկանալը, և ի վերջո առաջանում է ճգնաժամային իրավիճակ:

«Հոգեբաններն առանձնացնում են 5 ճգնաժամային փուլ: 1-ինը ամուսնական կյանքի սկզբնական շրջանն է, երբ ամուսինները նոր են սկսում միմյանց ճանաչել ավելի խորը, հարմարվելու խնդիր է առաջանում: 2-րդ փուլը կապված է երեխայի լույս աշխարհ գալու հետ: Սա ավելի շատ բնորոշ է կանանց, երբ նրանք հասկանում են, որ իրենց առաքելությունը, իրենց կարգավիճակը փոխվում է: Այստեղ ձևավորվում է նոր եռանկյունի, որտեղ հաճախ հայրերն իրենց անտեսված են զգում և կոնֆլիկտները դառնում են անխուսափելի: Հաջորդ փուլը, երբ աշխարհայացքների նկատելի տարբերություն է զգացվում: Այս ամենը բերում է անհամատեղելիության: Ավելի ուշ’ միջին տարիքում, զույգերի մոտ զգացմունքների հագեցվածություն է առաջանում, որը բերում է միապաղաղության: Սա նույնպես դառնում է ճգնաժամի պատճառ: Իսկ այ վերջին փուլը, որը կոչվում է ինվոլուցիոն, սկսում է այն ժամանակ, երբ երեխաներն արդեն հասուն են, կազմում են իրենց ընտանիքներն ու հեռանում հայրական տնից: Ծնողների մոտ միայնակության զգացում է առաջանում, որը նրանց համար դառնում է կյանքի ավարտի մի շրջան: Նրանք սկսում են իրենց օտարացված և մեկուսացված զգալ և դժվարանում են հաղթահարել ճգնաժամային այս բարդ փուլը»:


Դե իսկ կյանքում ոչինչ միակողմանի չէ: Ճգնաժամային իրավիճակում ոչ թե պետք է մեղավորներ փնտրել ,այլ ելքի տարբերակներ, որոնք կդառնան Ձեր ընտանիքի համար ամուր սյուն, որից կարող եք կառչել այս բարդ շրջանում: Պատասխանատվությունը պետք է բաշխվի երկուսի միջև: «Ամենակարևորը, երբ երկկողմ հետաքրքրվածություն կա զույգի միջև: Պետք է ցանկություն լինի դրանք հաղթահարելու: Պետք է գիտակցել, որ դա ընդամենը մի փուլ է, որի միջով պետք է անցնել, այլ ոչ թե խորացնել»,-ասում է հոգեբանը:


Այս շրջանները յուրաքանչյուր ընտանիքի կյանքում անխուսափելի են, սակայն ճիշտ մոտեցում գտնելու դեպքում Ձեր ընտանիքը ոչ միայն կխուսափի խարխլումներից, այլև ավելի կայուն և ամուր կդառնա: «Ես էլի պետք է նշեմ, որ չկա անելանելի վիճակ: Կա խնդիր, կա լուծում, հնարավորություն: Չպետք է հիասթափվել, ընկճվել: Եթե իսկապես կա սեր, կան արժեքներ, հանուն որոնց արժե ապրել ու պայքարել, ուրեմն իրավունք չկա պարզապես բարձիթողի անել այս նուրբ, բայց ընտանիքի համար շատ կարևոր շրջանները: Չէ՞ որ կյանքում ոչինչ հեշտությամբ չի ստեղծվում»,-LN-ի ընթերցողներին խորհուրդ է տալիս կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյանը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->