>

Քաղաքագետների կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանն այստեղ ունենալու է իր հետաքրքրությունները։ Ընդ որում` մասնագետները չեն բացառում, որ Մոսկվան կցանկանա այստեղ ունենալ սեփական քաղաքական ուժերը, որը հաջորդ գումարման խորհրդարանում կներկայացնի իր շահերը։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը Մոսկվային այդպիսի մի համագործակցության ազդակ հղեց. «Հայաստանում կա մի ընտրազանգված, որը կարելի է ասել ռուսամետ է և չունի մի քաղաքական ուժ, որը կսպասարկի այդ շահը։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ նա է ցանկանում ստանձնել այդ կերպարը։ Ռուսաստանն էլ, բնականաբար, խաղարկելու է այդ հարցը՝ ինչպես Մոլդովայում արեց Իգոր Դոդոնի տեսքով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արմեն Բադալյանը նշում է՝ ամենայն հավանականությամբ, Մոսկվան քայլեր կձեռնարկի իր համար ցանկալի կուսակցություն ստեղծել այստեղ, որը կհակադրվի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած քաղաքական ուժին. «Վարչապետի թիմակիցների մեջ կան մարդիկ, որոնք Ռուսաստանի համար այսօրվա դրությամբ ընդունելի չեն, իսկ իրեն պետք են ընդունելի թեկնածուներ։ Ըստ ռուսական մամուլի՝ դա ՀՀ պաշտպանության նախարարն է, անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչ-որ չափով նաև արտաքին գործերի նախարարը։ Իրենք այդ պաշտոններում ցանկանում են ընդունելի թեկնածուներ, այդ պատճառով է Ռուսաստանը, միանշանակ, այդ գործընթացը իրականացրել»։




Քոչարյանի զոհերը

Չի բացառվում, որ Մոսկվան արդեն իսկ սկսել է այդ աշխատանքը։ Ըստ Բադալյանի՝ պարտադիր չէ, որ դա տեղի ունենա ընտրություններից մեկ ամիս առաջ։ «Դրան ավելի երկար են պատրաստվում, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը Քոչարյանի մասով հենց այնպես չէր։




Հայաստանը Ռուսաստանին խիստ պետք է և թույլ չի տալու, որպեսզի Հայաստանում ուժեղանա Արևմուտքի ազդեցությունը»,- նկատեց նա։


Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ևս այն կարծիքին է, որ Մոսկվան առաջիկա ընտրություններում այստեղ կունենա իր հետաքրքրությունները. «Ռուսաստանը պարտադիր իր հետաքրքրությունը կունենա և դա նորություն չէ։ Մոսկվան իր հետաքրքրությունը ոչ միայն նախկին իշխանությունների մեջ էր տեսնում՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այլ սերտ համագործակցում էր ԲՀԿ-ի հետ, դրա վառ օրինակը «Եդինայա Ռոսիայի» հետ քույր կուսակցություն լինելը կամ նրա թիվ մեկ գործընկեր հռչակվելն էր»։

Քաղաքագետը շարունակում է՝ Մոսկվան այստեղ ունի ռազմաքաղաքական և տնտեսական հետաքրքրություններ և այդ պատճառով չի կարող անտարբեր լինել այստեղ ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված. «Մոսկվան ցանկանում է իր հետաքրքրությունները պահել այստեղ, իսկ թավշյա հեղափոխությունը խառնեց Ռուսաստանի քարտերը։ Մոսկվան կարծում էր, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերջնական են, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ»։

Համբարյանի խոսքերով՝ հենց ՀՀԿ-ում կան այնպիսի պատգամավորներ, որոնք ավելի շատ Ռուսաստանի շահերն են սպասարկում, քան Հայաստանի. «Օրինակ՝ Արտաշես Գեղամյանը։ Ռուսաստանը սեփական սխալների վրա չսովորեց, այսինքն` Մոսկվայում շարունակում են հիմնականում պարտիական նոմենկլատուրայի կամ մերժվածների վրա խաղադրույք անել, իսկ այդ մարդիկ ավելի շատ վնաս են հասցնում Մոսկվային, քանի որ Մոսկվայի լոբբին են տանում, դրանով նրանք էլ ավելի խիստ հակաքարոզ են տանում»։


Ըստ մեր զրուցակցի՝ Մոսկվան կարող է խաղադրույք անել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի վրա, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, որոնք հսկայական ֆինանսական ռեսուրսներ ունեն. «Մոսկվան նաև չի վարանի իր ազդեցությունը պահպանել արդեն գործող կուսակցությունների վրա, ինչպես նշեցի՝ ՀՀԿ, ԲՀԿ , որտեղի առանձին գործիչներ նույնիսկ իրենց հարսանիքներին ՌԴ դեսպանին էին հրավիրում»։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու հնարավորությանը, ապա, ըստ Համբարյանի, դա Մոսկվային շատ ավելի մեծ վնաս կհասցնի. «Պաշտոնական Մոսկվայում շատ լավ հասկացել են, որ նա չունի հասարակական աջակցություն, և քաղաքականություն է մտնում ինդուլգենցիա ձեռք բերելու համար»։

Մոսկվայում, ըստ Համբարյանի, կա տեսակետ, որ Հայաստանում իշխանության են եկել պրոամերիկյան տեսակետ ունեցող ուժեր, որի նպատակն է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության տակից, ուստի ամեն կերպ փորձ կանի հակակշիռ ստեղծել. «Որքան էլ Փաշինյանը դա հերքի, Մոսկվայում սառն են դատում ու նշում, որ չի կարող պրոռուսական քաղաքականություն վարել Սորոսի ու ամերիկյան այլ ֆոնդերի աջակցությամբ Հայաստանում գործող կազմակերպությունների աշխատակիցներից կազմված կառավարությունը, որոնցից շատերը նույնիսկ մասնակցել են հակապուտինական հանրահավաքների»,- եզրափակեց նա։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->